Volvo-ն մարտ ամսին ռեկորդային թվով վաճառք է ունեցել
Նմանատիպ
Ստոկհոլմում Volvo-ի բաժնետոմսերը աճել են 6,29 տոկոսով կամ 41,43 շվեդական կրոնով։ Դա 2023թ․ նոյեմբերից մինչև հիմա արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։
Ինչպես փոխանցում է CNBC-ն՝ հղում անելով վիճակագրական տվյալներին, բաժնետոմսերի աճ սկսել է գրանցվել մարտ ամսին Volvo-ի՝ ռեկորդային թվով վաճառքից հետո։ Միայն մարտին շուրջ 78 970 ավտոմեքենա է վաճառվել, ինչը 25 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։
Volvo-ի էլեկտրամոբիլների վաճառքի կայուն աճ է գրանցվել ամբողջ Եվրոպայում։ Առաջին եռամսյակում Ընկերության արտադրած մեքենաներն Եվրոպայում 22 տոկոսով ավել վաճառք են ունեցել, քան նախորդ տարի։
Վաճառքի ծավալի աճին մեծապես նպաստել է ամբողջությամբ էլեկտրականությամբ աշխատող արտաճանապարհային՝ EX30 մոդելի արտադրությունը։
Ընկերությունը նախատեսում է առաջիկա ամիսներին կենտրոնանալ հենց այդ մեքենաների արտադրության վրա։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Volvo-ի կոմերցիոն տնօրեն Բորն Աննոուլը։
Այս տարվա առաջին եռամսյակում Volvo-ի արտադրության ընդհանուր ծավալն աճել է 12 տոկոսով․ հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում վաճառվել է 182 687 մեքենա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում