Արևմուտքը ցանկանում է ՀՀ-ն դարձնել իր վտանգավոր մտահղացումների իրականացման գործիք․ ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը ցանկանում է ՀՀ-ն դարձնել իր վտանգավոր մտահղացումների իրականացման գործիք․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել այսօր՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման կապակցությամբ։

ՌԴ ԱԳ նախարարությունը նշել է, որ այս հանդիպումը համարում է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելուն ուղղված հերթական փորձ՝ հավաքական Արևմուտքի կողմից։

«Արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու եւ ապակառուցողական միջամտությունը, տարածաշրջանի երկրների եւ նրանց հարեւանների միջեւ սեպ խրելու ձգտումը Հարավային Կովկասի գործերին կարող են ամենաբացասական հետեւանքներն ունենալ տարածաշրջանի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման համար, հրահրել նոր բաժանարար գծերի առաջացման, ինչպես նաեւ լարվածության անվերահսկելի աճի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը փորձում են հասնել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալուն, ինչպես նաև ռուսական ռազմակայանի և սահմանապահների դուրսբերմանը․ «Ակնհայտ է, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը դարձնել Հարավային Կովկասում իր խիստ վտանգավոր մտահղացումների իրականացման գործիք»։

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում ՀՀ ղեկավարությանը թույլ չտալ Արևմուտքին խաբել իրեն և երկիրը տանել սխալ ճանապարհով, որը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, տնտեսության մեջ լուրջ խնդիրներով և բնակչության արտահոսքով․

«Բրյուսելում հայտարարված դրամաշնորհային աջակցության ծավալները չեն համեմատվում բազմամիլիարդանոց օգուտների հետ, որոնք Հայաստանը շարունակում է ստանալ Մոսկվայի հետ ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունից։ Հենց այս գործոններն են վերջին տարիներին ապահովել ապրանքաշրջանառության բազմակի աճ, և, որպես հետևանք, տնտեսության ռեկորդային աճ և բնակչության բարեկեցության բարձրացում:

Վերահաստատում ենք Հայաստանի հետ հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու տրամադրվածությունը՝ երկկողմ հիմնարար փաստաթղթերում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների գծով պայմանավորվածություններում ամրագրված սկզբունքների հիման վրա։ Համոզված ենք, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների առաջանցիկ զարգացումը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների արմատական շահերի իրականացմանը, տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը:

Արևմուտքը չի հրաժարվում նաև հայ-ադրբեջանական կարգավորման հիմնարար հիմքը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 – 2022թթ.եռակողմ հայտարարությունների համալիրը քանդելու փորձերից, որը նախատեսում է տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի նախապատրաստման, հասարակական գործիչների և փորձագետների շփումների միջոցով վստահության ամրապնդման միջոցառումներ։ Հենց Վաշինգտոնի և Բրյուսելի ճնշման ներքո պաշտոնական Երևանը կասեցրեց այդ պայմանավորվածությունների իրականացումը, որոնցից շատերի, մասնավորապես՝ տրանսպորտային փոխադարձ շրջափակման վերացման հարցի շուրջ, կողմերը մոտ էին փոխընդունելի որոշումներին։ Մոսկվան նախկինի պես պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության ձեռքբերմանը։

Հարավային Կովկասում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ բնույթի խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքի համաձայն, որը համաձայնեցված է 2023թ.հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած «3+3» խորհրդատվական հարթակի երկրորդ նիստի ընթացքում, որի մասնակիցն էր նաև Հայաստանը։ Կոչ ենք անում արտաքին խաղացողներին հարգել այդ պայմանավորվածությունները, իսկ Երևանի իշխանություններին իրենց արտաքին քաղաքական գիծը կառուցելիս հաշվի առնել հարևան պետությունների մտահոգությունները»,-նշված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում