«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պառակտվում է․ Փաշինյանին այլևս չեն վստահում․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
ԱԺ-ում իշխող խմբակցության ներսում աճող դժգոհություններին զուգահեռ, անվստահության մթնոլորտ է ձևավորվում նաև Երևանի քաղաքապետարանում, որտեղ նույն իշխող ուժն այլևս չի թաքցնում, որ ավտոկայանատեղիների կտրուկ թանկացումը, բացի քաղաքացիների դժգոհությունը հարուցելուց, ոչ մի արդյունք չտվեց․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում Տավուշի շուրջ տեղի ունեցող զարգացումները եւ արտաքին քաղաքական վերջին շրջադարձերը լուրջ կրքեր են բորբոքել:
Բանն այն է, որ որքան էլ իշխանականներն իրենց հարցազրույցներում կամ լրագրողների հետ զրույցներում կրկնում են նույն թեզերը, ինչ Փաշինյանն է ասում, բայց իրականում նրա որոշումները ոչ միանշանակ են ընդունվում թիմում: ՔՊ-ականներից շատերը անորոշ վիճակում են, չգիտեն՝ ինչ դիրքորոշում հայտնեն այս կամ այն հարցի շուրջ, օրինակ՝ Տավուշի գյուղերի հանձման կամ էլ արտաքին քաղաքական կտրուկ փոփոխությունների մասով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է խորհրդարան՝ ՔՊ-ականների հետ հանդիպման:
Իշխանականները հույս ունեն, որ գոնե այս հանդիպումների ժամանակ սպառիչ պատասխաններ կստանան Փաշինյանից, որը, սովորաբար, իր որոշումները գաղտնի է կայացնում, ու ՔՊ-ում միայն հաշված մարդիկ են նախապես իմանում:
«Ժողովուրդ» օրեթերթի տեղեկություններով՝ այս անորոշությունը սրել է իրավիճակը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում: Իշխանական պատգամավորներից ամեն մեկը փորձում է իրեն լիդեր կարգել ու իր գաղափարի շուրջ համախմբել մյուսներին, այլ կերպ ասած՝ թիմի ներսում իրենց թիմն են ստեղծում, որպեսզի ամրապնդեն իրենց դիրքերը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Նախօրեին «Գելափի» հրապարակած հերթական հարցման արդյունքները ուշագրավ վերլուծությունների առիթ են տալիս: Բացի այն, որ, ըստ այդ հարցումների, Նիկոլ Փաշինյանի վստահության ցուցանիշը խայտառակ ցածր է (8 տոկոս), կան նաև այլ՝ ոչ պակաս հետաքրքիր թվեր: Ի մասնավորի, տրվել է հարց, թե «Հետևյալ երկրներից որո՞նք են բարեկամ մեր երկրի համար (ում աջակցության վրա կարելի է հույս դնել դժվար պահերին), և որոնք՝ ոչ բարեկամական (որոնց հետ հարաբերությունները կոնֆլիկտային են և սպառնում են մեր երկրին): Ըստ հարցման` բարեկամ երկրների մեջ առաջին տեղում Ֆրանսիան է՝ 78,1 տոկոսով, երկրորդը Հնդկաստանն է՝ 68,5 տոկոսով, երրորդը՝ Իրանը՝ 57,8 տոկոսով:
Հասկանալի է, որ ոչ բարեկամ երկիր «անվանակարգում» անվիճելի առաջատարը Թուրքիան ու Ադրբեջանն են՝ համապատասխանաբար 93,2 և 98,5 տոկոս: Հետաքրքիր է, որ Ռուսաստանին բարեկամ երկիր է համարել հարցվածների 29,7 տոկոսը, ոչ բարեկամ երկիր՝ 43 տոկոսը: Փորձագետների կարծիքով, այն, որ հակառուսական այս տոտալ արշավների ֆոնին Ռուսաստանին բարեկամ երկիր համարողների թիվը կարող էր նվազել, սպասելի էր, բայց նման ցածր ցուցանիշները բավական տարակուսելի են: Առավել ևս զարմանալի է, որ Ռուսաստանը հետ է ընկել, ասենք, Գերմանիայից, որը երբեք առանձնապես բարձր տեղերում չի եղել այդ ցուցանիշով և Հայաստանի հետ հարաբերությունները, մեղմ ասած, համեմատելի չեն, ասենք, Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի և նույն Ռուսաստանի հետ: Մի խոսքով, կա տեսակետ, որ այս ցուցանիշները իրականությունը չեն արտացոլում, և Արևմուտքն իր «Գելափի» միջոցով պարզապես հակառուսականության ալիքի վրա համապատասխան թվեր է նկարել:
Սակայն կա հարցի մյուս կողմը. եթե «Գելափի» հարցումները վստահություն չեն ներշնչում, ապա ինչո՞ւ է Պետդեպը հանկարծ որոշել Նիկոլ Փաշինյանի համար այդքան ցածր թիվ ցույց տալ (կրկնենք՝ 8 տոկոս): Այստեղ կարող է լինել մի քանի տարբերակ. նախ՝ չի բացառվում, որ իրական վարկանիշն ավելի ցածր է, և կարողացել են «ձգել» միայն մինչև 8 տոկոս: Երկրորդ՝ հնարավոր է՝ Արևմուտքին այլևս Փաշինյանը պետք չէ, և նրան «գահընկեց անելու» համար իրականությունն է պետք մատուցել: Սա քիչ հավանական է՝ հաշվի առնելով արևմտյան ֆինանսավորմամբ կառույցների ու անհատների՝ Փաշինյանին կրծքով պաշտպանելու ջանքերը, ինչպես նաև երեկվա «բոնուսային» խոստումները: Եվ երրորդ՝ ամենահավանական տարբերակը: Հնարավոր է՝ իրականությունն ի ցույց դնելով՝ Արևմուտքը ցանկանում է, այսպես ասած, ցույց տալ Նիկոլ Փաշինյանին, թե ով է իրականում այժմ իր իշխանության երաշխավորը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել եւ հարցաքննվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Անցած տարի՝ օգոստոսի 2-ին, գրել էինք, որ հերթական ծանուցագիրն են նախապատրաստում. այս անգամ այն ուղարկելու են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Վերջինս գնացել եւ հարցաքննվել է որպես վկա ու վերջ։
Արսեն Թորոսյանից հետո նախապատրաստվում էին լսել գործող նախարար Անահիտ Ավանեսյանին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Թորոսյանի հարցաքննությունից հետո նախաքննական մարմինը փակուղի էր մտել։
Ըստ էության, այդպես էլ եղավ։ Առաջիկայում Քովիդ 2019-ի քրեական վարույթի գործով նախաքննության ավարտ կհայտարարվի։
Հիշեցնենք, որ անցած տարի Հակակոռուպցիոն կոմիտեն ակտիվ կերպով հարցաքննության էր հրավիրում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցներին։
Իսկ ի՞նչ քրեական վարույթի մասին է խոսքը: Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:
Հիշյալ ծրագրի շրջանակում, ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. հրամանով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության՝ «CՕVID-19»-ի ախտորոշման եւ բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաեւ «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը: ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը հաճախ թիրախավորում է ուժայիններին՝ դատախազությանն ու քննչականին՝ մեղադրելով շոուներ կազմակերպելու համար:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Կարիք ունենք անուն առ անուն ճանաչելու հայրենիքի համար կյանքը զոհած մեր հայորդիներին: Սա պարտականություն է պետության ու սերունդների առջև, ինքներս մեր առջև: «ՀայաՔվեն» ստանձնել է կարևոր առաքելություն՝ հավաքագրել 2023 թ. սեպտեմբերի 19-ից 20-ը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով անմահացած մեր տղաների կենսագրական տվյալները: «Մեկ օր տևած ագրեսիայի ընթացքում, տարբեր տվյալներով, 180-ից 200 զոհ ենք ունեցել: Կարողացել ենք հավաքագրել և նույնականացնել 167 զոհի անուն իրենց բարեկամների միջոցով: Բոլոր զոհերի ընտանիքների անդամների հետ զրուցել ենք: Նրանք այժմ բնակվում են Հայաստանի տարբեր բնակավայրերում:
Մեզ տրամադրել են կենսագրականներ, լուսանկարներ: Առաջիկայում նախատեսում ենք գիրք-ալբոմ տպագրել: Միայն «ՀայաՔվեն» զբաղվեց այս կարևոր աշխատանքով: Որևէ այլ նախաձեռնություն, քաղաքական ուժ, նույնիսկ Արցախի իշխանությունները, ցավոք, դա չնախաձեռնեցին: Մեր բարոյական պարտքը և կարևոր առաքելություններից մեկը համարեցինք այդ տվյալները հնարավորինս արագ հավաքագրելը, նույնականացնելը և տարածելը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Սարգսյանը: Այս կարևոր առաքելության նպատակն է, որ հայրենիքի համար կյանքը զոհած մեր հայորդիներին անուն առ անուն ճանաչեն: «Վերջին մի քանի պատերազմների մեր զոհերն անանուն են մնացել: Ապրիլ յան պատերազմից հետո մեր հերոսների մեծադիր նկարները տեսնում էինք քաղաքի փողոցներում գրաֆիտիների տեսքով, իսկ հիմա հազարավոր զոհերի անուններ հայտնի չեն:
44-օրյա, 2023 թ.-ի սեպտեմբերի 13-ի պատերազմների զոհերի անվանացանկերը, ցավոք, որևէ տեղ հավաքված և հրատարակված չեն: Հարկ համարեցինք այս առաքելությունը սկսել Արցախի վերջին՝ մեկօրյա պատերազմի զոհերի տվյալների հավաքագրմամբ և նույնականացմամբ, որովհետև արցախցիները հիմա շատ ավելի խոցելի են, իրենց հայրենիքից ու կացարանից են զրկվել, և մի մասը կարող է Հայաստանից արտագաղթել, ուստի պետք է հասցնել հավաքագրել ու նույնականացնել նրանց տվյալները: Չենք բացառում, որ առաջիկայում կձեռնարկենք նաև մյուս պատերազմների զոհերի տվյալների հավաքագրումը և նույնականացումը: Տեղեկագրքերի կազմումը ռեսուրսատար, երբեմն շատ դժվար փաստահավաք աշխատանք է, բայց դա մեր առաքելություններից մեկն է»,-եզրափակում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բրյուսելյան հանդիպման արդյունքներից ՔՊ-ականները երեկ շոկի մեջ էին։ Նրանք միլիարդավոր դոլարների սպասելիքներ ունեին, բայց ընդամենը 350 մլն եվրոյի աջակցություն խոստացան, այն էլ՝ առաջիկա 4 տարում՝ գրանտների տեսքով։ ՔՊ-ականները «մանթրաժ» էին, որ Արեւմուտքը չգնահատեց իրենց նվիրումը եւ այն, որ տեւական ամիսներ իրենք 24/7 ռեժիմով քննադատում են Ռուսաստանին եւ Հայաստանի բոլոր մեղքերը բարդում ռազմավարական դաշնակցի վրա՝ 44-օրյա պատերազմից սկսած, վերջացրած Արցախի կորստով, եւ պատրաստ են, անտեսելով բոլոր վտանգները, դուրս գալ ՀԱՊԿ-ից ու նետվել Եվրոպայի գիրկը:
ՔՊ-ական աղբյուրը մեզ պատմեց, որ իշխանական շրջանակներում միմյանց երեկ մխիթարում էին, թե գուցե Փաշինյանը ստվերային պայմանավորվածություններ է ձեռք բերել, ինչի մասին հրապարակային չեն ասում, դիցուք՝ մատակարարումներ բանակին: Եվ իրենք հույսը սրտներում սպասում են Փաշինյանին, որ հետ գա, հանդիպի իրենց եւ մանրամասներ պատմի` փարատելով իրենց հիասթափությունը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ գրասենյակում նախօրեին հավաք է տեղի ունեցել, առանց Նիկոլ Փաշինյանի։ Նիստը վարել են նրա արժանի տեղապահներ Վահագն Ալեքսանյանն ու Գեւորգ Պապոյանը։ Օրակարգում Երեւանի իշխանությունների գործունեությունն է եղել, բայց քաղաքապետը չի մասնակցել, հաշվետվություններ են ներկայացրել փոխքաղաքապետեր Սուրեն Գրիգորյանն ու Լեւոն Հովհաննիսյանը։ Քաղաքային իշխանության ներկայացուցիչները խոստովանել են, որ, այսպես կոչված, կարմիր գծերի կայանատեղիների վճարները շեշտակիորեն բարձրացնելու փաստը ակնկալվող արդյունքին չի հանգեցրել, եւ մայրաքաղաքի կենտրոնը չի բեռնաթափվել ավտոմեքենաներից ու խցանումներից:
Հիշեցնենք, որ տարեվերջին, ավագանու ՔՊ խմբակցության որոշմամբ, կարմիր գծերի տարեկան վարձավճարը սահմանվեց 160 հազար դրամ՝ նախկին 12 հազարի փոխարեն։ Թեեւ թանկացումն ակնկալվող արդյունքը չի տվել, եւ այլեւս պարզ է, որ իշխանություններն առանց հաշվարկների ուղղակի քաղաքացուն դարձրել են տուգանքի մատերիալ, սակայն ՔՊ-ում որոշել են «չհանձնվել» եւ նոր փորձարկումներ են անելու: Ասել են, որ առաջիկա ամիսներին նոր որոշումներ կընդունեն` գուցե որոշ փողոցներում այլեւս արգելեն երթեւեկը, որոշ փողոցներ դարձնեն միակողմանի, որոշները՝ երկկողմանի, մի խոսքով՝ իմպրովիզացիաների ու փորձարկումների նոր դաշտ են գտել։ Հասարակական տրանսպորտի ուղեվարձերի թանկացման թեման եւս արծարծվել է, սակայն ավագանու իշխանական անդամները վստահաբար պնդել են, որ որոշումը չի փոխվելու` սեպտեմբերից այն ուժի մեջ է մտնելու: Ինչ վերաբերում է խրամատ հիշեցնող փոսերին, փոխքաղաքապետերը վստահեցրել են, որ մոտ ժամանակներում խնդիրը կվերանա` տենդերներն արդեն շահել են, հանձնարարվել է փոսերի նորոգման աշխատանքներն իրականացնել հնարավոր սեղմ ժամկետներում։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում