Թուրքիա-Ռուսաստան «առևտրային բումը» զգալիորեն դանդաղել է․ Bloomberg

Թուրքիա-Ռուսաստան «առևտրային բումը» զգալիորեն դանդաղել է․  Bloomberg

2024թ․ ընթացքում Թուրքիա-Ռուսաստան ապրանքաշրջանառության ծավալը կնվազի  1 մլրդ դոլարով՝ պայմանավորված ՌԴ հանդեպ ԱՄՆ և ԵՄ «արագ ընդլայնվող» պատժամիջոցներով, ինչպես նաև այն ապրանքների արտահանման պայմանների խստացմամբ, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։ Թուրքիայի մեքենաշինության միության նախագահ Կուտլու Կարավելիօղլուի կանխատեսումը փոխանցում է Bloomberg-ը՝ հիշեցնելով, որ անցած՝ 2023թ․ ընթացքում Թուրքիայից ՌԴ մեքենաշինական արտադրանքի զգալի աճ էր գրանցել։

Միության նախագահի խոսքով՝ ամենաշատը կրճատվել են հաստոցների, պոմպերի ու շարժիչների մատակարարումները։

Լրատվամիջոցը գրում է, որ Թուրքիայից Ռուսաստան արտահանման ծավալի նվազումը  տեղի է ունեցել Անկարայի՝ բանկային գործարքների վրա վերահսկողությունը մեծացնելու փորձի համատեքստում։

2023թ․ վերջին ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել հրամանագիրը, որը թույլ է տալիս միջոցներ ձեռնարկել արտասահմանյան այն բանկերի նկատմամբ, որոնք օգնում են  պատժամիջոցների տակ գտնվող մարդկանց իրականացնել գործարքներ կամ էլ նպաստում են՝ որոշակի սարքավորումներ ու ապրանքներ մատակարարել ռուսական ռազմաարդյունաբերական համալիրին։

Համաձայն թուրքական առևտրի նախարարության՝ Թուրքիայից Ռուսաստան արտահանումը 2023թ․ փետրվարից մինչև 2024թ․ փետրվարը կրճատվել է 33 տոկոսով՝ 1,1 մլրդ դոլարից հասնելով 670 մլն դոլարի, իսկ ներմուծումը ՌԴ-ից Թուրքիա՝ 36,65 տոկոսով կամ ՝ 2 մլրդ-ից հասնելով 1,3 մլրդ-ի։

Թուրքիան ավելի վաղ խոստացել էր թույլ չտալ շրջանցել ՌԴ դեմ արևմտյան պատժամիջոցները։ Հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո արդեն Թուրքիայի հետ առևտրային կապեր ունեցող ռուսաստանյան ընկերությունների հաշիվները որոշ բանկեր սկսել են փակել, իսկ ֆիզիկական անձանց նկատմամբ պահանջները՝ խստացնել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում