Հայաստանը Մեծ Բրիտանիայում ռազմական կցորդ կունենա

Հայաստանը Մեծ Բրիտանիայում ռազմական կցորդ կունենա

Հայաստանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում կունենա ռազմական կցորդ։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության ապրիլի 12-ի նիստի օրակարգում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ակնհայտորեն պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությունը շարունակում է տարեցտարի ընդլայնվել՝ ավելացնելով անգլերենի ուսուցում անցնող ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի աշխատակիցների թիվը, Միացյալ Թագավորության ավագ և կրտսեր հրամանատարական կազմի ղեկավարության և առաջնորդության դասընթացները, ինչպես նաև բազմազգ խաղաղապահ և ականազերծման փաթեթները, յուրաքանչյուր տարի փոխադարձությամբ տեղի ունեցող պաշտպանական, ռազմավարական  և ռազմաքաղաքական խորհրդակցությունները:

«Երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում առկա  համագործակցության մեծ ներուժը և բրիտանական՝ փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ է պայմանավորված Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ ունենալու անհրաժեշտությունը»,- ասված է հիմնավորման մեջ։

Ռազմական կցորդն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2025 թվականի հունվարի 1-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում