Հնդկաստանի ՊՆ-ին պատկանող ընկերությունը խզել է թուրքական ընկերությունների հետ կնքած պայմանագրերը

Հնդկաստանի ՊՆ-ին պատկանող ընկերությունը խզել է թուրքական ընկերությունների հետ կնքած պայմանագրերը

Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող Hindustan Shipyard Limited ընկերությունը  խզել է Հնդկաստանի ռազմածովային ուժերի համար նախատեսված օժանդակ նավերի նախագծման վերաբերյալ՝ ավելի վաղ թուրքական ընկերության հետ կնքած պայմանագրերը։ Այդ մասին հայտնում է  India Today լրատվամիջոցը։

«Հայրենական նավաշինության ներուժի ամրապնդմանն ու արտասահմանյան կազմակերպություններից կախվածության նվազեցմանն ուղղված ռազմավարական քայլի շրջանակում պաշտպանության նախարարությանը պատկանող Hindustan Shipyard Limited (HSL) ընկերությունը խզել է թուրքական ֆիրմաների հետ կնքված բոլոր պայմանագրերը։ Դրանք վերաբերում էին հինգ նավերի նախագծմանն ու մշակմանը, որոնք պետք է լրացնեին Հնդկաստանի ռազմածովային ուժերը»,-նշում է աղբյուրը։

Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ սկզբնապես թուրքական ընկերությանը ներգրավել էին նախագծման փուլում՝ խորհդատվության համար, բայց նախքան ծրագիրը հավանության կարժանանար, պայմանագիրը լուծվել է։

Թուրքական ընկերությանը նախագծից հեռացնելու որոշումը, ըստ աղբյուրի, ընդունվել է Թուրքիայի ունեցած հակահնդկական դիրքորոշման պատճառով՝ հատկապես Քաշմիրի առնչությամբ ունեցած վերաբերմունքով։

Ներկայումս Ընկերությունն ինքնուրույն է շարունակում նախագիծը՝ Կոչիից որոշակի խորհրդատվություն ստանալով։

Թուրքական ընկերության հետ 2023թ․ օգոստոսին կնքված պայմանագիրը ենթադրում էր հինգ նավերի մատակարարում, որոնք պետք է համալրեին Հնդկաստանի ռազմածովային ուժերը 2027թ․ կեսերից։

Ավելի քան 40000 տոննա ջրատարողությունը այդ նավերը որոշիչ դեր կխաղան հնդկական ռազմածովային ուժերի ամրապնդման գործում։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում