ՔՊ-ականներն անհանգստացած են Նիկոլ Փաշինյանի լռությունից ու խուսափողական պահվածքից․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Մինչ Փաշինյանը մտածում է Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելու կամ այն բոյկոտելու մասին, Արևմուտքը Հայաստանում արձանագրում է ժողովրդավարության անկում․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Նախօրեին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե դեռ որոշում չկա մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթաժողովին, ինչպես նաև ՌԴ նախագահի՝ մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության արարողությանը մասնակցելու առումով:
Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որոշումը, նա պատասխանել է. «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ հանգամանքներից»: Մեր ունեցած տեղեկություններով, գլխավոր «հանգամանքն» Արևմուտքի ճնշումն է, որտեղից Փաշինյանին պարտադրում են ամեն գնով խզել կապերը Ռուսաստանի հետ: Հիմա Նիկոլ Փաշինյանը շատ լրջագույն որոշում կայացնելու շեմին է. գնալ Պուտինի երդմնակալությանը կամ առանձին մասնակցել միայն ԵԱՏՄ նիստին, նշանակում է՝ դեմ գնալ Արևմուտքին, իսկ ընդհանրապես Մոսկվա չգնալը բացարձակ թշնամական դեմարշ կարող է ընկալվել:
Սակայն արդեն իսկ խոսակցություններ կան, որ նա կարող է ցուցադրաբար չմեկնել Մոսկվա՝ սառը հաշվարկով, որ դա իսկապես կարող է վերջնականապես զայրացնել Ռուսաստանի իշխանություններին, որպեսզի նրանք որոշակի քայլեր անեն, այդ թվում՝ գազը թանկացնեն, այլ «սանկցիաներ» կիրառեն: Ուկրաինական և վրացական օրինակները աչքի առաջ ունենալով` դժվար չէ հաշվարկել, որ դա ավելի կխորացնի հակառուսական տրամադրությունները Հայաստանում։ Սա, անշուշտ, անգնահատելի նվեր կլինի Արևմուտքին, սակայն, նույն ուկրաինական ու վրացական սցենարները վերհիշելով, դժվար չէ հաշվարկել, թե նման արկածախնդրությունը ինչպիսի աղետ կդառնա Հայաստանի համար։
Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, Մոսկվայում ևս հիանալի հասկանում են Հայաստանի իշխանությունների, մասնավորաբար, Նիկոլ Փաշինյանի «խաղերը», ինչպես նաև այն հանգամանքը, որ տվյալ պարագայում ոչ թե վերջինիս, այլ բարեկամ Հայաստանի, հայոց պետականության ու հայ ժողովրդի հարցն է, որը փաստացի գերի է ընկել օրվա իշխանությունների ու նրանց աշխարհաքաղաքական արկածախնդրության ձեռքը: Ի դեպ, հիմա էլ ոչ քիչ թվով փորձագետներ նշում են այս հանգամանքը՝ հավելելով, որ ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ հայ և ռուս ժողովուրդների միջև թշնամանքի նշույլ անգամ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Freedom house-ը զեկույց է հրապարակել, որում կետ առ կետ նշված է, թե ինչպես է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երեւանի ՏԻՄ, եւ համայանքային ՏԻՄ ընտրություններին ձեւացրել, թե պահպանում է թափանցիկությունը, մինչդեռ արձանագրել են վարչական ռեսուրսի ամենամեծ չարաշահումը նախընտրական քարոզարշավներում։
«Ընտրական առումով Հայաստանում 2023 թվականին ամենաուշագրավը Երեւանի ավագանու ընտրություններն էին: Երեւանը, քանի որ, Հայաստանի բնակչության ավելի քան մեկ երրորդն է, քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքները ակնկալվում էին որպես կարեւոր միջանկյալ ցուցանիշ իշխող կուսակցության համար՝ 2026 թվականին կայանալիք հաջորդ համապետական օրենսդրական ընտրություններից առաջ:
Ընտրությունների ընդհանուր կազմակերպումն իրականացվել է պրոֆեսիոնալ եւ կանոնավոր կերպով, ինչպես հաղորդում են միջազգային դիտորդները: Այն հիմնականում իրականացվել է ազատ եւ թափանցիկ եղանակով, մինչդեռ մրցույթի մասնակիցները լայնորեն ընդունել են արդյունքները:
Այնուամենայնիվ, ընտրությունները նաեւ տեսել են վարչական ռեսուրսի ամենամեծ չարաշահումը հօգուտ իշխող կուսակցության 2018 թվականի թավշյա հեղափոխությունից ի վեր, ինչպես նաեւ հանրային հետաքրքրության բացակայությունը եւ դրա արդյունքում ցածր մասնակցությունը ընտրություններին, լրատվամիջոցների մանիպուլյացիաները եւ բեւեռացումը, որոնք բոլորն էլ մտահոգություն են առաջացնում:
Քարոզարշավի ընթացքում տեղական դիտորդները եւ անկախ լրատվամիջոցները նկատեցին վարչական ռեսուրսների համատարած չարաշահում իշխող կուսակցության օգտին: Օրինակ՝ թաղապետերի եւ նրանց տեղակալների ներգրավվածությունը քարոզարշավին՝ կասկածելի իրավական հիմքերով, քարոզարշավի ընթացքում հանրային ֆինանսավորմամբ քաղաքային բարեկարգման զգալի ծրագրեր, որոնք դիտվում էին որպես ընտրողների վրա ազդելու փորձեր. քաղաքային եւ ազգային, վարչական եւ կրթական հաստատությունների անձնակազմի կազմակերպված մասնակցություն «Քաղաքացիական պայմանագրի» կողմից կազմակերպված հանրահավաքներին, եւ համայնքային ծախսերի աննախադեպ աճ՝ իշխող կուսակցության թեկնածուների մասնակցությամբ տարբեր զանգվածային տոնական միջոցառումների համար:
«Քաղաքացիական պայմանագրի» կողմից ադմինիստրատիվ ռեսուրսների չարաշահումը քարոզարշավի ընթացքում, եւ իշխող կուսակցության թեկնածուների քաղաքական դերերն ու քաղաքային վարչական պարտականությունները խառնելը տեղական եւ միջազգային դիտորդների կողմից մեկնաբանվել է որպես պետության եւ կուսակցության միջեւ սահմանը լղոզող:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով, ապրիլի 16-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի՝ ՔՊ անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղապահ, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանի հեղինակած նախագծի համար։ Նա առաջարկում է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել՝ օգոստոսի 3-ը նշելով որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Չնայած օրենքով դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման օր, սակայն հեղինակն առաջարկում է եզդիների համար առանձին օր սահմանել, քանի որ․
«Հայ ժողովրդի հետ դարեր շարունակ ապրող եզդի ազգի նկատմամբ 2014թ. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից կատարված ցեղասպանության դրսեւորումը որպես առանձին հիշատակի օր նշելը եւ այն առանձնացնելը՝ հայ ժողովրդի հետ համատեղ համընդհանուր թշնամու դեմ պայքար մղած ՀՀ ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եզդիների նկատմամբ համերաշխության լրացուցիչ դրսեւորում է, որը կունենա կանխարգելիչ եւ դատապարտող նշանակություն»:
Այսինքն, որոշել են եզդիների ցեղասպանության օր նշել, այն պարագայում, երբ այս իշխանությունն անթաքույց բացասական վերաբերմունք ունի Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների նկատմամբ։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Մինչ իշխանությունները շարունակում են գլուխ գովել, թե իբր «աննախադեպ ժողովրդավարություն» են բերել, նույնիսկ միջազգային կառույցնեն են հակառակի մասին պնդում: Ի մասնավորի, հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նշվում է, որ ժողովրդավարական կառավարման վարկանիշում Հայաստանը անկում է գրանցել՝ 2,50-ից հասնելով 2,25-ի:
Արդյունքում Հայաստանի ժողովրդավարության միավորը 3,11-ից իջել է 3,07-ի: Զեկույցում նշվում են մի շարք պատճառներ, ի մասնավորի՝ կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու բազմամյա միտումը, իշխող կուսակցության ֆինանսների թափանցիկության բացակայությունը, ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի լայնածավալ չարաշահման դեպքերը հօգուտ իշխող կուսակցության, նախնական կալանքը որպես պատժամիջոց կիրառելու շարունակական պրակտիկան, պետական գնումների մրցույթներում իշխող ուժի հետ փոխկապակցված ընկերությունների հաղթանակի պրակտիկան, կառավարության ու իշխող կուսակցության պատգամավորների կողմից տեղեկատվության ու խոսքի ազատության վերաբերյալ մի շարք հետադիմական օրենսդրական նախաձեռնությունները, ԲԴԽ-ի, մեղմ ասած, վիճահարույց որոշումները (կարգապահական միջոցներ են ձեռնարկվում այն դատավորների նկատմամբ, որոնք վիճարկում են Բարձրագույն դատական խորհրդի անկախությունը, կամ փոխկապակցված են նախկին ռեժիմի հետ, մինչդեռ կասկածելի անցյալ ունեցող, բայց իշխանության հետ համերաշխ դատավորներն առաջխաղացում են ստանում) և այլն:
Ուշագրավ է, որ նման եզրակացություն է տվել արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունը: Կան տեսակետներ, որ վիճակն այնքան վատ է, որ նույնիսկ Արևմուտքն այլևս չի կարողանում աչքերը փակել իր հովանավորյալ ռեժիմի կողմից արվող խայտառակությունների առջև: Սակայն, մյուս կողմից, չի բացառվում, որ նույն Արևմուտքը ևս սկսել է «ձեռքերը լվանալ» Նիկոլ Փաշինյանից: Ի դեպ, կան մեզանից ոչ հեռու գտնվող երկրների օրինակներ, երբ գործող ղեկավարի հեռացումից ընդամենը 1-2 ամիս առաջ նույնատիպ եզրակացություն է տվել Freedom House-ը…
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բրյուսելյան հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի «լռությունը» եւ խուսափողական պահվածքն անհանգստություն են առաջացրել ՔՊ-ում։ «Պատմական» հանդիպումից 1 շաբաթ է անցել, սակայն Փաշինյանը դեռ չի հանդիպել նրանց հետ, չի ներկայացրել հանդիպման ոչ հրապարակային դրվագները, չի տվել գնահատականներ, ինչպես արել է սովորաբար Հայաստանից դուրս հանդիպումներից հետո։ Հատկապես որ վերջերս նա առավոտից ուշ երեկո ԱԺ-ում էր՝ մասնակցում էր կառավարության 5-ամյա ծրագրի անցած տարվա գործունեության քննարկմանը:
ՔՊ-ականներն անհամբեր սպասել են, որ վարչապետը թեկուզ նիստերի մեծ ընդմիջումների ժամանակ կլուսավորի իր «ուսապարկերին», ավելին` չորեքշաբթի կեսօրից հետո արդեն հայտնի էր, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին, ընդդիմադիր պատգամավորները հարցազրույցներ էին տվել, որ գնալու են դատարան՝ Արմեն Աշոտյանին տված իրենց երաշխավորությունը ներկայացնելու, եւ Փաշինյանը կարող էր հրահանգել թիմին` արագ ավարտել հարցուպատասխանն ու փակ նիստ հրավիրել, սակայն դա էլ չի արել՝ խորացնելով իշխանական թիմի կասկածները։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Անցնող շաբաթվա ԱԺ աշխատանքներից հետո ՔՊ որոշ շրջանակներ քննարկում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հախուռն պահվածքը։ Միրզոյանն ընդդիմադիր պատգամավորների քննադատական սուր ելույթների ժամանակ ազատություն է տվել էմոցիաներին՝ իր պարտքը համարելով ժեստերով, ձեռքի շարժումներով արձագանքել ելույթներին:
Ասենք, մե՛կ ձեռքի բութ մատն է ներքեւ իջեցրել, երբ որեւէ պատգամավորի ելույթ չի հավանել, մե՛կ ձեռքերով գլուխն է բռնել, հոնքերը կիտել: Կարճ ասած՝ սինխրոն արձագանքել է գրեթե բոլոր ելույթներին, դահլիճում անգամ լսելի են եղել արտգործնախարարի որոշ ռեպլիկներ՝ ուղղված ընդդիմադիրներին։ ՔՊ-ում ապշած են երբեմնի հավասարակշիռ, զուսպ թիմակցի նյարդային ծիկերից։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում