Վանի արքաներն առաջինն էին, որ միավորեցին ամբողջ Հայկական լեռնաշխարհը՝ ստեղծելով մեկ միասնական պետություն. «Մեր պատմությունը» նախագիծ․ տեսանյութ
Նմանատիպ
Վանի թագավորության կամ Ուրարտուի արքա Արգիշտի Առաջինը հայոց պատմության մեջ բացառիկ և առանցքային դերակատարություն ունի ոչ միայն նրա համար, որ մայրաքաղաք Երևանի հիմնադիրն է, այլ որ շարունակելով իր հոր՝ Մենուա արքայի քաղաքականությունը՝ կարողացավ միավորել ամբողջ Հայկական լեռնաշխարհը և Ուրարտուն վերածեց իր ժամանակի գերտերության, որի սահմանները հասնում էին ընդհուպ մինչև Պարսից ծոց: Հին Արևելքի ահարկու արքան՝ Արգիշտի Առաջինը, նվաճելով Արարատյան դաշտը և հիմնելով Էրեբունի ամրոցն ու շարունակելով արշավանքները դեպի հյուսիս և հարավ, դրեց Հայկական բարձրավանդակի քաղաքական, մշակութային և ազգային միասնության հիմքերը:
Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, որ մինչև Արգիշտի Առաջինը Հայկական լեռնաշխարհը միավորելու հարցում մրցակցում էին Վանի արքաները, ներկայիս Արարտյան դաշտավայրի, Սևանի ավազանի և Սյունիքի տարածքները միավորող Էթիունի վաղպետական միավորման տիրակալներն ու Տայքի արքաները: Այց մրցակցությունում հաղթանակած դուրս եկավ Վանի թագավորները, որոնց գործողությունների շնորհիվ հարյուրամյակներով ուրվագծվեցին այն սահմանները, որոնք թե քաղաքական և թե մշակութային առումով պետք է ներառեին հայկական պետականությունը:
Ըստ պատմաբան, լրագրող Անի Հակոբյանի՝ Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրությունն է համարվում մայրաքաղաք Երևանի ծննդյան վկայականը, ինչը Երևանի դարձնում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը: Ուշագրավ է, որ չեչենական պատմագրությունը ժամանակ առ ժամանակ առաջ է քաշում Ուրարտուի և չեչենների կապի մասին տեսությունը: Պարբերաբար փորձեր են արվում վիճարկել Ուրարտուն՝ որպես հայկական պատմական ժառանգության մաս լինելու համաշխարհային գիտության մեջ վաղուց հաստատված փաստը:
Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը նշում է, որ Ուրարտուն այնպիսի կայսրություն է եղել, որ շատերն են ցանկանում նրա ժառանգը լինել, ուստի հայերը պետք է կարողանան ամուր կանգնել գիտության հենքի վրա և տեր լինել իրենց ժառանգությանը: Հայկական ուրարտագիտության դպրոցն աշխարհում լավագույնների շարքին է դասվում, բայց և զարգացման ահռելի հնարավորություններ կան:
Արգիշտի Առաջին արքային և Ուրարտական տերությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Հետևեք մեզ նաև Telegram-ում