Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների համար․ Տոկաև
Նմանատիպ
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում։ Այս մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով ՀՀ կառավարության՝ տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա»,- նշել է Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ պետությունների համանման դիրքորոշումը ինքնիշխանության ու անկախության վերաբերյալ, ինչպես նաև երկուստեք հետաքրքրությունը տարածաշրջանային ենթակառուցվածքների ու տրանսպորտային կապուղիների դիվերսիֆիկացման հարցում պարարտ հող են ստեղծում վերոնշյալ ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացման համար։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր հերթին անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը խաղաղության համաձայնագիր ստորագրելուն ուղղված:
«Ղազախստանը պատրաստ է բարի ծառայությունների առաքելություն ստանձնել և իր հարթակը տրամադրել բանակցությունների համար»,-նշել է նա:
Անդրադառնալով Հայաստան-Ղազախստան հարաբերություններին, Տոկաևը շեշտել է, որ Հայաստանը Ղազախստանի համար շատ կարևոր ու վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում։
«Մեր նպատակներն ու շահերը տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության ամրացման տեսանկյունից համընկնում են»,- ասել է նա։
Ղազախստանի նախագահի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններն ապացուցում են, որ շահագրգռված են բարձր մակարդակի վրա պահել հայ-ղազախական հարաբերությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում