Հայաստանում արտադրված մի քանի զինատեսակներ ներքին փորձարկումներ են անցել․ դրանք առաջիկայում կկիրառվեն ՀՀ զինված ուժերում
Նմանատիպ
Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը հանդիպել է ռազմարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող բոլոր ընկերությունների հետ, քննարկել առկա խնդիրները։ Իրականացվել են մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ, որոնք մոտ ապագայում կկիրառվեն Հայաստանի զինված ուժերում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Նախարարը նշել է, որ պաշտոնավարման հենց առաջին օրվանից ռազմարդյունաբերության ոլորտը եղել է իր ուշադրության կենտրոնում: «Այս ուղղությունը բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ մեկտեղ, մեծ ուշադրության է արժանացել իմ կողմից, որովհետև այդ ուղղությունները և՛ նախարարության, և՛ կառավարության համար առաջնահերթություն են»,-նշեց նա:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ մի քանի զինատեսակի և կառավարման մի քանի համակարգի գծով իրականացվել են ներքին փորձարկումներ, որոնք մոտ ապագայում Հայաստանի ԶՈւ-ում կիրառվելու հնարավորություն կունենան: Նա հավելեց, որ ռազմարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող բոլոր ընկերությունների հետ հանդիպել են, վեր են հանել բոլոր խնդիրները, ակնկալում են, որ մի շարք խնդիրներ առաջիկայում կկարգավորվեն։
«Ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում՝ ռեեստրում, գրանցվել են ռազմարդյունաբերական համալիրի գործունեությամբ զբաղվող մի քանի նոր ընկերություններ։ Մշակվել է ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտների արտադրական հզորությունների զարգացման հիմնադրամի հայեցակարգը, որը հնարավորություն է տալու մեծ արդյունավետությամբ զարգացնել ռազմարդյունաբերության ոլորտը, դարձնել տնտեսության զգալի մաս՝ գրավիչ ներդրողների և արտադրողների համար: Նախարարության նախաձեռնած օրենսդրական հիմնական փոփոխություններից է ռազմարդյունաբերության կոմիտեի գործառույթների շրջանակների ընդլայնումը, որով հնարավոր կդառնա իրականացել փորձանմուշների ստեղծման ֆինանսավորման, բաղադրիչների և դրա մասերի ձեռքբերման, պահուստավորման և արտադրության, ինչպես նաև արտահանման խթանման նպատակով ներքին պահանջարկ ունեցող արտադրատեսակների տեխնիկական բնութագրի համապատասխանության հավաստման գործառույթներ»,- ներկայացրեց նախարարը:
Հայրապետյանի խոսքով՝ նախաձեռնվել է նախարարության և ռազմարդյունաբերական կոմիտեի նոր կառուցվածքի նախագիծը, որը հնարավորություն է տալու կոմիտեի գործառույթներն իրականացնել էլ ավելի արդյունավետ և ռազմարդյունաբերության համալիրի զարգացման տեսլականին, օրենսդրությանն ու կանոնադրությանը համահունչ դարձնել։
Նախարարը նշեց նաև, որ ռազմարդյունաբերության ոլորտում 25 կազմակերպություն պատվեր ունի պաշտպանության նախարարությունից։ Ակնկալվում է, որ տարվա արդյունքում այս թիվը կավելանա՝ հասնելով 29-ի։
«Այս պահին գործող 46 եռամյա պայմանագիր ունենք, և պաշտպանության նախարարությունն այս պահին արդեն 122 միլիարդ դրամի պատվեր է տվել հայաստանյան ընկերություններին։ Տարվա կտրվածքով ակնկալում ենք, որ պատվերների ընդհանուր գումարը կկազմի 191 միլիարդ դրամ»,- նշեց Հայրապետյանը։
Նախարարը ներկայացրեց՝ կոմիտեի հիմնական առաքելությունն է ստեղծել այնպիսի միջավայր, որ այն գրավիչ լինի ոլորտային խաղացողների համար՝ թե՛ գիտահետազոտական, թե՛ բիզնես տեսանկյունից։
Նրա խոսքով՝ ռազմարդյունաբերական կոմիտեն մշտապես փնտրում է նոր հնարավորություններ Հայաստանի Հանրապետություն նոր տեխնոլոգիական կարողություններ և գիտելիքներ ներմուծելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում