Երկու տարի Քարվաճառով. չկորցնելով հրաշքը
Նմանատիպ
Վերնագիրն ուզում էի գրել` «Երկու տարի Քարվաճառում», բայց սխալմամբ հավաքեցի «Քարվաճառով»: Ու թերեւս սխալմամբ ավելի ճիշտ ստացվեց. արդեն երկու տարի է` ապրում եմ ոչ միայն Քարվաճառում, այլեւ Քարվաճառով: Երկու տարի` ապրում եմ մի մեծ երազանքի հետեւից գնալով, որն այս երկու տարվա մեջ շատ է ձեւափոխվել, կտրտվել, կոտրտվել, սեղմվել ու ընդարձակվել, երբեմն` թվացել է, թե անհետացել է:
Երեկ Հրանտն իր հոդվածում գրել էր, որ մենք սխալ ենք անում, որ Քարվաճառում անասնապահությամբ չենք զբաղվում, հող չենք մշակում, ու որ մեր տունը կիսակառույց է` չնայած որ կարող էր շատ ավելի լավը լինել… Խելացի ու լավ ընկերոջ ուշադիր աչքի այս նկատածը չէր կարող մտորելու առիթ չտար. իսկ եթե իրոք սխալ ենք ապրում, իսկ եթե իրոք մի տեսակ իներցիայով ենք ապրում մեր կյանքն ու առանձնապես մի մեծ բան էլ չի մեր արածը… ու երկու տարին Քարվաճառում ամփոփելիս թերեւս սրանք այն ամենակարեւոր հարցերն են, որ պետք է տամ ինքս ինձ:
Միգուցե մենք Քարվաճառին հարիր կենսակերպով չենք ապրում այստեղ, բայց մի ուրիշ խնդիր կա. մենք չենք կարող այստեղ չապրել. թեկուզ սխալ, թեկուզ դժվարություններով, թեկուզ հաճախ` անարդյունավետ, բայց Քարվաճառում ու Քարվաճառով:
Քարվաճառում ապրելու համար մի անվերապահ պայման կա. Քարվաճառում պետք է հրաշք տեսնել. այլապես այստեղ ապրելը ոչ թե դժվար կլինի, այլ ուղղակի անիմաստ: Ես հայ զինվորի արյունով ազատագրած Քարվաճառ տեղափոխվել եմ հրաշքի հետեւից ու երկու տարի այստեղ ապրելով` ես մի գերխնդիր ունեմ` Քարվաճառին չնայել սովորական աչքերով, Քարվաճառը չտեսնել որպես ավերակների կույտ, չընկալել որպես չլուծված խնդիրների պահեստ… Հենց որ եկավ այդ օրը, ես ակամա կհավաքեմ իրերս ու կհեռանամ:
Իսկ այսօր Քարվաճառի լեռներն ինձ համար այն կանաչ լեռներն են, որոնց գալուստին դեռ Հովհաննես Թումանյանն էր սպասում իր «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ:
Կյանքիս երրորդ տարին Քարվաճառում սկսված է. նոր նպատակներ ձեւակերպելու օր է այսօր:
Թամարա Գրիգորյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում