Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․ առավոտյան մամուլը Times.am-ում

Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․ առավոտյան մամուլը Times.am-ում

Այլևս փաստ է, որ իրենց ռեպրեսիվ գործողություններում իշխանությունները բացի մարդկանց կալանավորելուց ու քրեական շինծու գործեր հարուցելուց, դիմում են նաև ծեծի ու խոշտանգումների․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 12-ին տեղի ունեցած «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել իրավապահների կողմից։ Չի բացառվում, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնյաների կալանավորի, քանի որ վթարը 4 զինվորի կյանք է խլել, որոնցից որեւէ մեկը սաղավարտ չի կրել:

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024 թ. ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետեւանքով 4 զինծառայողների մահվան եւ մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ողբերգական ելքով դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական եւ վարութային գործողություններ։

Մասնավորապես՝ առգրավվել են ավտոմեքենայի շահագործման պահանջներին, տրանսպորտային միջոցի տեխնիկական ընդհանուր վիճակին, շահագործելիությանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք՝ ինչպես զինծառայողներ, այնպես էլ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, զորամասի տրանսպորտային միջոցների անվտանգության եւ պահպանության համար պատասխանատուներ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը երեկ ՆԳՆ-ում մասնակցում էր ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին: Նա հանդես է եկել ելույթով, շնորհավորել ոստիկաններին, շնորհակալություն հայտնել իրենց աշխատանքի համար: Ապա իր ծավալուն եւ մանվածապատ ելույթում կարեւոր ուղերձ է հղել` կանաչ լույս վառելով ոստիկանության հետագա վայրագությունների համար: Ասել է. «Եթե, օրինակ, ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք եւ հնարավորություն չունենա, այդ ծառայությունն իր բովանդակությամբ կլինի անիմաստ»: Ի դեպ, այն պահին, երբ այս խոսքերն էին հնչում, Հակոբ Ասլանյանին տրանսպորտում վիրավորած երիտասարդին ՁՊՎ տանելու ճանապարհին դաժանաբար ծեծի էին ենթարկում:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ առողջապահության նախարարության շուրջ իրավապահ մարմինների (ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի եւ ԱԱԾ-ի) գործողություններից փորձել է օգտվել ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Նա երկար ժամանակ է ինչ լարված է նախարար Անահիտ Ավանեսյանի հետ և փորձում է գահընկեց անել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ թեեւ երեկ նա երկրում չէր (ԱԺ նախագահի հետ Լիտվա է մեկնել), այնուամենայնիվ, քաղաքական իշխանությունների շրջանում արդեն սկսել է իր ընկերոջ PR-ով զբաղվել եւ բարեխոսել, որպեսզի Անահիտ Ավանեսյանի հնարավոր ազատումից հետո ՀՀ ԱՆ Վ.Ա. ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ կենտրոնի ղեկավար Նարեկ Մանուկյանը նշանակվի նախարար։ Վերջինս մեծ աղմուկով այդ կենտրոնի տնօրեն է նշանակվել 2019 թվականին, երբ առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանն էր։

Իսկ այսօր արդեն Նարեկ Մանուկյանը Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։

Նշենք, որ երեկ՝ վաղ առավոտից, ՀՀ առողջապահության նախարարությունում ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվեցին անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և «Ուիգմոր» բժշկական կենտրոնում կատարվեցին խուզարկություններ:

Իրավապահները կասկածում են, որ մանկական մեծ հիվանդանոցի բացմանը մասնակցած Անահիտ Ավանեսյանը նաև մասնաբաժին ունի այդ կառույցում և սկսել է պետպատվերի բաշխումները հօգուտ հիվանդանոցի անել:

Բացի դրանից, քանի որ «Արմֆարմացիա» դեղագործական խոշոր ընկերություններից մեկում խոշոր բաժնեմաս ունի Անահիտ Ավանեսյանի մայրը, տնօրենն էլ ամուսինն է եղել, կասկածներ կան, որ դեղերի շուկայում մի շարք ապօրինություններ գուցե նաև այդ խողովակով է արվում: Այսինքն՝ շահերի բախման կասկածներ կան: Եվ ահա, իրավապահները գնացել էին ստուգելու այս ամենը. իսկ Անահիտ Ավանեսյանը անմեղ աշխատում էր՝ ՀՀ կառավարության նիստի շրջանակներում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ոստիկաններն իրենց մասնագիտական օրով «փայլեցին» բռնարարքներով. ՔՊ պատգամավորին վիրավորած քաղաքացին ոչ միայն ձերբակալվեց, այլեւ, պահման վայր ուղեկցելու ճանապարհին, նրան դիմակավորվածները դաժան ծեծի ենթարկեցին, նսեմացրին, խոշտանգեցին:

Ալեն Սիմոնյանին կարելի է թքել ու մնալ անպատիժ, իսկ ընդդիմադիր քաղաքացուն ազատազրկում են, ապա ծեծում սեփական կարծիքի արտահայտման համար։ Երեկ ԱԺ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ եղած միջադեպը կրկին բորբոքել է իշխանական կրքերը։ Միջադեպից անմիջապես հետո Հակոբ Ասլանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, որ քաղաքացու դեմ բողոք չի ներկայացնի, սակայն քաղաքական որոշման արդյունքում նա բողոք գրեց ոստիկանությունում: Մինչդեռ քաղաքացի Կարեն Մկրտչյանի վրա թքած Ալեն Սիմոնյանը, եւ ուղիղ եթերում օմբուդսմենի ընդդիմադիր թեկնածուի հասցեին սպառնալիքներ հնչեցրած Արթուր Հովհաննիսյանը, որ խուլիգանություններ են դրսեւորել, նախօրեին խրոխտ դատապարտեցին քաղաքացու այդ քայլը։

Նրանց հորդորով՝ Քննչական կոմիտեում հաղորդում ներկայացվեց քաղաքացի Սամվել Վարդանյանի դեմ։ Սամվելին ձերբակալելու որոշում կայացվեց եւ ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին նրան դաժան ծեծի ենթարկեցին դիմակավորված մարդիկ՝ հասցնելով ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ սեռական, հոգեբանական բռնություն՝ այդ ամենը հայհոյանքներով ուղեկցելով։ Երեկ փաստաբանները տեղեկացրել են, որ ծեծելուց հետո քաղաքացի Սամվելի գլուխը բարձրացրել են ծեծած դիմակավոր անձինք եւ միասին թքել են նրա վրա. շատ ծանոթ ձեռագիր է, չէ՞։

«Դավաճան վիժվածք» արտայատությունն արած քաղաքացին դաժանաբար խոշտանգվում եւ բռնության է ենթարկվում, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը, դառնում են անպատժելի արտոնյալներ։ Հենց սա է ընտրովի արդարադատությունը եւ իշխանության կողմից բռնությամբ անազատության ռեժիմի կիրառումը: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը երեկվա զինված բանդայի սկանդալի բարձրաձայնումից հետո այցելեց ՆԳՆ եւ մասնակցեց Ոստիկանների օրվան նվիրված միջոցառմանը, սակայն ոչ մի խոսք չհնչեց՝ հասարակական կարգ խախտելուց հետո քաղաքացու հանդեպ բռնության գործադրման մասին։ Ընդհակառակը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «եթե ոստիկանությունը հաճախ չպետք է ուժ կիրառի, ապա ում է պետք այս կառույցը»։ Ստացվում է, որ երկրի ղեկավարն ինքն է տողատակերում քարոզում բռնություն, այն դեպքում, որ եթե հետ դառնանք անցյալ, այդ նույն խոսքերի համար կարող էր Նիկոլ Փաշինյանը հայտնվել Սամվել Վարդանյանի տեղում։ Հիշեցնենք, որ Վրաստանում երբեմնի սիրելի Սահակաշվիլիի ռեժիմը սկսեց մերժվել վրացիների կողմից, երբ հայտնվեցին կադրեր, թե ինչպես են ոստիկանները իրենց մահակներով խոշտանգում ու նսեմացնում տղամարդ կալանավորներին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օրերս ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանի համերկրացի Վահե Ղալումյանի գլխավորությամբ, եռօրյա այց են կատարել Սյունիք: Կազմում Ղալումյանի գլխավորած ԱԺ տարածքային հարցերի հանձնաժողովի իշխանական անդամներն են եղել, որոնք հանդիպումներ են ունեցել համայնքներում։ ԱԺ-ն այցի մասին հաղորդել է․ «Ծանոթացել են սուբվենցիոն ծրագրերին, քննարկել համայնքների խոշորացման գործընթացից հետո սեփական եկամուտների ծախսման արդյունավետության հարցը, հանդիպել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, այցելել ԶՊՄԿ»: Սակայն այցն այնքան էլ աշխատանքային չի եղել՝ պատգամավորները սեփական նախաձեռնությամբ չեն այցելել Սյունիք:

Պատերազմից հետո նրանք Սյունիքից խուսափում են` նկատի ունենալով Փաշինյանին ուղղված սյունյաց ողջույնների պատմությունը: Միայն մարզային պատգամավորները երբեմն լուսանկարներ են հրապարակում իրենց ընտրողների հետ հանդիպումներից: Այս այցը եղել է ՄԱԿ-ի Զարգացման «Հայաստանի խորհրդարանի արձագանքման արդյունավետության թափանցիկության եւ ներառականության խթանում» ծրագրի շրջանակներում։ Սյունիքն առաջին մարզն է, լուր կա, որ լինելու են նաեւ մյուսներում։ Ի դեպ, այդ հանձնաժողովի անդամ, սյունեցի, Արայիկ Հարությունյանի հետ քավոր-սանիկական կապի մեջ գտնվող նկարիչ Դավիթ Դանիելյանը եռօրյա այցի մոդերատորն է եղել:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը տարբեր պատճառաբանություններով արդեն տեւական ժամանակ է, ինչ հետաձգում է ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումը: Դեռ ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպումից հետո ՔՊ-ական պատգամավորները սպասում էին Նիկոլ Փաշինյանին, որ գնա ԱԺ եւ փակ հանդիպման ժամանակ վերջապես տա իրենց հուզող հարցերի պատասխանները:

Փաշինյանն էլ ամեն անգամ, զբաղվածության պատճառաբանությամբ, խուսափում է փակ հանդիպումից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավորներն անգամ դիմել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որ վերջինս կազմակերպի հանդիպումը. նա էլ իր հերթին է ասել, որ վարչապետը զբաղված է, բայց վստահեցրել է՝ առաջիկայում կգա հանդիպման:

Հավանաբար, արդյունքները Փաշինյանի համար եւս գոհացուցիչ չեն եղել ու չգիտի՝ ինչ ներկայացնի պատգամավորներին, այդ պատճառով էլ խուսափում է հանդիպումներից:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում