Թուրքիան անհանգստացած է Հնդկաստանի՝ Հայաստանի ու Հունաստանի հետ խորացող հարաբերություններով

Թուրքիան անհանգստացած է Հնդկաստանի՝ Հայաստանի ու Հունաստանի հետ խորացող հարաբերություններով

Թուրքիան, միանշանակ, նկատում է Հունաստանի՝ ավելի արդյունավետ պաշտպանական համակարգ ստեղծելու փորձերը։ Հունաստանի կողմից հնդկական գերձայնային «Բրախմոս»  հրթիռների ձեռքբերումն է՛լ ավելի կբարդացնի Անկարայի ու Դելիի հարաբերությունները։ Նման հրապարակմամբ է այսօր հանդես եկել թուրքական Aydınlık թերթը։

Թուրքական լրատվամիջոցը հիշատակում է նաև պաշտպանական ոլորտում Հայաստանի-Հնդկաստան հարաբերությունների խորացման մասին։

Թուրքական մամուլում բարձրացված թեմային անդրադարձել է նաև հունական Greekcitytimes-ը։ Վերջինս էլ այս համատեքստում հիշեցնում է, որ Թուրքիան շարունակում է մնալ Ադրբեջանի կարևորագույն ռազմական դաշնակիցը։

Հունաստանի ՊՆ ձեռքբերած հնդկական «Բրախմոս»  հրթիռներn ունեն գործողության բավականին արդյունավետ ու զգալի հեռահարություն՝ շուրջ 300 կմ, և կարող են տեղափոխել մոտ 200 կգ բեռ։

Հույն վերլուծաբանների գնահատմամբ՝ այդ հրթիռների շահագործումn Էգեյան ծովում թույլ կտա արդյունավետորեն պայքարել հունական ջրերում հայտնված թուրքական նավերի դեմ։

Թուրքական իշխանամետ TR Haber-ն էլ գրել է, որ Հնդկաստանը Հայաստանի ու Հունաստանի հետ հարաբերություններն ամրապնդում է ծայրահեղ բարդ դիվանագիտական վերակառուցման շրջանում։

«Հնդկաստանն ամրապնդում է իր հարաբերություններն այն երկրների հետ, որոնք կոնֆլիկտի մեջ են Թուրքիայի հետ, իսկ մյուս կողմից արձագանքում է քաշմիրյան հարցով Պակիստանին աջակցելու Թուրքիայի կեցվածքին»,-գրում է թուրքական պարբերականը։ Քանի որ թուրք-հնդկական հարաբերությունները վերջին տարիներին իջել են ամենացածր մակարդակին, Հնդկաստանը բաց չի թողնում այդ հնարավորությունը։ Նյու-Դելիի կառավարությունը «քիթը խոթում է Էգեյան ծովում Թուրքիային վերաբերող խնդիրների մեջ»»,- Aydınlık-ի հրապարակումից հատված է մեջբերում հունական պարբերականը։

Որպեսզի խորացնի, այսպես կոչված, թշնամական հարաբերությունները Հնդկաստանի ու Անկարայի միջև, թուրքական լրատվամիջոցները սկսել են տարածել հնդկական մամուլում հրապարակված մի տեսանյութ, որտեղ սպառնալիքի տակ են դրվում Թուրքիայի ամբիցիաները՝  կապված «Երկնագույն հայրենիք»-ի հետ։

Հիշեցնենք, որ վերջերս Հնդկաստանի ՊՆ-ին պատկանող Hindustan Shipyard Limited ընկերությունը խզել է թուրքական ընկերությունների հետ կնքած բոլոր պայմանագրերը, որոնց համաձայն Հնդկաստանի ռազմածովային ուժերի համար նախատեսված հինգ նավեր պետք է նախագծվեին թուրքական ընկերությունների կողմից։

«Հնդկաստանի կառավարության քայլը՝ թուրքական ընկերությունների հետ պայմանագրերը խզելու հետ կապված, դարձավ դիվանագիտական քայլերի շարքի վերջին էպիզոդը, որն ընդգծում է Հնդկաստանի ցանկությունը՝ Թուրքիայի ու Պակիստանի հետ լարվածության ֆոնին ընտրելու այլ երկրների հետ հարաբերությունների խորացման ճանապարհը»,-նկատում է հունական Greekcitytimes-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում