Քննչական կոմիտեն հերթական նախարարին է կանչելու հարցաքննության․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Մինչ Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել իրավիճակը Տավուշի մարզում, ՔՊ-ի ներսում կրկին տարաձայնություններ են առաջացել․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանական թիմում իրենց վարկանիշը բարձրացնելու, ժողովրդի աչքը մտնելու համար պատրաստ են անգամ հետողորմյա անել սեփական որոշումները եւ ընդդիմության նախաձեռնություններն իրենց վրա քաշել։ Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է Ալավերդի համայնքից առանձնացնել Սանահին բնակավայրը։ Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող Արկադի Թամազյանն էր, սանահինցիները դիմել են Թամազյանին նման առաջարկով. առաջարկը մտել է օրակարգ, ներկայացվել է պատկան գերատեսչություն, սակայն կառավարությունն առաջարկն օրակարգ չի մտցրել, ու հարցը մնացել է օդում կախված։
Սանահինցիների «անկախանալու» ցանկությունը պայմանավորված է նրանով, որ Սանահինն ինքնաբավ համայնք է, տարիներ առաջ այն գյուղ է եղել՝ իր բոլոր կոմունիկացիաներով, իսկ Ալավերդի համայնքին միավորվելով՝ ավելի բարդացել է համայնքի բնակիչների կյանքը, մի թուղթ ստորագրելու համար պարտավոր են հասնել կենտրոն։ Հիմա, երբ ՔՊ-ն զավթել է Ալավերդին, իշխանությունները որոշել են բավարարել սանահինցիների պահանջը՝ լավ գործը վերագրելով իրենց, հատկապես որ Սանահինում, որոշ տեղեկություններով, ՔՊ-ի դիրքերն այնքան էլ պինդ չեն: Այսպիսով՝ առաջիկայում Սանահինը կդառնա առանձին բնակավայր։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն են համարում: Ինչպես ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, վերջին շրջանում ՔՊ-ականների համար անվտանգային բոլոր հարցերը մի կողմ դրած՝ ԵՄ անդամակցության թեկնածության հարցը դարձել էր թիվ մեկ օրակարգ, ՔՊ գրեթե բոլոր նիստերի առաջնային հարցը սա էր: Հատուկ ԵՄ անդամակցության հարցի շուրջ քննարկում ունենալու համար Նիկոլ Փաշինյանը շաբաթը մի քանի անգամ գալիս էր ԱԺ՝ փակ հանդիպման:
Բայց, արի ու տես, ՔՊ-ականները հավանաբար գլխի են ընկել, որ սա մեկ օրվա հարց չէ ու որոշել են այս պահին առկախել դրա շուրջ քննարկումները: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առկախման հիմնական պատճառն այս հարցի շուրջ ՔՊ-ում առկա տարաձայնություններն են: Չնայած ինտենսիվ հանդիպումներին՝ ՔՊ-ականներին այդպես էլ չի հաջողվել կոնսենսուսի գալ սրա շուրջ: Թիմի «Եվրոպամետ» հատվածն այն կարծիքին է, որ պետք է արագ գործել ու ամբողջ ռեսուրսը ներդնել, որ գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնեն, մի մասն էլ գլխի է գցել, որ դա հեշտ բան չէ, պետք է ճիշտ գնահատել դրա հետեւանքներն ու նոր գործել: Ահա այս տարակարծությունների արդյունքում ԵՄ անդամակցության հարցը, թեեւ փակված չէ, սակայն այս պահի դրությամբ երկրորդ պլան է մղվել:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 16-ին իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ՝ նախարարության շուրջ տեղի ունեցող դեպքերի մասով նրան մի քանի հարց ուղղելու համար: Սակայն նախարարությունից նախաքննական մարմնին պատասխանել են, թե օրենքով սահմանված կարգով ծանուցում ուղարկեք, ու նախարարը կգա, կպատասխանի ձեր հարցերին։
Դատելով իրավիճակից՝ Կոմիտեն համապատասխան ծանուցումը կուղարկի ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Կատարվածի մասով դիմեցինք առողջապահության նախարարություն. ի պատասխան՝ նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնեց. «Տեղեկությունը մտացածին է. հերքում եմ։ Ինչպես երեկ տիկին նախարարը նշեց՝ վերջին շրջանում որեւէ գործի շրջանակում չի հարցաքննվել, իրավապահների կողմից որեւէ հարցաքննության չի հրավիրվել: Նախադեպ չեմ հիշում, երբ Անահիտ Ավանեսյանը, վատառողջ լինելու պատճառով անգամ աշխատանքից բացակայի»։
Նշենք, որ ապրիլի 16-ի վաղ առավոտից, ՀՀ առողջապահության նախարարությունում ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով՝ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվեցին անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմոր» բժշկական կենտրոնում կատարվեցին խուզարկություններ: Իրավապահները կասկածում են, որ մանկական մեծ հիվանդանոցի բացմանը մասնակցած Անահիտ Ավանեսյանը նաեւ մասնաբաժին ունի այդ կառույցում եւ սկսել է պետպատվերի բաշխումները հօգուտ հիվանդանոցի անել:
Բացի դրանից, քանի որ «Արմֆարմացիա» դեղագործական խոշոր ընկերություններից մեկում խոշոր բաժնեմաս ունի Անահիտ Ավանեսյանի մայրը, տնօրենն էլ ամուսինն է եղել, կասկածներ կան, որ դեղերի շուկայում մի շարք ապօրինություններ, գուցե նաեւ, այդ խողովակով է արվում:
Այսինքն՝ շահերի բախման կասկածներ կան: Եվ ահա, իրավապահները գնացել էին ստուգելու այս ամենը. իսկ Անահիտ Ավանեսյանը «անմեղ» աշխատում էր՝ ՀՀ կառավարության նիստի շրջանակներում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը` գրավոր ընթացակարգից անցնելով բանավորի: Ըստ Սահմանադրական դատարանի կայքում տեղակայված ՍԴԱՈ-59 որոշման, բանավոր քննությունը պայմանավորված է գործի հանգամանքներն առավել արդյունավետ բացահայտելու նպատակով։ Գործի դատաքննությունը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ին: Դիմումով վիճարկվում է արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ ՀՀ դատական օրենսգրքում ՄԻԵԴ վճիռների առիթով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավակարգավորմանը հետադարձ ուժ տալու վերաբերյալ կատարված փոփոխության արդյունքում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ նախատեսող նորմին հետադարձ ուժ տալու և կիրառելու սահմանադրականությունը:
Արդարադատության նախորդ նախարար Ռուստամ Բադասյանը նախաձեռնել էր ՀՀ դատական օրենսգրքում իրավական հանրույթի կողմից քննադատության արժանացած՝ օրենքին հետադարձ ուժ տալու վերաբերյալ փոփոխությունը, սակայն քննադատությունը մեղմվել էր օրենքի ընդունումից հետո կիրառման և հետագա բարեփոխումների խոստումներով: ՀՀ քաղաքական իշխանությունն, ավանդույթի համաձայն, փաստացի խաբեց միջազգային գործընկերներին, և արդարադատության հաջորդ նախարարը «փայլուն» իրականացրեց անհրաժեշտ օպերացիան՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը: Պետք է նկատել, որ օրենսդրական փոփոխությունները քաղաքական իշխանության աջակցությամբ սահուն կերպով անցկացնելուց հետո արդարադատության նախարարն իր տեղակալի հետ տեղափոխվեց Բարձրագույն դատական խորհուրդ՝ որպես նախարար թողնելով բիզնես գործընկերոջը:
Զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը՝ արդարադատության նախկին նախարարը կարողացել է չեզոքացնել իր խմբագրած օրենսդրական փոփոխության սահմանադրականության հարցի քննարկումները՝ մերժելով կարգապահական վարույթների քննության ընթացքում Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությունները: Միջազգային իրավական կառույցների կողմից քննադատված բադասյանաանդրեասյանական «աճպարարության» արդյունքում դադարեցվել են մի քանի դատավորների լիազորություններ, և այդ կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումները վարույթ են ընդունված առաջնահերթ և հրատապ կարգով քննելու նպատակով: Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է…
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները երեկ հաստատվեցին թե՛ պաշտոնական Մոսկվայի կողմից, թե՛ Բաքվի։ Մինչդեռ խաղաղապահ զորակազմի հետ կապ ունեցող արցախյան շրջանակներից տեղեկացանք, որ խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից: Պաշտոնական տվյալներով, ԼՂ-ում մոտ 2 հազար խաղաղապահ է առաքելություն իրականացնում, Արցախի հայաթափումից հետո երկուստեք եկել են համաձայնության, որ այլեւս չկա խաղաղապահների անհրաժեշտությունը, մանավանդ որ նրանց գործունեության համար մեծ գումարներ են ծախսվում, ուստի Լեռնային Ղարաբաղում այսուհետ կմնա 500 խաղաղապահ:
Թե ինչու բոլորը չեն հեռանում, մեր աղբյուրի կարծիքով՝ այդպիսով թե՛ ՌԴ-ն իր ազդեցությունը կպահպանի այդ տարածքում, թե՛ Ադրբեջանը հնարավորություն կստանա միջազգային հանրության առջեւ մանեւրելու, որ ինքը, այսպես կոչված, «հայ փախստականների» վերադարձի հարցը փակված չի համարում: Ինչպես նաեւ հավատարիմ է մնում նոյեմբերի 9-ի պայմանագրին, համաձայն որի՝ ռուս խաղաղապահների ժամկետն ավարտվում է 2025 թվականին։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ինչ հարց որ ներկայացրել էինք, էդ հարցի պատասխանը եկել էր տալու։ Մենք տարբերակ էինք ներկայացրել՝ գետով սահման էինք ասել, նա էլ ասավ՝ 90 տոկոսով հաշվեք՝ լուծված է… Ասավ՝ հույս կա, որ ձեր ուզածը կլինի, բայց առայժմ թղթի վրա անցկացված չի։ Սպասենք»,- ասաց երեկ Տավուշում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցին:
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես, Բերքաբերի վերաբերյալ Ոսկեպար գյուղում Փաշինյանը հայտարարել է, թե Բերքաբերի ջրամբարից այն կողմ (Ջողազի ջրամբար) հողերը պետք է զիջեն Ադրբեջանին, իսկ Բերքաբեր գյուղում ասել է, թե` ձեր հողերը ձեզ են մնալու։ Երեկվա հանդիպումներից հետո տավուշցիները փոքր-ինչ հանդարտվել էին, բայց այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Երեկ Նիկոլ Փաշինյանը նորից գնացել է Ոսկեպար՝ հանդիպելու տեղի բնակչության հետ: Մեր տեղեկություններով, ինչպես նախորդ անգամ, այս դեպքում էլ եղել է «փակ» հանդիպում, որից առաջ, մեր տեղեկություններով, հավաքել են բոլոր ներկաների բջջային հեռախոսները և հատուկ զգուշացրել, որ խոսակցությունը գաղտնի պահեն: Այդուամենայնիվ, որոշ տեղեկություններ սպրդել են:
Ի մասնավորի, մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն այս անգամ ավելի մեղմ տոնով է խոսել, ասել է, թե այս պահին չորս գյուղերը հանձնելու հարց չի քննարկվում, սակայն առաջարկել է այլընտրանքային ճանապարհ կառուցել, ինչին ներկաները դեմ են արտահայտվել: Ի դեպ, Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին: Մեր տեղեկություններով, մինչև հանդիպման վերջին պահը ամեն ինչ գաղտնի է պահվել. այցի մասին տեղյակ են եղել սահմանափակ թվով մարդիկ:
Ընդ որում, կան խոսակցություններ, որ օրը պատահական չի ընտրված: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի նախորդ հանդիպմանը (և ընդհանրապես) հանրության բացասական կարծիքը ներկայացրած ու հստակ շեշտադրումներ բարձրացրած՝ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը USAD-ի ծրագրով արտերկրում է, ինչի հետ կապված, մեր տեղեկություններով, Փաշինյանին հուշել են, որ հանդիպումը համեմատաբար ավելի հանգիստ կանցնի:
Հավելենք, որ այցի մասին մինչև վերջին վայրկյանները տեղյակ չի եղել ոչ միայն ոսկեպարցիների մեծ մասը, այլև ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա ասել էր. «Գող-գող գալիս- գնում են, տեղյակ չեմ»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում