Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և 7 մլն դրամի գրավ
Նմանատիպ
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ տնային կալանք և 7 միլիոն դրամի գրավ կիրառեց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Իր հերթին ՀՀ քննչական կոմիտեն հղորդագրություն է տարածել, որում նշված է․ «Երևան քաղաքում, երթուղային տրանսպորտում ապրիլի 15-ին տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
Վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024 թվականի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ Ս․Վ․-ն Երևան քաղաքի Քրիստափոր–Արշակունյաց փողոցների խաչմերուկում՝ թիվ 42 երթուղային ավտոբուսի մեջ, մոտեցել է նույն ավտոբուսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հակոբ Ասլանյանին։ Հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ տեսագրելու և տարածելու նպատակով միացնելով բջջային հեռախոսի տեսախցիկը՝ այն պահել է Հակոբ Ասլանյանի ուղղությամբ և քաղաքական հայացքներով պայմանավորված՝ Հակոբ Ասլանյանին և նրա ներկայացրած կուսակցության անդամների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելով, ինչպես նաև հասարակության նկատմամբ անհարգալից` իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրևորելելով, կատարել է խուլիգանություն։
Մասնավորապես՝ Ս․ Վ․-ն Հակոբ Ասլանյանի հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ և, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հակադրվելով և անտեսելով հանրային տրանսպորտում գտնվող անձնանց՝ վիճաբանությունը դադարեցնելու հորդորները, խախտել է այդ անձանց անդորրը՝ շարունակելով վիճաբանությունը նաև իրեն դիտողություն արած անձանց հետ՝ արդարացնելով իր գործողությունները նրանով, որ Հ. Ասլանյանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և ՀՀ ԱԺ պատգամավոր:
Արդյունքում երթուղային ավտոբուսի վարորդը Երևան քաղաքի Խանջյան-Բյուզանդ փողոցների հատման հատվածում ստիպված դադարեցրել է երթևեկությունը և պահանջել դուրս գալ երթուղայինից։ Այդ կերպ Ս. Վ․-ն խոչընդոտել է հանրային տրանսպորտի բնականոն աշխատանքը:
Ձեռք բերված փաստերի հիման վրա Երևանի 30-ամյա բնակչի նկատմաբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան ներկայացվել է մեղարդանք ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Դատարանի որոշմամբ Ս․Վ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և գրավը՝ 7մլն ՀՀ դրամի չափով»։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում միջադեպ էր տեղի ունեցել քաղաքացի Սամվել Վարդանյանի և ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ։ Վարդանյանը պատգամավորին անվանել էր «հակահայ վիժվածք», ինչից հետո, ըստ հրապարակված տեսանյութի, Հակոբ Ասլանյանը հարվածում է երիտասարդին, թեև վերջինս հերքում է, որ խփել է՝ պնդելով, թե իբրև հրում էր պարզապես։
Միջադեպից հետո Վարդանյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ նրա փաստաբանները տեղեկություն են հրապարակել, թե Սամվել Վարդանյանին ՔԿ-ից ՁՊՎ տանելու ճանապարհին դաժանաբար խոշտանգել են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում