Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնն ավարտում է աշխատանքը
Նմանատիպ
Աղդամում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնն ավարտում է իր աշխատանքը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի Աղդամի շրջանում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը կողմերի փոխադարձ համակարգմամբ, շարունակում է գործունեության դադարեցման աշխատանքները»,-ասված է Թուրքիայի ՊՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ արդեն իսկ մեկնարկել է ռուս խաղաղապահ զորախմբի դուրս բերումն օկուպացված Արցախից։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահները դուրս են բերվում և այդ որոշումը կայացրել են Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը:
«Երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել Ադրբեջանի տարածքից վաղաժամ դուրս բերել ռուսական խաղաղապահ զորակազմը, որը ժամանակավորապես տեղակայվել էր այստեղ ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։ Գործընթացն արդեն սկսվել է։ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այդ որոշումն իրականացնելու համար»,-ասել էր Հաջիևը ադրբեջանական «ԱզերԹաջ» պետական գործակալությանը տված հարցազրույցում:
Խաղաղապահների դուրս բերմանն անդրադարձել էր նաև ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի առաձին փոխնախագահ Ալեկսեկ Ժուրավլյովը, նշելով, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներն ավարտել են իրենց առաքելությունը։
«Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը հսկայական դեր խաղաց՝ արյունահեղությունը կանգնեցնելու գործում և նրանց առաքելությունն այնտեղ կարելի է ամբողջովին ավարտված համարել»,-«Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում նշել էր նա։
Հիշեցնենք, նաև որ 2020թ. նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղակայվել էր 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվեր ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարեր տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ավելի ուշ, 2021 թվականի հունվարի 30-ին, օկուպացված Ակնայում բացվեց ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնը։
«Աղդամում բացվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը, որտեղից էլ երկու երկրների զինվորականները հետևելու են Ղարաբաղում հրադադարի պահպանմանն ու նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարմանը»,-նշված էր հայտարարության մեջ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադառնալով կենտրոնի գործունեությանը, նշել էր, որ այն «կայունության երաշխիք» է լինելու տարածաշրջանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում