Իրանը զգալի ավելացրել է Չինաստան արտահանվող նավթի ծավալը
Նմանատիպ
Իրանից նավթի արտահանման ծավալն այս տարվա առաջին եռամսյակում հասել է առավելագույն ցուցանիշին՝ օրական 1,56 մլն բարելի՝ գերազանցելով 2018թ․ հուլիս-սեպտեմբերի ցուցանիշը։ Այդ մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով Vortexa վերլուծական ընկերության տվյալները։
Ըստ Kpler-ի տվյալների՝ 2024թ․ իրանական նավթն արտահանվել է հիմնականում Չինաստան։
Չինաստան ներմուծվող նավթի շուրջ 1/10 մասը բաժին է ընկնում Իրանին։ Աղբյուրը նկատում է, որ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կարող են ապակայունացնել ոչ միայն նավթի շուկան, այլև՝ Պեկինի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունները։
Իրանական պետական լրատվական Tasnim գործակալությունը ապրիլի 17-ին հաղորդել է, որ նավթագործները գտել են պատժամիջոցները շրջանցող ճանապարհը և արդեն լիովին պաշտպանված են Արևմուտքի ճնշումներից, քանի որ իրենց հիմնական հաճախորդը Չինաստանն է։
«ԱՄՆ-ը վերջերս սկսել է հետևել այն լցանավերին, որոնց կասկածում է իրանական նավթ տեղափոխելու մեջ։ Երկու լցանավի նկատմամբ այդ կասկածանքով պատժամիջոցներ է կիրառել արդեն փետրվարին, ևս 13 լցանավի էլ՝ ապրիլին։ Այդուհանդերձ, արտահանման ծավալի վրա դա դեռևս էականորեն չի ազդում»,-Vortexa ընկերության ավագ վերլուծաբան, պատժամիջոցների հարցերով մասնագետ Արմեն Ազիզյանի խոսքը մեջբերում է Interfax-ը։
Ազիզյանի խոսքով՝ 2023թ․ իրանական նավթ տեղափոխած նավերի թիվն աճել է շուրջ 20 տոկոսով, իսկ սուպերլցանավերինը, որոնք կարող են տեղափոխել մինչև 2 մլն բարել, 2021-ից հետո կրկնապատկվել է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում