Մեծ Բրիտանիայի սև ցուցակում են հայտնվել Իրանի պաշտպանության նախարարը, ՊՆ հետ աշխատող ընկերություններ

Մեծ Բրիտանիայի սև ցուցակում են հայտնվել Իրանի պաշտպանության նախարարը, ՊՆ հետ աշխատող ընկերություններ

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ցանկը՝  դրանք տարածելով նաև Իրանի պաշտպանության նախարարի, պաշտպանական ոլորտին առնչվող ֆիզիկական անձանց, ԶՈՒ գլխավոր շտաբի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի ներկայացուցիչների վրա։ Այդ մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Միացյալ թագավորության ԱԳՆ հրապարակած սև ցուցակը։

Պատժամիջոցների տակ են հայտնվել Իրանի ԶՈՒ կենտրոնական շտաբի հրամանատար գեներալ Գոլյամ Ալի Ռաշիդը, կենտրոնական շտաբն ամբողջությամբ, պաշտպանական գերատեսչության ենթակայության տակ գործող Aerospace Industries Organization  ընկերության տնօրենը, մի շարք աշխատակիցներ, հրթիռների արտադրությամբ զբաղվող Shahid Bagher ընկերության տնօրենը, ԱԹՍ-ների մասերի արատդրությամբ զբաղվող Electronic Sepahan Company և Aseman Pishraneh Engineering Services ընկերությունները և պաշտպանական ոլորտում գործող մի շարք այլ ընկերություններ։

Ինչպես նշվում է Միացյալ թագավորության ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, պատժամիջոցների ընդլայնման պատճառը վերոնշյալ մարդկանց ու կազմակերպությունների «ապակայունացնող ակտիվությունն է՝ ներառյալ Իսրայելի վրա հարձակումը»։

Իրանի նկատմամբ բրիտանական պատժամիջոցների ցուցակում շուրջ 400 ֆիզիկական անձ ու կազմակերպություն կա արդեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում