2024-ի լավագույն լուսանկար է ճանաչվել պաղեստինցի կնոջ նկարը՝ դիահերձարանից
Նմանատիպ
World Press Photo-ն իր ամենամյա մրցանակաբաշխության 2024թ․ հաղթող է հռչակել Reuters-ի լուսանկարիչ Մոհամմեդ Սալեմային՝ դիահերձարանում 5-ամյա բարեկամի մարմինը գրկած 36-ամյա պաղեստինցի կնոջ լուսանկարի համար։
5-ամյա աղջիկը՝ մոր ու քրոջ հետ, մահացել էր Գազայի հատվածում՝ իսրայելական հրթիռակոծության հետևանքով։
Լուսանկարն արվել է 2023թ․ հոկտեմբերի 17-ին՝ տեղական հիվանդանոցներից մեկի դիահերձարանում։ Ուշագրավ է, որ լուսանկարն արվել է հեղինակի՝ հայր դառնալուց րոպեներ անց։
Reuters-ի լուսանկարների ու տեսանյութերի խմբագիր Ռիկի Ռոջերսը, անդրադառնալով հաղթող ճանաչված լուսանկարին, ասել է․ «Հուսանք, որ այս լուսանկարի շնորհիվ աշխարհն ավելի լավ կգիտակցի պատերազմի ազդեցությունը մարդկանց ու հատկապես երեխաների վրա»։
39-ամյա լուսանկարիչը պաղեստինցի է, աշխատում է Reuters-ում 2003 թվականից։ World Press Photo-ի մրցանակը շահում է արդեն երկրորդ անգամ․ առաջին անգամ հաղթող էր ճանաչվել 2010-ին։
«Տարվա պատմություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀԱՀ-ից Լի-Էն Օլվեյջը։ Նրա լուսանկարում պատմվում է Մադագասկարում ապրող, հիշողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց մասին, որոնց օգնում են մյուսները։ Հոգատարության մասին վկայող նկարի հեղինակը երրորդ անգամ է մրցանակ շահում և այս անվանակարգում՝ արդեն երկրորդ անգամ անընդմեջ։
«Երկարաժամկետ նախագիծ» անվանակարգում հաղթել է վենեսուելացի Ալեքսանդրո Չեգարայի «Երկու պատ»-ը։ Լուսանկարիչն ադ նկարի վրա աշխատել է 2018թ․-ից։ Լուսանկարում ներկայացված է Մեքսիկայում ներգաղթյալների ծանր կյանքի մասին։ Նա անձամբ անցել է այդ ճանապարհով՝ Վենեսուելայից ներգաղթելով Մեքսիկա։
«Բաց ձևաչափ» անվանակարգում հաղթողն ուկրաինացի Յուլյա Կոչետովան է՝ «Պատերազմն անձնական է» լուսանկարի համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում