Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Նմանատիպ
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախագահ և «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Վահե Բադալյանի գլխավորությամբ օրերս տեղի է ունեցել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ամփոփիչ ժողովը։ Այն այս տարի հոբելյանական էր՝ նվիրված «Ֆասթ»-ի կայացման և զարգացման 30-ամյակին։
Ժողովին մասնակցում էին «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը, «Ֆասթ Բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը, «Ֆասթ Բանկ» ՓԲԸ թվային բանկինգի տնօրեն Արթուր Հարությունյանը, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը, «Ֆասթ Կրեդիտ Մեծ Բրիտանիա» ՍՊԸ գործադիր տնօրեն Արթուր Ասատրյանը, «Ֆասթ Կրեդիտ Հնդկաստան» ՍՊԸ գործադիր տնօրեն Աշոտ Առուշանյանը, պաշտոնատար այլ անձինք և աշխատակազմի ներկայացուցիչներ։
Բացման ելույթով հանդես է եկել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախագահ և «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Վահե Բադալյանը: Շնորհավորելով հոբելյանի առթիվ և ամփոփելով «Ֆասթ Կրեդիտ»-ից մինչև «Ֆասթ Բանկ» 30-ամյա էվոլյուցիան՝ Վահե Բադալյանն ընդգծել է, որ «Ֆասթ Բանկ»-ն այսօր իր հաստատուն տեղն ունի Հայաստանի Հանրապետության ֆինանսաբանկային համակարգում։ Վահե Բադալյանն անդրադարձել է առաջիկա 3 տարվա ծրագրերին և նշել, որ «Ֆասթ Բանկ»-ը շարունակելու է թե՛ մասնաճյուղերի քանակի ավելացման, թե՛ վարկային պորտֆելի մեծացման, թե՛ սպասարկման որակի բարելավման, թե՛ կորպորատիվ կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ նպատակ ունենալով ամրապնդել իր տեղը Հայաստանի լավագույն բանկերի շարքում։
«Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ։ Մեր երազանքը «Ֆասթ Բանկ»-ը համաշխարհային հայկական բանկ դարձնելն է, որը ներկայացված կլինի աշխարհի տասնյակ երկրներում և կլինի լավագույնների շարքում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ և հաջողություն եմ մաղթում մեզ այս երազանքի իրականացման ճանապարհին», – ասել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Վահե Բադալյանը։
Հաջորդիվ ելույթ է ունեցել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը՝ անդրադառնալով կազմակերպության 2023 թվականի գործունեության արդյունքներին և զարգացման ծրագրերին։ Նա ընդգծել է, որ «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն շարունակել է հաճախորդամետ քաղաքականությունը, որի շրջանակում ֆինանսական արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ներդրվել են նոր ու հարմարավետ ծառայություններ, բարելավվել են արդեն իսկ գործողները: Ռոման Բադալյանը նշել է, որ դա դեռ սկիզբն է, և առաջիկայում լայնածավալ ծրագրեր են իրականացվելու․ աշխատանքները, մասնավորապես, ծավալվելու են բիզնեսի աշխարհագրության ընդլայնման, Fast Ticket-ի ձևաչափի վերափոխման և Fast Power ծառայության գործարկման ուղղություններով։
Ելույթներով են հանդես եկել նաև «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները՝ ներկայացնելով 2023 թվականի հիմնական արդյունքները և 2024 թվականի անելիքները։ Անդրադարձ է եղել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում իրականացված գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշներին։ Նշվել է, որ Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է 60 տոկոսով, մասնաճյուղերի թիվը՝ 3-ով, այժմ առկա է 33 մասնաճյուղ։ 2023 թվականից «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն նաև վիրտուալ մասնաճյուղ ունի Fastexverse մետատիրույթում, որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանի բանկային համակարգում, և որտեղ կարելի է ստանալ ֆինանսական խորհրդատվություն։ Ուկրաինայում բացվել է «Ֆասթ Կրեդիտ» ՍՊԸ առաջին մասնաճյուղը, «Ֆասթ Կրեդիտ»-ի ևս երկու նոր մասնաճյուղ է հիմնվել Մեծ Բրիտանիայում, ընդլայնվել է Անգլիայում գործող FJewellery ոսկերչական զարդերի ցանցը և գործունեության շրջանակը։ Նախաձեռնվել է Հնդկաստանում վարկային կազմակերպության արտոնագիր ստանալու և գործունեություն սկսելու գործընթաց, առաջիկայում քայլեր կձեռնարկվեն վճարահաշվարկային կազմակերպության արտոնագիր ստանալու ուղղությամբ։ Զեկուցվել է նաև թվային բանկինգի և ֆինթեք լուծումների ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։
Խոսնակների ելույթներին հաջորդել է պարգևատրման արարողությունը։ Աշխատանքային բարձր կատարողականի համար «Ֆասթ Բանկ» ՓԲԸ մի շարք մասնաճյուղեր և աշխատակիցներ արժանացել են պատվոգրերի և FTN-ների։
Միջոցառումը եզրափակվել է «Բոհեմ» քառյակի կատարումներով և հանդիսավոր ընդունելությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում