Ադրբեջանում ցնծում են, Ալիևը ստացավ հերթական նվերը․ առավոտյան մամուլը Times.am-ում

Ադրբեջանում ցնծում են, Ալիևը ստացավ հերթական նվերը․ առավոտյան մամուլը Times.am-ում

Մինչ Տավուշի հողերի հարցն էր լուծվում, Փաշինյանը կրկին ստում էր ժողովրդին ու բեմականացում վայելում․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Գաղտնիք չէ, որ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողեցին ծառերի փոփոխման գործընթացը։ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ քաղաքային իշխանությունը մտադիր էին առնվազն 2500 ծառ տնկել, որոնցից 150-ը՝ սակուրա։ Մինչդեռ քաղաքի պլանավորման մասնագետներ, ուրբանիստներ, գիտնականներ պնդում են, որ ծառահատման համատարած այս գործողություններն արվում են մասնագիտական ոչ լուրջ հիմնավորումներով. ահազանգում են անգամ Երեւանին սպասվելիք էկոլոգիական մոտալուտ աղետի մասին»։

Մի խումբ ակտիվիստների բողոքի ակցիայից հետո Երեւանում ընդհատվեցին սղոցի եւ ծանր տեխնիկայի ձայները. ծառերն առժամանակ չեն հատվելու։

Ընդհատումից հետո ՀՈԱԿ-ը հայտարարեց, որ ծառերի «օրենքով սպանդի» արդյունքում փոփոխվել է 350-400 ծառ, այսինքն՝ նախատեսված ծրագրի գրեթե 12%-ը։ Կարճ ասած՝ ձախողումը ձախողման հետեւից։

Այսպիսով՝ ներկայացնենք, թե փոփոխման համար նախատեսված ծառերը որքան արժեն՝ ըստ ՀՈԱԿ-ի կնքած պայմանագրերի։

Ըստ այդմ, նախատեսվում էր ծառերը փոփոխել ալբիցիաներով, գիհի վիրգինյաններով (օճառածառեր), սակուրաներով եւ հուդայածառերով։

Ուսումնասիրելով «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գնումները՝ հասկանում ենք, որ բացի այս ծառատեսակներից գնվել են նաեւ այլ ծառատեսակներ, օրինակ՝ ճապոնական բալենի, ճապոնական սոֆորա, ամառային կաղնի, սովորական կատալպա, սոսի՝ արեւելյան։ Այս բոլոր ծառերի գնման պայմանագրի արժեքը կազմել է 82 մլն 168 հազար դրամ։ Նշված պայմանագրով գնվել է 1080 ծառ։

Հարցական է մնում այն, թե որտե՞ղ եւ ինչպե՞ս են պահվում մնացած ծառերը եւ հետագայում ի՞նչ ճակատագրի են արժանացել։

Ստացվում է, որ քաղաքապետարանի եւ նրա ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ի թեթեւ ձեռքով հատվեցին Երեւան քաղաքի պատմամշակութային ժառանգություն հանդիսացող դարավոր ծառերը, որոնք, ըստ գիտնականների, ճակատագրական կլինեն Երեւանի համար։

Քաղաքապետարանը գնել է նաեւ 15 հազար թուփ՝ ճապկի՝ սպիտակ, 4 մլն 156 հազար դրամ արժողությամբ։ Մյուս պայմանագրով գնվել է կիպրոս՝ սովորական եւ լեռնային լոճի թփերի տեսակներ 25 հազար 30 հատ, որոնց արժեքը կազմել է 6 մլն 919 հազար դրամ։ Ձեռք է բերվել 14 հազար վարդ՝ 9 մլն 478 հազար դրամ արժողությամբ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հասարակական տրանսպորտում «100 դրամանոցների խնդիրը» գրեթե միշտ արդիական է եղել, քանի որ ավտոբուսների արկղերը միայն այդ մետաղադրամն են ընդունում, իսկ ուղևորները ոչ միշտ են ունենում 100 դրամանոց, կամ ոչ բոլորն ունեն հնարավորություն ավտոբուսներում տեղադրված վճարային տերմինալով վճարել ուղեվարձը: Քաղաքապետարանի կողմից միջանկյալ որոշում կայացվեց, որ 2022 թվականի ապրիլի 11-ից նոր ավտոբուսների վարորդնեը կունենան մանրադրամ, որպեսզի կարողանան ուղևորների գումարը մանրել։ Սակայն առձեռն ստացած գումարն ամբողջությամբ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ դրամարկղ մուծելու հարցում կան լուրջ կասկածներ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն մայիսի 1-ից քաղաքացիները կա՛մ պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց, կա՛մ վճարումը կատարեն ավտոբուսներում տեղադրված Telcell-ի տերմինալներով: Այսինքն, վարորդների մոտ այլևս գումար չի լինելու. վճարումը կատարվելու է կա՛մ նշյալ տերմինալով, կա՛մ ավտոբուսների դրամարկղերով:

Եթե ուղևորը չունենա 100 դրամանոց մետաղադրամ կամ հեռախոսային համապատասխան հավելված, ապա վարորդը ոչ միայն որևէ գումար չի վերցնելու, որպեսզի մանրի, այլև իրավունք է ստանալու պարզապես չվարել ավտոբուսը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Մեր ունեցած տեղեկություններով, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրավիրել է անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստ, որի մասին նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել: Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, քննարկման հիմնական թեման եղել է Տավուշի մարզի տարածքների հանձնման գործընթացը: Ի մասնավորի, մանրամասն քննարկվել է, թե ինչպես պետք է կազմակերպել հանձնումը, ինչպես ապահովել այլընտրանքային կոմունիկացիաների տեղափոխումը, այդ թվում՝ ճանապարհ, գազամուղ, էլեկտրագծեր և այլն: Սա ինքնին ուշագրավ է, քանի որ Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիների հետ ունեցած հանդիպման ժամանակ, ըստ մասնակիցների պատմածի, ասել է, թե Ալիևի հետ կա բանավոր պայմանավորվածություն, որ Ոսկեպարի կողքով անցնող միջպետական ճանապարհը կմնա Հայաստանի վերահսկողության տակ։

Այսինքն, ադրբեջանցիները «գետի այս կողմ» չեն անցնի: Ըստ այդմ, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիներին այլ բան է խոստանում, իսկ իրականում անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկում է այլընտրանքային ենթակառուցվածքների հարցը, որոնք գտնվում են հենց «գետի այս կողմում»: Նյութը արդեն պատրաստ էր տպագրության, երբ նախ՝ տարածվեց ԱԳՆ հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողվի հերթական հանդիպման արդյունքերի մասին, իսկ հետո արդեն՝ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը, ուր մասնավորաբար նշված է, որ «այո, այս գործընթացի արդյունքում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանց և Ոսկեպար գյուղերին, բայց նրանց և մեր գյուղերը բաժանելու է սահմանազատված պետական սահման»:

Ակնհայտ է, որ բոլոր մտահոգությունները փաստացի իրականություն են դառնում, առավել ևս, որ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, թե «մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը, Արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը։ Նրա այցից առաջ, տնօրեն Ամալյա Հովհաննիսյանի հրահանգով, դպրոցի պատից հեռացրել էին Արցախի դրոշը, որը փակցված է եղել զոհվածների փառքի անկյունում։ Հովհաննիսյանը մեզ ասաց, թե չի եղել նման բան՝ դրոշը չի հեռացվել, սակայն դպրոցի մեր աղբյուրները պնդեցին, որ եղել է։ Հարցին՝ ինչո՞ւ Պապ թագավոր, ո՞ւմ մտահղացումն էր, նիկոլական տնօրենն ասաց․ «Նախագծային աշխատանք էր»։ Ասաց, որ Փաշինյանը մինչեւ վերջ դիտել է ներկայացումը, դրական գնահատել։  Պապ թագավորից ի՞նչ դրվագ էր բեմականացվել։ «Ճիշտն ասած՝ չեմ կարող մանրամասներ ասել, ես ֆիզարձակուրդում եմ, ներկա չեմ գտնվել»։

Հիշեցնենք․ Նիկոլ Փաշինյանը հաճախ է հիշատակում Պապ թագավորին, թե պատմիչները նրան դավաճան են անվանում, բայց, իր կարծիքով, նա եղել է ամենապետականամետ, բարեփոխիչ թագավորը, եւ զուգահեռներ էր տանում իր եւ Պապի միջեւ՝ եկեղեցու դեմ վարվող քաղաքականության համատեքստում։ Մի առիթով էլ ասաց․ «Եթե պատմությունը գրի նույն ձեռքը, ինչ գրել է Պապ թագավորի մասին, պարզ է` ես կլինեմ հերթական նեռը, դավաճանը, հողատուն, իսկ եթե գրի մեկ ուրիշ ձեռք, որի համար առանցքային արժեքը ՀՀ-ն է, կասի` մարդ էր, որ ուզում էր եւ բոլոր ջանքերը գործադրեց, որ ՀՀ-ն լինի ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական պետություն»։

Մինչդեռ Հայոց պատմության դասագրքերում Պապը ներկայացված չէ որպես նեռ, դավաճան, առավել եւս՝ հողատու, հակառակը՝ նա խելամիտ, հաստատակամ երիտասարդ էր, որը փորձում էր պառակտված Հայաստանը միավորել։ Կարճ ժամանակում վերականգնեց Մեծ Հայքի սահմանները, հնազանդեցրեց անջատողական, ըմբոստ նախարարներին, ուժեղացրեց բանակը։ Պապի հրամանով սպանվեցին 2 հայ դավաճաններ, որոնք պարսկական բանակը բերել էին Հայոց երկիր։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Օրվա իշխանությունները անընդհատ «կատարելագործում» են ընդդիմադիրների ու ընդդիմախոսների նկատմամբ ճնշումների գործիքակազմը՝ իրենց իսկ ռեկորդները պարբերաբար թարմացնելով: Իսկ այն, ինչ կատարվեց Սամվել Վարդանյանի հետ, որը մի քպականի հետ տրանսպորտում ընդհարվել էր, աննախադեպ է նույնիսկ փաշինյանական իշխանության համար: Փաստացի, եթե մինչ այս քաղաքական նկատառումներով կիրառվում էին իրավապահ «գործիքները», հիմա արդեն իրավապահ համակարգը օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով:

Ըստ իրավաբանների, այն, որ այս ամենը կազմակերպված է իշխանությունների կողմից, վկայում է ոչ միայն այն հանգամանքը, որ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված խոշտանգումներին հետևել էին հրապարակումներ իշխանական տեղեկատվական հարթակներում, որտեղ բռնության ուղիղ կոչեր էին հնչում, այլև այն, որ թեպետ խոշտանգման փաստն ակներև է, ՁՊՎ-ում արձանագրվել են վնասվածքները, քննչական մարմինները երկու օր շարունակ քրեական վարույթ չէին նախաձեռնում՝ ըստ էության նպատակ ունենալով կոծկել գործը:

Ավելին, մինչ այժմ թաքցվում են ուղեկցող ոստիկանների անունները, և չի բացառվում, որ նրանց հետ համապատասխան «աշխատանքներ» են տարվում՝ ամեն ինչ հերքելու համար: Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Սա ցույց է տալիս, որ իշխանությունները պարզապես ահաբեկված են հանրության սուր ընդվզումից իրենց դեմ, ուստի անցել են բացահայտ բռնությունների՝ նպատակ ունենալով նաև այլոց «աչքը վախեցնել»: Ինչ վերաբերում է գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամին, որը հավաքվեց ընդամենը մի քանի ժամում, դա ևս բավական լուրջ ցուցիչ է հանրային տրամադրությունների առումով: Բանն այն է, որ, բացի մի քանի խոշոր հանգանակողներից, անհրաժեշտ գումարի հավաքման գործին, մեր տեղեկություններով, միացել է մոտ հարյուր մարդ:

Ավելին, մեր սոցցանցային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գրավի հանգանակման գործին միանալու ցանկություն ունեին հազարավոր մարդիկ, սակայն նախաձեռնության ներկայացուցիչներն ընդամենը մի քանի ժամ անց հայտարարեցին, որ գումարն ամբողջովին հավաքվել է: Հավելենք, որ, մեր տեղեկություններով, ընդդիմադիր դաշտում նոր գործողություններ են նախատեսվում, որպեսզի իշխանությունը չկարողանա «ծածկադմփոց» անել այս գործի հետ կապված, և բոլոր մեղավորները ստանան իրենց պատիժը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով գույժը, իսկ ադրբեջանցիներին մատուցելով հերթական նվերը՝ ՀՀ սուվերեն տարածքից 4 գյուղ հանձնելու եւ սահմանազատումը Տավուշից սկսելու մասին: Ընդամենը 2 օր առաջ Տավուշում Նիկոլ Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` հանգստացնելով, որ ընդամենը փոխանակում է լինելու, սակայն երեկ պարզ դարձավ, որ նրանց հերթական անգամ խաբել են: Եվ պատահական չէր, որ ադրբեջանական ԶԼՄ-ները երեկ ցնծում էին` կատարվածը համարում Ալիեւի հերթական շռնդալից հաղթանակը, մեծագույն նվեր` Ադրբեջանի ժողովրդին: Հիանում էին նրա «մարտավարական ու դիվանագիտական ունակություններով», որ «ադրբեջանական բանակը` առանց կրակոցի, զբաղեցնում է հակառակորդի դիրքերը»:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում