Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են միմյանց հետ․ Փաշինյան
Նմանատիպ
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, Հայաստանն ու Ադրբեջանը ի վիճակի կլինեն սահմանի պահպանություն իրականացնել: Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ Տավուշից ռուսական հենակետերը պետք է դուրս բերվեն
Ըստ նրա՝ ռուսական հենակետերը այդտեղ հայտնվել են մի իրադրության բերումով: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է և դա պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններով:
«Դա նշանակում է, որ մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման: Սահմանը խաղաղության նշան է և դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները իրար հետ փոխգործակցելով ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանությունը: Սահմանազատման արդյունքում սահմանը հանձնվելու է սահմանապահներին: Ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի: Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են միմյանց հետ, նրանք պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնում»,-ասաց նա:
Փաշինյանի համոզմամբ՝ սա ձեռքբերում է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար։
«Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանը արդեն երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և հաստատեցին, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը»,-ասել է նա՝ նշելով, որ այս իրադարձությունը համարում է անկյունաքարային ՀՀ-ի ինքնիշխանության, անկախության, զարգացման հաջորդ փուլի համար:
«Սա անկյունաքար է, և այս անկյունաքարի շուրջ մենք պետք է կարողանանք այդ կառուցման, ստեղծման գործընթացն իրականացնել»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ այս որոշումը էականորեն նվազեցնելու է անվտանգային այն ռիսկերը, որ ունենք Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և նաև Հայաստանի սահմանի ողջ երկայնքով:
«Եթե դուք նկատել եք, մենք պայմանավորվել ենք այս հատվածի վերաբերյալ, բայց նաև հիմնարար սկզբունք ենք որդեգրել հետագա սահմանազատման ողջ գործընթացի համար, ինչը նշանակում է՝ կարող ենք բոլոր վիճահարույց հարցերը, արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, նստել և բանակցությունների սեղանի շուրջ լուծել»,- ընդգծել է Փաշինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում