Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է. Ալիև

Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է. Ալիև

Հայաստանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր ստորագրած պարտավորությունները, չի տրամադրում ճանապարհ Նախիջևանին միանալու համար, որը, համաձայն հայտարարության, պետք է վերահսկվի ՌԴ սահմանապահ ծառայության կողմից։ Հիմա այդ գործընթացը փակուղում է։ Մենք այլընտրանքային ճանապարհի կառուցում ենք սկսել Արաքսի հարավով՝ Իրանի տարածքով։ Որպես հետևանք՝ Հայաստանը կկորցնի իր հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԱԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Նրանք ցանկանում են խաղաղության խաչմերուկ դառնալ, բայց պետք է նախևառաջ համաձայնության գան մեզ հետ, առանց դրա այն կլինի թղթի անիմաստ կտոր։ Ցավոք, նրանք փորձում են դա քննարկել տարածաշրջանից հեռու գտնվող երկրների հետ, բայց եթե ցանկանում են դա կյանքի կոչել, պետք է այն քննարկեն մեզ հետ»,-ասել է նա՝ նշելով, թե Եռակողմ հայտարարությունը պետք է հարգվի, և Ադրբեջանը պետք է կապ ունենա Նախիջևանի հետ՝ միջազգային վերահսկողությամբ ու անվտանգությամբ։

«Նրանք դեմ են ռուսական սահմանապահ ծառայությանը, բայց դա իրենք են ստորագրել և պետք է հարգեն սեփական ստորագրությունը։ Նրանք կկորցնեն տրանզիտ երկիր դառնալու հնարավորությունը, որովհետև բոլոր այս սպեկուլյացիաները «խաղաղության խաչմերուկի» մասին՝ առանց Ադրբեջանի, անհնար են ու անիրական»,-ասել է Ալիևը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին, Ալիև նշել է, որ այժմ Հայաստանն ու Ադրբեջանն առավել մոտ են խաղաղությանը, քան երբևէ։

«Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը: Մեզ մնում է միայն մանրամասները մշակել: Բայց, իհարկե, երկու կողմերին էլ ժամանակ է պետք»,-նշել է նա։

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը, ապա Ադրբեջանի նախագահի համոզմամբ, այդ հարցու լուծվել է Ալմա-Աթայի հռչակագրով։

«Մենք տարածքային պահանջ չունենք ՀՀ նկատմամբ և առաջնորդվում ենք Ալմա-Աթայի հռչակագրով։ Երբ նրանք հայտարարեցին, որ չունեն տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ, մենք նույնը արեցինք ՀՀ նկատմամբ»,-հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում