Վարչապետն ընդունել է կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով կարդինալին կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել մեր երկրի համագործակցությունը Սուրբ Աթոռի հետ և ընդգծել Սուրբ Աթոռի դերը քրիստոնեական հավատքի ամրապնդման, աշխարհում խաղաղության և համերաշխության հաստատման գործում: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել կարդինալի գործունեությունը, որը նպաստում է հոգևոր-բարոյական արժեքների տարածմանը, մշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև համաշխարհային մշակույթի ժառանգության մաս կազմող հայ հոգևոր մշակույթի ճանաչմանը:

Կարդինալ Ռավազին կարևորել է երկկողմ համագործակցությունը հայկական մշակույթը Սուրբ Աթոռում լավագույնս ներկայացնելու գործում և համոզմունք հայտնել, որ փոխայցելությունները կնպաստեն Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների ամրապնդմանը:

Վարչապետ Աբրահամյանը և կարդինալ Ռավազին քննարկել են նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանը, միջազգային ասպարեզում հայ մշակույթի տարածմանը վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում