Հետզհետե կրճատվող եկամուտը Tesla-ին ստիպել է նոր մոդելներ թողարկել

Հետզհետե կրճատվող եկամուտը Tesla-ին ստիպել է նոր մոդելներ թողարկել

Էլեկտրամբոլիների ամերիկյան արտադրող Telsa ընկերությունը 2024թ․ առաջին եռամսյակում արձանագրել է հասույթի 9 տոկոս անկում, իսկ զուտ եկամուտը նվազել է 2,2 անգամ։ Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Ընկերության տարածած հաղորդագրությանը։

Ըստ աղբյուրի՝ Tesla-ի եկամուտն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 1,13 մլրդ դոլար՝ անցյալ տարվա 2,5 մլրդ դոլարի համեմատ, իսկ եռամսյակային հասույթը 23,3 մլրդից իջել է 21,3 մլրդ-ի։

Միևնույն ժամանակ, ընկերության բաժնետոմսերը թանկացել են ավելի քան 13 տոկոսով։

Ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը, անդրադառնալով բաժնետերերին, ասել է, որ ընկերությունը թարմացրել է ավտոմեքենաների շարքը, որպեսզի նախատեսվածից շուտ թողարկի նոր մոդելները։

Ավելի վաղ Ընկերությունը հայտարարել էր, որ 2025-ի երկրորդ կեսին թողարկելու է նոր մոդելները։

Նոր մոդելների վերաբերյալ հայտարարելու ժամանակ Մասկը  նշել էր, որ դրանք կթողարկվեն նույն արտադրական հոսքագծով, ինչպես նախորդները ու կլինեն նաև մատչելի մոդելներ։

Tesla -ի հիմնադիրն ավելի վաղ խոսել էր նաև առանց վարորդ մեքենաների մշակման մասին, որոնք պլանավորում են թողարկել օգոստոսին։

Միևնույն ժամանակ, վերլուծաբանները պնդում էին, որ առանց վարորդ տրանսպորտային միջոցները տեխնոլոգիական, իրավական ու օպերացիոն խնդիրներ են ունենալու։

Որոշ ներդրողներ ընկերությանը կոչ են արել կենտրոնանալ ավելի էժան, մատչելի էլեկտրամոբիլների արտադրության վրա, որպեսզի մեծ շուկա կարողանան ապահովել։

Ի դեպ, առանց վարորդ փոխադրամիջոցների արտադրության մասին  հայտարարելուց հետո հայտնի դարձավ, որ Ընկերությունը կկրճատի 2688 աշխատակից՝ Օստինում գտնվող գործարանից և ավելի քան 3000 աշխատատեղ՝ Կալիֆոռնիայում։

Տեխասի նահանգում գտնվող  Tesla-ի գործարանի աշխատակիցների 12%-ն արդեն ազատվել են աշխատանքից։

Ընթացիկ տարվա սկզբից մինչև հիմա Tesla-ի բաժնետոմսերն էժանացել են մոտ 43 տոկոսով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում