Իրանում նշել են հայկական Սուրբ Ամենափրկիչ տաճարի 350-ամյակը

Իրանի Սպահան նահանգում տոնել են հայկական Սուրբ Ամենափրկիչ տաճարի 350-ամյակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Eurasia Review պարբերականը, միջոցառմանը մասնակցել է նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը, Սպահան նահանգի արքեպիսկոպոս Բաբկեն Չարյանը, ինչպես նաև Իսֆահանի բնակիչներ և պաշտոնյաներ: Մատուցվել է պատարագ, որի ընթացքում արքեպիսկոպոս Չարյանն աղոթք է կարդացել առ Աստված և սուրբ հաց բաժանել հավատացյալներին:

Սուրբ Ամենափրկիչ վանքը հիմնադրվել է 18-րդ դարում: Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է 1658-1662 թթ., ունի 18-րդ դ. սկզբով թվագրված նվիրատվական արձանագրություններ: Վանքային համալիրի փառավոր տաճարի կառուցումը տևել է 9 տարի` 1655-1664 թթ: Որմնանկարները բազմաթեմա են` վերցրած Նոր և Հին Կտակարաններից: Թեմատիկ բազմաֆիգուր հորինվածքները շրջապատված են համատարած զարդանկարներով` պարսկականից փոխառնված տարրերով: Ամբողջովին աղյուսաշեն եկեղեցու արտաքին ճարտարապետությունը պարսկաոճ է:

Ամեն տարի ապրիլի 23-ին հայերը հավաքվում են տաճարում և մոմեր վառում ի հիշատակ իրենց նահատակների: Տաճարի բակի մի անկյունում սենյակներ և սրահներ են կառուցվել հյուրերին` Սպահանի արքեպիսկոպոսին և նրա շքախմբին, ինչպես նաև Իրանի մյուս հայկական կրոնական առաջնորդներին ընդունելու համար: Բակի մյուս հատվածում` տաճարի դիմաց վեր են խոյանում վանքի գրադարանը և թանգարանը:

Գրադարանը պարունակում է ավելի քան 700 ձեռագիր և հայկական ու միջնադարյան եվրոպական հազվագյուտ աղբյուրներ: Իսկ թանգարանում պահվում են տարբեր տեսակի եզակի ու անգին իրերի հավաքածուներ` հավաքված ամբողջ հայկական աշխարհից: 1871 թվականին կառուցված թանգարանը տաճարի և Սպահանի հայ համայնքի պատմության բազմաթիվ վկայություններ է պարունակում` ներառյալ 1606 թվականին Շահ Աբբաս Ա-ի` Նոր Ջուղայի կառուցմանը հրամանագիրը: Թանգարանի շլացնող հավաքածուի մասն են կազմում նրբագեղ Աստուածաշունչները: Այնտեղ ցուցադրված ընդամենը 7 գրամ կշռող Աստվածաշունչը համարվում է աշխարհի ամենափոքր տեքստը` գրված յոթ լեզվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում