Մենք հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Շոլց

Մենք հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Շոլց

Հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով։ Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են։ Ինձ հետ Ձեր վերջին հանդիպման ժամանակ ասել էիք, որ բոլոր հարցերը լուծվելու են քննարկման միջոցով։ Ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Գերմանիան պատրաստ է աջակցել երկու երկրներին անհրաժեշտ փոխզիջումներ գտնելու հարցում։ Մենք գոհ ենք սահմանազատման նախնական պայմանավորվածությունից։ Ես խրախուսում եմ համարձակ քայլն այս ուղղությամբ»,- ասել է Շոլցը։

Հիշեցնենք, որ Ալիևն աշխատանքային այցով Բեռլինում է, որտեղ մասնակցել է Պետերսբերգի XV կլիմայական երկխոսության բարձր մակարդակի միջոցառմանն ու հանդես եկել ելույթով։ Նախատեսված են նաև Ադբրեջանի նախագահի հանդիպումները Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի և ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ։

Նշենք, որ «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայրի առջև, որտեղ տեղի է ունենում Շոլց-Ալիևի հանդիպումը, տեղեկացնում է Գերմանիայում Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը՝ իր X-ի էջում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում