Իրանն անխոցելի է Արևմուտքի պատժամիջոցների հանդեպ․ Իբրահիմ Ռաիսի

Իրանն անխոցելի է Արևմուտքի պատժամիջոցների  հանդեպ․ Իբրահիմ Ռաիսի

Թեհրանում բացված «Իրան էքսպո-2024» վեցերորդ միջազգային ցուցահանդեսը ցույց է տալիս, որ Իրանն անխոցելի է արևմտյան պատժամիջոցների հանդեպ։ Այդ մասին,  ISNA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի իսլամական հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին՝ ցուցահանդեսի բացման արարողությանը։

«Մինչև հիմա Իրանը մեկուսացնելու թշնամական պլանները հաջողության չեն հասել և որևէ արդյունքի չեն հասնի նաև ապագայում»,-Ռաիսիի խոսքը մեջբերում է ISNA  գործակալությունը։

Ռաիսին իր խոսքում նշել է, որ սպառնալիքներն ու պատժամիջոցներով ճնշելու փորձերն Իրանի երիտասարդությունը վերածել է զարգանալու հնարավորության։

«Ամերիկյան վարչակարգը պետք է խոստովանի, որ Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների քաղաքականությունը խայտառակ կերպով ձախողվել է»,-ասել է Ռաիսին։

Անդրադառնալով ատոմային և պաշտպանական ոլորտներում արձանագրված զարգացմանը՝ Իրանի ղեկավարն ընդգծել է՝ երկիրը խնդիր չի դրել ատոմային զենք ունենալու, այլ ատոմային ոլորտում ունեցած ձեռքբերումներն օգտագործվում են տարբեր ոլորտներում։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Լյուքսեմբուրգում կայացած ԵՄ հերթական նստաշրջանին  Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրները հասել են քաղաքական համաձայնության՝ իրանական ԱԹՍ-ներ և հրթիռներ արտադրողների դեմ պատժամիջոցների ընդլայման հարցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում