«Լրագրողներ առանց սահմանների»-ն Ալիևի այցից առաջ դիմել է Օլանդին

Միջազգային իրավապաշտպան «Լրագրողներ առանց սահմանների» կազակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելորը բաց նամակ է ուղարկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Նամակում նա Օլանդին կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ վերջինիս ուշադրությունը հրավիրել մամուլի և լրագրողների նկատմամբ կիրառվող բռնություններին ու ճնշումներին: 

«Մենք ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում անկախ մամուլի ծայրահեղ վիճակի վրա: Երկրի իշխանություններն աննախադեպ դաժանությամբ ճնշում են Ադրբեջանի պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ լրագրողներին, մի երկրի, որը 160-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում մամուլի ազատության ինդեքսում»,- նշել է Դելորը: Նա փաստել է, որ անկախ թերթերը ստիպված փակվում են իշխանությունների գրաքննության և խիստ վերահսկողության հետևանքով: Հիշեցնելով, որ Ադրբեջանում կան ձերբակալված առնվազն 13 լրագրող և բլոգեր, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ երկիրը վերածվել է լրագրողների համար Եվրոպայում ամենամեծ բանտի:

«Նման իրադրությունը ստիպում է շատ լրագրողների լքել երկիրը, ինչպես դա տեղի ունեցավ Ռաուֆ Միրքադիրովի հետ: Սակայն դա էլ չի փրկում Ադրբեջանի իշխանությունների հետապնդումներից: Ապրիլի 18-ին Միրքադիրովը ձերբակալվել էր Թուրքիայում և արտաքսվել էր Ադրբեջան, որտեղ մեղադրվել էր լրտեսության մեջ»,- նամակում գրել է Դելորը: Նա նշել է, որ ադրբեջանական իշխանությունները ձգտում են վերացնել բազմակարծությունը մամուլում, ինչպես վերացնում են օրենքի գերակայությունը:

«Մենք Ձեզ խնդրում ենք ադրբեջանցի Ձեր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ նրան հստակ ներկայացնել այս պահանջները և խնդրել ազատել ձերբակալված լրագրողներին և բլոգերներին: Բացի այդ, մենք համոզիչ կերպով խնդրում ենք հստակորեն հասկացնել Ալիևին, որ նրա կառավարության կողմից տեղեկատվական ազատության խափանումը անհամատեղելի է Փարիզի և Բաքվի սերտ հարաբերությունների, ինչպես նաև ԵԽ նախարարների հանձնաժողովում Ադրբեջանի նախագահության հետ»,- եզրափակել է Դելորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում