Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատին ՀՀ քարտեզն է՝ «Արևմտյան Ադրբեջան» անվանմամբ
Նմանատիպ
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը զգոնության կոչ է անում՝ Ադրբեջանի պետական քարոզչական մեքենային հաջողվել է իր հասարակության համար «ազգային նպատակ» դարձնել Հայաստանի նվաճումը։
Որպես փաստ՝ թյուրքագետը ներկայացրել է այդ երկրում անցկացված սոցհարցման տվյալները։
«Ադրբեջանական սոցիալական հետազոտությունների կենտրոնը Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատվերով իրականացրել է սոցիոլոգիական հարցում՝ նվիրված այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանին» (այսինքն՝ Հայաստանի Հանրապետությանը)։
Հարցման արդյունքները վկայում են, որ թշնամական երկրում պետական քարոզը այնքան մեծ ծավալների է, որ ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ։
Առանց հավելյալ մեկնաբանության տեղադրում եմ հետազոտությունից մի քանի հարցերի պատասխաններ, քանի որ դրանք ինքնին շատ խոսուն են՝ մեզ համար Հայաստանի դե-ֆակտո իշխանության կողմից կառուցվող «ապագայի» համատեքստում։
Ստորև հարցերը.
«Զանգեզուրը», «Իրևանը» և «Գյոյչան» (Սևան) (այսինքն՝ Արևմտյան Ադրբեջանը) համարո՞ւմ եք Ադրբեջանի տարածքները» հարցին 96,2 %-ը պատասխանել է «այո»։
«Որքա՞ն ժամանակից կիրականանա դեպի «Արևմտյան Ադրբեջան» վերադարձը» հարցին հարցվածների 58,1%-ը պատասխանել է՝ «առաջիկա 5 տարում», իսկ 19,9%-ը՝ «5-10 տարում»։
«Արևմտյան Ադրբեջան վերադարձի քաղաքականության ո՞ր ձևաչափին եք աջակցում» հարցին 73%-ը պատասխանել է «բանակցությունների միջոցով», իսկ 15,7%-ը «ռազմական ճանապարհով»։
«Արևմտյան Ադրբեջան վերադարձը կախվա՞ծ է «Զանգեզուրի միջանցքից»» հարցին հարցվածների 76,9%-ը պատասխանել է, որ «միջանցք»ի բացումը պարտադիր պայման է այդ վերադարձի համար»։
Համադրելով այս հարցման արդյունքները ներկայումս Ադրբեջանի վարած ռազմական և դիվանագիտական քաղաքականության հետ՝ կտեսնեք, թե իրականում ինչու է նրանց պետք այս պահին հնարավորինս արագ գրավել Տավուշի ամենաամրացված հատվածները։
Իսկ կից նկարում Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատի վրա «Արևմտյան Ադրբեջանի» քարտեզն է»,- գրել է թյուրքագետը՝ հրապարակելով լուսանկարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում