ՀՀ իշխանությունը Հայաստանի ազգային օպերատոր է դարձրել Ալիևի ընկերոջը․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր միջոցներով փորձում է համոզել տավուշցիներին բացել ճանապարհը, Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն այս անգամ իր զեկույցում նշել է, որ ՀՀ իշխանություններն այլևս չեն վայելում հասարակության աջակցությունը․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել է գերլարված մթնոլորտում։ Մասնակիցներից մեկի պատմելով, Փաշինյանը հանդիպման սկզբից մինչեւ վերջ սպառնացել է կիրանցիներին՝ թե չի ստացվելու դիմադրել: Ասել է` եթե չբացեն ճանապարհը, կամ խոչընդոտեն սահմանազատման-սահմանագծման աշխատանքներին, միեւնույն է` ուժի գործադրմամբ են այդ աշխատանքներն իրականացնելու։ Գյուղացիներից մեկն ասել է, որ իր տան դիմաց տանկ կկանգնեցնի, մյուսը՝ կվառի, ամեն ինչ կանեն, որ թույլ չտան ադրբեջանցիների ոտքը Կիրանց մտնի, Փաշինյանն ասել է՝ անօգուտ է, ինչ էլ անեք, միեւնույն է ոչինչ չեք կարող փոխել։
Վախեցնելուց բացի նաեւ ամոթանք է տվել իր համերկրացիներին՝ մոտավորապես, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջեք, որ փրկեք ողջ Հայաստանը, կանխեք պատերազմը, ասել է` իբր այս գործընթացը Հայաստանի անկախության, գոյության համար է արվում։
Կիրանցիները, որ արդեն տասն օրից ավելի է ի նշան բողոքի, փակ են պահում միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը՝ իշխանություններին փորձելով հետ պահել միակողմանի զիջումներից, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում տեղեկացել են, որ հայ-ադրբեջանական նոր սահմանն անցնելու է ոչ թե գյուղի մեջտեղում գտնվող կամրջի կեսով, այլ ավելի խորքից, Փաշինյանն ասել է, որ հնարավոր է գյուղը կիսվի, մեծ մասն անցնի Ադրբեջանին, մասնագետների առաջիկա աշխատանքների արդյունքում կորոշվի, թե կոնկրետ որտեղով է գծվելու սահմանը: Գյուղացիները խնդրել են՝ գոնե կամուրջը չտալ, ասել է՝ հնարավոր չէ, նշել է նաեւ՝ իբր ինքն էլ չի իմացել, որ գյուղը կիսվելու է, նախնական տարբերակով` ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմն այդ մասին տեղեկացված չեն եղել, իբր ՌԴ ԳՇ քարտեզները ստանալուց հետո են դա իմացել: Նորից փորձել է մեղքը բարդել ռուսների վրա, թե` ռուսներն են այդպես ուզում, որն իր սրտով էլ չի։ Ավելին, ասել է, որ Կիրանցում ճանապարհ փակող ընդդիմադիրները իրականում ոչ թե օգնում են իրենց, այլ վնասում՝ էլ ավելի գրգռելով ադրբեջանական կողմին, ու եթե ճանապարհ փակողները միայն կիրանցիներ լինեին, ապա ինքը կայցելեր Կիրանց, ոչ թե իրենց կհրավիրեր կառավարություն։ Փորձել է կիրանցիներին տրամադրել ճանապարհը փակող համագյուղացիների եւ նրանց պարբերաբար այցելող եւ աջակցություն հայտնող քաղաքական-հասարակական գործիչների դեմ։
Միեւնույն ժամանակ` անվտանգության զրո երաշխիք է տվել, ասելով` գործընթացը կյանքի կոչելուց հետո՝ գուցե 7 օր խաղաղ ապրեք, բայց 8-րդ օրը չի կարող ասել՝ ինչ կլինի։ Փորձել է հանգստացնել, թե տուն կորցնողները փոխհատուցում կստանան, կքննարկեն այդ հարցը, բայց կիրանցիները սաստել են Փաշինյանին, ասել են, որ ընդհանրապես չեն ուզում այս թեման քննարկել, իրենք չեն պատրաստվում աճուրդի հանել հայրենիքը։
Այդուհանդերձ, հանդիպումն ու լսածներն այնքան հուսահատեցնող է եղել, որ կիրանցիները թեւաթափ եղած են դուրս եկել, մի կին անգամ լաց է եղել: Նրանք վերադարձել են հայրենի գյուղ, իսկ երեկ անգամ գյուղամիջում քննարկել են, թե անիմաստ են այս ակցիաները՝ միեւնույն է՝ Փաշինյանն իր սեւ գործն ավարտին է հասցնելու, չնայած դրան` շատերը դեմ են հանձնվելուն, երեկ քննարկել են նաեւ դաշտամիջյան ճանապարհները փակելու հարցեր, որպեսզի թույլ չտան սահմանը գծող ու սյուներ տեղադրող մասնագետները գաղտագողի գնան, քարտեզագրման աշխատանքներ իրականացնեն։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Նրանց իշխանության օրոք անցկացված Երեւանի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ, հօգուտ իշխող ուժի, վարչական ռեսուրսի կիրառման դեպքերն այնքան ակնհայտ են եղել, որ անգամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների աչքից դրանք չեն վրիպել:
Այսպիսով` Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր` 2024 թվականի զեկույցում արձանագրել է, որ ավագանու 2023 թվականի ընտրությունները 2018 թվականի հեղափոխությունից հետո տեղի ունեցած երբեւէ ամենաշատ վարչական ռեսուրսի կիրառումով ընթացած ընտրություններն են եղել:
Կազմակերպությունը մի կողմից նշել է, որ ընտրական գործընթացը հիմնականում իրականացվել է ազատ և թափանցիկ եղանակով, մի կողմից էլ հստակ արձանագրել է, որ ՔՊ-ն ակնհայտ վարչական ռեսուրսի կիրառման է դիմել:
Ըստ Freedom house-ի զեկույցի՝ ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղական դիտորդները և անկախ լրատվամիջոցները նկատել են վարչական ռեսուրսների համատարած չարաշահում` իշխող կուսակցության օգտին. օրինակ՝ կասկածելի իրավական հիմքերով քարոզարշավին թաղապետերի և նրանց տեղակալների ներգրավումը, կամ քարոզարշավի ընթացքում պետության կողմից ֆինանսավորվող քաղաքային բարեկարգման ծրագրերը, որոնք դիտվում էին որպես ընտրողների վրա ազդելու փորձ:
Կազմակերպությունը նաև արձանագրել է, որ ՔՊ-ի կողմից կազմակերպված հանրահավաքներին քաղաքապետարանի, վարչական և կրթական հաստատությունների աշխատակիցներ են մասնակցել։
Freedom House-ն իր զեկույցում նաև շեշտել է, որ ավագանու ընտրություններին մասնակցությունն աննախադեպ ցածր է եղել, ինչը, ըստ կազմակերպության, վկայում է, որ հայ հանրությունը չի աջակցում ո՛չ հեղափոխական իշխանությանը, ո՛չ էլ նախկին իշխանությունների կողմից առաջարկվող այլընտրանքին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը նաեւ Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավորն է, յուրայինների միջոցով փորձում է ցրել միջպետական ճանապարհը փակած կիրանցիներին եւ նրանց աջակցության գնացած տարբեր գործիչներին, որոնք արդեն տասն օրից ավելի է գիշերում են փողոցում՝ թույլ չտալով Կիրանցում սահմանազատման-սահմանագծման աշխատանքներ իրականացնել։
Գյուղից մեզ պատմեցին, որ երեկ մի խումբ կիրանցիներ փորձել են մտքափոխ անել պայքարողներին, որ քանդեն ճանապարհին տեղադրված վրանը եւ փորձել են բոլորին տուն ուղարկել՝ հիմնավորմամբ, որ պայքարն արդյունք չի տալիս: Որպես փաստարկ ասել են, որ եթե հանդամիջյան ճանապարհները բաց են, ապա մասնագետներն այդ ճանապարհներով կարող են բարձրանալ հանձնվող տեղանքներն ու սյուներ տեղադրելու աշխատանքներն իրականացնել։ Սակայն պայքարողները չեն տրվել սադրանքներին եւ երեկ քննարկում էին նաեւ հանդամիջյան ճանապարհները փակելու հարցը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հայաստանում ներդրված նոր QR կոդերի համակարգը իր հետեւից բերելու է ՀՀ-ում արտադրված եւ ՀՀ ներմուծված մի շարք ապրանքատեսակների թանկացման: Իսկ գոյացած գումարի կեսը գնալու է, РБК-ի տվյալներով, ուզբեկ բիզնես մագնատ Ալիշեր Ուսմանովին: Տարբեր տեղեկությունների համաձայն` Ուսմանովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընկերն է:
Իսկ հիմա ամեն ինչի մասին՝ հերթով: Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության հովանավորությամբ նոր գագիկխաչատրյաններ են ծնվում, որոնք հարստանում են հենց պետության հաշվին՝ առանց լուրջ ջանքեր գործադրելու: Իբրեւ ԵԱՏՄ անդամ երկիր Հայաստանը ենթարկվում է վերպետական այդ կառույցի կանոններին, որոնցից մեկը ապրանքների նույնականացման համակարգն է: Հայաստանում այսօր ծխախոտը, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքները, այդ թվում՝ գարեջուրը, ջուրը, տեխնիկայից` դյուրակիր համակարգիչներն ու բջջային հեռախոսներն արդեն վաճառվում են QR կոդով։ Իսկ ո՞վ է QR կոդերն արտադրող բիզնեսմենը, որը ահռելի գումարներ է աշխատելու:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ապրանքների դրոշմավորման համար ՀՀ կառավարությունն ազգային օպերատոր է ընտրել, որին տրվել է ապրանքների նույնականացման բացառիկ իրավունքը։ «Հետքը» դեռ այս տարվա հունվարին հրապարակել էր` 1 հատ QR կոդն արժե 4.2 դրամ, իսկ տպագրությունը՝ 2.2 դրամ։ Առանց արտադրական պրոցեսում առաջացած այլ ծախսերի՝ միայն QR ստանալու եւ 1 միավոր ապրանքի վրա փակցնելու համար տնտեսվարողը վճարում է 6.4 դրամ։ Օրինակ՝ նախորդ տարվա 11 ամսում Հայաստանում շշալցվել է 53 միլիոն լիտր ջուր։ Եթե հաշվենք, որ արտադրված ջուրը շշալցվել է 1-ական լիտր ծավալով տարաներում, ապա ստացվում է, որ 53 միլիոն հատ QR կոդ է ստացվել, որն արժե 222 միլիոն դրամ (550 հազար ԱՄՆ դոլար՝ առանց տպագրական ծախսի): Նկատեցի՞ք, սա միայն 11 ամսվա եւ միայն շշալցված ջրերի վրա փակցված QR կոդից գոյացած գումարի չափն է, որի ուղիղ կեսը՝ 111 մլն դրամը գնալու է ուզբեկ մեծահարուստի գրպանը` մոտ 270 հազար ԱՄՆ դոլար։ Ջրերի նոր QR կոդի կիրառումը սկսվելու է մայիսի 1-ից: Իսկ ո՞վ է այս նոր խոշոր բիզնեսի հայ գործընկերը, որը ուզբեկ գործարարի հետ, կառավարության որոշմամբ, 2020 թվականի դեկտեմբերին դարձել է ազգային օպերատոր:
QR կոդի բիզնեսը, ըստ «Հետքի», պատկանում է կոնսորցիումով հանդես եկող` «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ին: Այդ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թ .-ին, 50/50 «փայերով» երկու բաժնետեր ունի՝ Ռուսաստանում գրանցված` ‘Центр развития перспективных технологий” ՍՊԸ-ն եւ Հայաստանում հիմնադրված «Ֆրուկտուս» ՍՊԸ-ն։ «Ֆրուկտուս» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Նարեկ Սեդրակի Եսայանն է. ոչ թե «Թիմ տելեկոմի» Եսայան եղբայրները, այլ նրանց ազգականն է Նարեկը` մերօրյա գագիկխաչատրյանը, որը, QR կոդերի պետական հովանավորությամբ ստեղծված գերեկամտաբեր բիզնեսով, շուտով մուլտի միլիարդատեր է դառնալու:
ՍՊԸ-ի մյուս բաժնետերը՝ ‘Центр развития перспективных технологий” ՍՊԸ-ն, ռուսական РБК-ի փոխանցմամբ, կապվում է ուզբեկական ծագմամբ ուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի հետ: QR կոդերից ստացված գումարի ուղիղ կեսը գնալու է նրան՝ Իլհամ Ալիեւի ընկերոջը: Forbes-ը հրապարակել է, որ Գերմանիայի իշխանությունները Համբուրգում կալանքի տակ են վերցրել պատժամիջոցների տակ ընկած ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի` 156 մետր երկարությամբ «Դիլբար» շքեղ զբոսանավը, որը գնահատվում է 600 միլիոն դոլար։ Այսինքն՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանը հակադրվում է Ռուսաստանի Դաշնությանը, մյուս կողմից ՌԴ օլիգարխին դարձրել է ազգային օպերատոր:
Հետաքննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխող խմբակը վերջին երկու օրերին նոր տերմին է դրել շրջանառության մեջ՝ փորձելով տեղի ունեցող միակողմանի զիջումները, որը փաթեթավորել են սահմանազատում-սահմանագծում անվան տակ, կրկին ջարդել նախկինների գլխին։ Մեկը մյուսին կապկելով նրանք իրենց ելույթներում շեշտում են, որ ոչ թե տարածքներ են հանձնում կամ փոխանակում, այլ սահմանն են վերարտադրում, կամ ինչպես Արսեն Թորոսյանն է բնորոշել՝ հողի վրա գծում են Ալմա Աթայի հռչակագրով նախատեսված սահմանը։ Մինչդեռ մինչեւ վերջերս ՔՊ-ականները մեկը մյուսին հերթ չտալով հայտարարում էին, թե հայ-ադրբեջանական սահման գոյություն չունի, իրենք առաջին անգամ սահման են գծում, Նիկոլ Փաշինյանն էլ արդեն քանի տարի է թմբկահարում է, որ Հայաստանը կադաստրի վկայական, այն է՝ պետական սահման չունի։
Երեկ ՔՊ խմբակցության պատգամավոր, անկուսակցական Հերիքնազ Տիգրանյանը, հետ չմնալով կատաղի ՔՊ-ականներից, կրկնեց «սահմանի վերարտադրության» մասին հնարովի թեզը, հարցրեցինք՝ եթե կա հայ-ադրբեջանական սահման, ի՞նչ իմաստ ունի վերարտադրել այն, արդյոք այդ «վերարտադրությունը» կազմակերպել են, որ միակողմանի զիջումների գնան, սակայն պատգամավորը հստակ պատասխան չտվեց՝ ասելով միայն. «Մենք ունենում ենք վերականգնված եւ վերահաստատված այն սահմանները, որոնք ունեինք Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Զիջումներ չեն լինում, Հայաստանի տարածքից ոչինչ չի տրվում»։
Մինչդեռ ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տրաքացրեց իշխանության փչած այդ փուչիկը՝ հայտարարելով, թե այն քարտեզները, որոնցով պետք է գործընթացն իրականացնեին, անհետացել են Կադաստրի կոմիտեից։ Նա բացարձակ սուտ որակեց արդարադատության նախարարության այն հայտարարությունը, համաձայն որի «Սահմանազատման գործընթացն իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա»: Պատգամավորը հիշեցրեց Սովետական ժամանակաշրջանի սահմանազատման, սահմանագծման աշխատանքների վերաբերյալ վերջին ակտը` «Հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների ճշգրտման մասին» 1988 թ․արձանագրությունը, որը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի հողօգտագործման և հողաշինարարության գերատեսչությունների ղեկավարների կողմից և հաստատվել երկու երկրների կառավարության ղեկավարների առաջին տեղակալների կողմից: Հայաստանի կողմից այդ փաստաթուղթը հաստատել էր լուսահոգի Վլադիմիր Մովսիսյանը` սովմինի նախագահի տեղակալը, եւ դրան կցված են տասնյակ արձանագրություններ:
«Տավուշի հետ կապված Արձանագրության 6-րդ կետում նշված է, որ Բաղանիսին և Ոսկեպարին փոխհատուցվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչների կողմից Հայաստանի զավթված տարածքներին հավասար մեծության տարածք»։ Աբրահամյանն ասաց, որ 2022 թվականին, այդ քարտեզները դեռևս պահվում էին Հայաստանի Կադաստրի կոմիտեում, իսկ հիմա այլևս գոյություն չունեն, ինչը նշանակում է, որ իշխանությունը միակողմանի զիջումների է գնում: Գուցե նաեւ` վերացնելով հետքերը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում