Արևմուտքը պահանջում է լուծարել ՀՀ ԱԱԾ-ն․ առավոտյան մամուլը Times.am-ում

Արևմուտքը պահանջում է լուծարել ՀՀ ԱԱԾ-ն․ առավոտյան մամուլը Times.am-ում

Ընդդիմադիր լրատվամիջոցների լրագրողներին ճնշումների ենթարկելու բազմաթիվ դեպքերի ֆոնին իշխանությունները երեկ հերթական անգամ ապացուցեցին, որ ժողովրդավարությունը Հայաստանում միֆ է, իսկ կալանքն ընդամենը քաղաքական գործիք, կազմակերպված ձևով պաշտպանության տակ առնելով սեփական լրագրողին․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր կողմից բարձրաձայնած խնդիրներից մեկին` սպիտակ տուփերով անհայտ ծխախոտների թեմային, ՊԵԿ-ն արագ արձագանքեց, սակայն ինչպես փոխանցում են ուժային համակարգի մեր աղբյուրները՝ խնդիրն ամբողջովին լուծված չէ, ու դեռ նկատվում է նման տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն: Պարզ չէ՝ դրանք ավելի վաղ շուկա մտած անօրինական ապրանքի մնացորդնե՞րն են, թե՞ գործ ունենք նոր խմբաքանակի հետ: Մեզ փոխանցում են, որ շուկայում շրջանառվում է նաև արտաքնապես ոչնչով չտարբերվող ծխախոտի խմբաքանակ, որը, ամենայն հավանականությամբ, դուրս է գալիս օդանավակայանների ու մաքսակետերի «Դյութի ֆրի»-ներից. դրանք ազատ մաքսային տարածքներ են, որտեղ վաճառվող ապրանքների վրա չի տարածվում ակցիզային կամ այլ հարկատեսակ: Ստացվում է, որ նման ճանապարհով շուկայում հայտնված ու նույն գնով վաճառվող ապրանքից պետական բյուջե մուտքեր չեն կատարվում, ավելին՝ նման ապրանքը, ի տարբերություն սպիտակ տուփերով ծխախոտի, նույնիսկ էժան չէ, ու, ըստ էության, կազմակերպիչները գերշահույթ են ստանում` ի հաշիվ պետության: Թեման շարունակելու է մնալ մեր ուշադրության կենտրոնում:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ, հանրության մեջ կա զգալի մեծ հատված, որը սպասում է օրվա իշխանություններին այլընտրանքի:

2022 թվականի մարտի սկզբներից պարբերաբար, այսպես ասած, «ջրի երես» է դուրս գալիս Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի անունը, որը բավական բարձր վարկանիշ ունի հանրության և մասնավորաբար այն մարդկանց շրջանում, որոնք որևէ քաղաքական ուժ չեն ներկայացնում, բայց և հասարակության մեջ ունեն ընկալելիություն: Այս ընթացքում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են շրջանառվում, որ Թաթոյանը զբաղվելու է ակտիվ քաղաքականությամբ, կուսակցություն է ստեղծելու և այլն: Սակայն որպես ՄԻՊ իր պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո անցած երկու տարում ինչ-որ պահի այս խոսակցությունները միշտ սառել են:

Հիմա, սակայն, «Փաստի» տեղեկություններով, Արման Թաթոյանը հստակ որոշում ունի՝ լրացնել վերոնշյալ այլընտրանքային «հատվածը»: Մեր աղբյուրի փոխանցմամբ, բաց է միայն այն հարցը, թե ինչ ձևաչափով է նա առաջիկայում հայտարարելու ակտիվ քաղաքականություն մտնելու մասին՝ շարժման տեսքո՞վ, թե՞ քաղաքական ուժի ղեկավար դառնալու: Ի դեպ, մեր տեղեկություններով, երկրորդ տարբերակի պարագայում էլ երկու հնարավորություն է դիտարկվում՝ սեփական կուսակցություն ստեղծելը կամ գործող այլ քաղաքական ուժ ղեկավարելը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության զեկույցներում առանձնակի ուշադրության կենտրոնում են երեխաների հանդեպ խտրականության, հասարակական չարաշահումների և մարդկանց թրաֆիքինգի դրսևորումները։

Ըստ զեկույցի՝ էթնիկ փոքրամասնական խմբերի, մասնավորապես՝ եզդիների, քրդերի ու մոլոկանների երեխաների շրջանում շատ ավելի ցածր է դպրոցի և դասերի հաճախելիության ցուցանիշը, և բարձր է իններորդ դասարանից հետո ուսումը կիսատ թողնելու ցուցանիշը: Փետրվարի 13-ին Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի հարցերով Եվրոպայի խորհրդի խորհրդատվական կոմիտեն անհանգստություն հայտնեց՝ եզդիների կողմից հանրակրթությունը կիսատ թողնելու բարձր ցուցանիշների վերաբերյալ, ընդ որում՝ աղջիկների շրջանում այդ ցուցանիշն ավելի բարձր էր, քան տղաների մոտ։ Կոմիտեն փաստում էր, որ իշխանությունների կողմից այս խնդրի լուծման ուղղությամբ բավարար ջանքեր չեն գործադրվել։ Թեպետ հիմնական և ավագ դպրոցներում դասավանդվում է ասորերեն, քրդերեն և եզդիերեն, սակայն եզդիական համայնքը նշում էր, որ եզդիերենի դասավանդման ծավալները բավարար չէին՝ հաշվի առնելով համայնքի մեծությունը։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ եզդիերեն դասավանդվում էր Արագածոտնի և Արմավիր մարզերի 27 դպրոցներում, ընդ որում՝ այդ դպրոցներից 15-ում (առավելապես Արագածոտնի մարզում) առարկան ներառված էր հիմնական ուսումնական ծրագրում։

Եզդի երեխաներից շատերը, ըստ հաղորդումների, դպրոց գնալու պահին հայերեն չգիտեն կամ վատ են խոսում։ Որոշ դեպքերում աղջիկներն ուսումը կիսատ են թողնում վաղ ամուսնությունների պատճառով, իսկ տղաները՝ ընտանիքի համար ապրուստի միջոցներ վաստակելու համար։

Ըստ փորձագետների՝ դպրոցներում ձևավորվել են գենդերային կարծրատիպեր ու դերեր։ Սրանք ներառել են տեսակետներ ու գործելակերպեր, որոնք նվազեցրել են աղջիկների դերը, որը արտացոլվել է տնտեսական գործունեության մեջ, ազդել է ղեկավար դիրքերում աղջիկների մասնակցության ցածր ցուցանիշի վրա, պատճառ է եղել կանանց գործազրկության բարձրացման, թերզբաղվածության, և նրանց է վերապահվել չվճարվող տնային աշխատանքի ու խնամքի գործառույթը։ Դասագրքերից եկող գենդերային կարծրատիպերն ու դասավանդման ընթացքում դրսևորվող գենդերային կողմնակալությունը հետ են պահել աղջիկներին միջին և ավագ դպրոցում բնագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և մաթեմատիկա առարկաներում խորանալուց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նրանք, ովքեր ասում են, թե Հայաստանը կրոնապետություն չէ, որ սրբազանը դառնա պետության ղեկավար, թերեւս չգիտեն, որ Բագրատ սրբազանը, ըստ գործող Սահմանադրության, չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին, քանի որ երկքաղաքացի է` Հայաստանի եւ Կանադայի քաղաքացիություն ունի: Կանադայի քաղաքացիություն ստացել է Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմը ղեկավարելու շրջանում: 2003 թ. մայիսին կանադահայոց թեմի 20-րդ պատգամավորական ժողովը նրան ընտրել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ, եւ մոտ 10 տարի ղեկավարել է թեմը: Հայաստան վերադարձել է 2013-ին։

Ի դեպ, նրա` երկրորդ ժամկետում ընտրվելու ժամանակ կեղծիքներ են գործի դրվել, քանի որ նա կանադահայոց շրջանում մեծ հեղինակություն է վայելել՝ սասանելով տեղի հայկական կուսակցությունների դիրքերը (ըստ որոշ հրապարակումների` ռամկավարների)։ Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար պարտադիր պահանջ է, որ վերջին 4 տարում անձը պետք է միայն ՀՀ քաղաքացի լինի։ Սա նշանակում է, որ չնայած շարժումը գեներացնողն ու առաջնորդողը սրբազանն է, բայց նա կարող է միայն ժամանակավոր լիդեր լինել` անցումային այս բարդ փուլում: Երբ գա պաշտոն զբաղեցնելու պահը, նա մի կողմ է քաշվելու եւ ուրիշին է զիջելու բնական կարգով ժողովրդի կողմից իրեն տրված «իշխանությունը»: Իսկ իշխանություն ձեւավորելու գործն արդեն պետք է ստանձնեն քաղաքական կուսակցությունները` օրենքով սահմանված կարգով եւ ընտրություններին ստացած քվեների միջոցով:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Սպասելի էր, որ փաշինյանական իշխանությունները, առաջին հերթին՝ ռեակցիոնռեպրեսիվ օրգանները կայծակնային արագությամբ կարձագանքեն ՔՊ-ի յուրային քարոզչամիջոցի ներկայացուցչի հետ ԱԺ տարածքում տեղի ունեցած միջադեպին: Այդպես էլ եղավ. քպականների տոտալ աղմուկի ֆոնին Քննչական կոմիտեն «արագի մեջ» վարույթ է նախաձեռնել: Անկասկած է, որ անթույլատրելի է բռնության ցանկացած դրսևորում, ցանկացած ճնշում, առավել ևս լրագրողի նկատմամբ, որը պայմանավորված է նրա աշխատանքային ու մասնագիտական գործունեության հետ: Թե հատկապես ինչ է կատարվել խորհրդարանում, թող պարզի քննությունը, որի անկողմնակալությունն, ինչ խոսք, խիստ կասկածելի է:

Բայց նույնիսկ դա չէ հարցը: Հարցն այն է, որ հերթական անգամ կիրառվում են այս իշխանության համար սիրելի ու սովորական դարձած բազմակի ստանդարտներ: Ինչո՞ւ նույն քպականներն ու նրանց մերձ շրջանակները ճիշտ նույն կերպ չէին արձագանքում, դատապարտում այլ լրագրողների նկատմամբ բռնություններն ու ճնշումները, ինչո՞ւ իրավապահները վարույթ չէին նախաձեռնում: Օրինակնե՞ր: Դրանք բազմաթիվ են: Հայաստանի ժուռնալիստների միությունն, օրինակ՝ մի քանի դեպք է հիշեցրել իր հայտարարության մեջ:

ԱԺ գործող փոխնախագահ Հակոբ Արշակյանը սրճարանում հարվածեց լրագրող Փայլակ Ֆահրադյանին ու կոտրեց նրա համակարգիչը: «5-րդ ալիքի» լրագրող Կարինե Մանգասարյանին ԱԺ-ում քպական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Քրիստինե Պողոսյանը փողոցային բառապաշարով սպառնացին ու քաշեցին վերջինիս միկրոֆոնը՝ փորձելով գցել այն: Լրագրողներ Անի Գևորգյանին ու Սյուզի Բադոյանին ԱԺ նախագահի հրահանգով ոստիկանները տառացիորեն քարշ տալով դուրս բերեցին ԱԺ շենքից:

Տավուշում անմարդկային կերպով, ձեռնաշղթաներով գետնին նետեցին Անի Գևորգյանի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին: ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, սանձարձակ վարքագիծ դրսևորելով, վիրավորեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին: Նույն Հռիփսիմե Ջեբեջյանի ու Անի Գևորգյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո իսկական տեռոր սկսվեց: Ոստիկաններն օրերս հրեցին ու գցեցին Oragir.news. am կայքի լրագրող Անի Ներկարարյանին: Ընդ որում, վերը նշված օրինակներն ամբողջական չեն: Եվ բոլոր այդ դեպքերում… ոչ մի իրավական հետևանք, ոչ մի դատապարտում: Ավելին, իշխանությունների քարոզչամեքենան նման դեպքերում ակտիվանում և արդարացնում էր նման պահվածքը «ոչ յուրային» լրագրողների նկատմամբ: Իսկ հիմա հանկարծ բոլոր լեզուները բացվել են, իրավապահ համակարգն էլ նույնիսկ քրեական վարույթ է նախաձեռնել:

Կրկնում ենք, բացարձակ անընդունելի է ցանկացած բռնություն: Բայց դա պետք է գործի բոլորի համար հավասարապես: Թե չէ ստացվում է՝ ոմանց արյունը կապույտ է կամ ընդունված «խմբերից» տարբերվող…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ազգային անվտանգության ծառայությունում քննարկումներ են սկսվել կառույցի հնարավոր լուծարման մասին։ Մեր աղբյուրները հայտնում են, որ, ըստ խոսակցությունների, ԱԱԾ-ից հրաժարվելու պահանջը ներկայացվել է Արեւմուտքի կողմից՝ հիմնավորմամբ, որ Հայաստանի անվտանգության մարմինը ռուսականի ուղղակի ազդեցության ներքո է, Հայաստանի ԱԱԾ աշխատակիցները կրթություն են ստանում Ռուսաստանում, մասնավորապես՝ ФСБ-ի ակադեմիայում, ուստի հետագայում էլ պահպանում են անձնական կապերը, աշխարհայացքը, մտածողությունը, որը տիպիկ ռուսական է, հետեւաբար՝ Հայաստանում տեղի ունեցող ցանկացած շարժի մասին ՌԴ-ում առաջինն են իմանում։

Անգամ ԱԱԾ-ի գործառույթների մասով են արեւմտյան պատվիրատուները դերաբաշխում կատարել՝ սահմանադրական կարգի պահպանման գործառույթը կվերապահվի ՆԳՆ-ին, իսկ հակահետախուզությունը եւ ահաբեկչության դեմ պայքարի գործառույթները՝ արտաքին հետախուզության նորաստեղծ, բայց դեռեւս ուրվական կառույցին։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում