Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը․ Տիգրան Աբրահամյան

Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը․ Տիգրան Աբրահամյան

Ոստիկանական տարբեր ստորաբաժանումների և պատասխանատուների ապօրինի և իրական ոստիկանին ոչ հարիր կեցվածքը կրկնակի մտահոգիչ է, երբ մտածում ես, որ իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այն մեծ խանդավառությունը, հաճախակի հանդիպող անհոգ և ուրախ էմոցիաները, որոնք ապրում են ոստիկանության տարբեր խմբեր` Փաշինյանի հանձնման քաղաքականությունը ապահովելու և սպասարկելու տեսանկյունից, իսկապես խորը տարակուսանք է առաջացնում:

Մյուս կողմից, երեկվա տեսանյութերից մեկից էլ երևում է, թե ինչպես են ոստիկանության մի շարք ծառայողներ, մարդկանց կողքից անցնելիս գլուխները կախում, գլխարկները դեմքը քողարկելու աստիճան իջեցնում ու դեմքը փախցնում, ինչը ցույց է տալիս, որ չնայած նրանք շարունակում են անպատիվ օպերացիաների մասնակից լինել, սակայն գիտակցում են իրենց քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը:

Խնդիրը ոչ այնքան նրանում է, որ ոստիկանությունը անկախ օրենքների գոյությունից իշխանության քմահաճույքներն է կատարում, այլ այն, որ այս ամենը վաղուց դուրս է եկել ներքաղաքական պայքարի տրամաբանությունից և վերածվել ազգային-ազատագրական պայքարի, իսկ ոստիկանների ու, առհասարակ, ուժայինների մի մասը, տարբեր դրդապատճառներով, կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը»,-գրել է Աբրահամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում