Ադրբեջանական ու ռուսական բնական գազը կհասնի Եվրոպա Թուրքիայով

Ադրբեջանական ու ռուսական բնական գազը կհասնի Եվրոպա Թուրքիայով

Թուրքիայի Խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը, որը հնարավորություն է տալիս վաճառել հանրապետություն ներմուծված սեղմված բնական գազը,  թույլ կտա արագ կերպով Եվրոպա հասցնել էներգակիրներ ՌԴ-ից և Ադրբեջանից։ Այդ մասին, ТАСС գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի բնական գազի մատակարարների ասոցիացիայի նախագահ Յաշար Արսլանը։

«Մենք կարող ենք արագ առաքել ավելացված բնական գազը, որը կարող է գոյանալ Ռուսաստանից և Ադրբեջանից։ Կարծում եմ՝ մոտակա տարիներին ներմուծման մասին մեր ունեցած պայմանագրերը, ինչպես նաև Սև և Միջերկրական ծովերում գտնվող հնարավոր նոր կետերից գազի ներմուծումը, կընդլայնի հարևանների՝ առաջին հերթին Արևելյան Եվրոպայի երկրների հետ Թուրքիայի առևտրային հնարավորությունները»,-շեշտել է Արսլանը։

Նա նաև մեկնաբանել է մայիսի 2-ին Թուրքիայի Խորհրդարանի կողմից ընդունված փաստաթուղթը, որն ամրապնդել է օրենսդրական բազան՝ կապված միջազգային գազային հաբ դառնալու հետ։

Համաձայն Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման հարցերով վարչության տվյալների՝ անցած տարի այդ երկր է ներմուծվել 50,5 մլրդ խոր․ մետր բնական գազ, որի 30 տոկոսը՝ սեղմված վիճակում։

«Մեր գնահատականներով՝ առաջիկայում այն կավելանա 40 տոկոսով, իսկ 2025-27թթ․կլրանա գազատարներով 36,1 մլրդ խոր․մետր բնական գազ մատակարարելու ամենամյա պայմանագրերի ժամկետը։ Կարծում եմ, որ հարմար հող կստեղծվի գործող պայմանագրերի թարմացման համար»-ընդգծել է ասոցիացիայի նախագահը։

2022թ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր առաջ քաշել Թուրքիայի տարածքում հաբ ստեղծելու գաղափարը, որտեղ պետք է ուղղվեն «Հյուսիսային հոսք» գազատարով տրանզիտ եղանակով փոխադրվող գազի կորսված ծավալները։ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են որ ենթակառուցվածքները գրեթե արդեն պատրաստ են, բայց պետք է համապատասխանեցվի նաև իրենց օրենսդրությունը։

2023թ․ ՌԴ փոխվարչապետը հայտարարեց, որ նախագիծը կարող է կյանքի կոչվել 2024թ․ և այդ շրջանակում ճանապարհային քարտեզ կընդունվի։ Ավելի վաղ այդ նպատակով թուրքական պատվիրակությունը ժամանել էր Ռուսաստան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում