Փարիզում մեկնարկում է հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը

Քիչ առաջ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Փարիզի Մարինյի պալատ, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին Փարիզից տեղեկացնում է Times.am-ի թղթակիցը։

Համաձայն ծրագրի, Մարինյի պալատի «Դեղին» սրահում սկզբից կկայանա Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի համատեղ հանդիպումը միջնորդների հետ։ Հայկական կողմից հանդիպմանը կմասնակցեն նաև արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։

Այնուհետև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները զրույցը կշարունակեն նույն պալատի «Կարմիր» սրահում։ Այս անգամ որևէ այլ պաշտոնյայի ներկայություն նախատեսված չէ։ Սարգսյան-Ալիև առանձնազրույցը կտևի ժամուկես։

Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը հայ-ադրբեջանական բանակցություններին կմիանա ավելի ուշ։ Երևանի ժամանակով երեկոյան 21։15-ին Ելիսեյան պալատում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների և Մինսկի խմբի համանախագահների համատեղ հանդիպում, որին կհետևի պաշտոնական ընթրիք` ի պատիվ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների։ Այսքանով հայ-ադրբեջանական բանակցությունների փարիզյան փուլը կավարտվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում