Բռնարարքներով աչքի ընկած ոստիկանները ցուցակագրվում են Վահե Ղազարյանի կողմից․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Նիկոլ Փաշինյանը ժողովրդի դժգոհությունների և լարվածության ֆոնին սկսել է խուսափել հանրային վայրերում երևալուց ու միջոցառումներին մասնակցելուց և դժգոհություններ է հայտնել իր թիմից՝ հակաքարոզչությունը ձախողելու համար․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Կոռուպցիայի դեմ պայքարը բառերից այն կողմ չի անցնում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք:
Ժամանակ առ ժամանակ իշխանությունները լուրեր են շրջանառում՝ X «չարագործին» կաշառք ստանալու համար ձերբակալելու մասին։
Զորօրինակ՝ ՀՀ ՊԵԿ օպերատիվ տեսչական բաժնի պետի տեղակալ Վիգեն Մելքոնյանը. նա մեկ տարի առաջ, համաձայն մամուլի հրապարակումների, ձերբակալվել էր, եւ կարելի էր ենթադրել, որ արդեն կրում է պատիժը։ Բայց կոռուպցիոները ոչ միայն չի պատժվել, այլեւ անհոգ ապրում է, ավելին՝ աշխատում նույն վայրում։
Նշենք, որ Վիգեն Մելքոնյանի կինը ՏԿԵՆ աշխատակից Քրիստինե Ֆեսչյանն է։
Կոռուպցիան, փաստորեն, դարձել է «անձեռնմխելի» երեւույթ մեր երկրում։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից, ավելի կոնկետ՝ այս օրերին Հայ առաքելական եկեղեցու և սկսված շարժման դեմ հակաքարոզչության մակարդակից և արդյունքներից: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանգստյան օրերին նա նույնիսկ «պատերով է տվել» իր տեղեկատվական բլոկի պատասխանատուներին: Բանն այն է, հակաքարոզչությունը ապարդյուն է անցնում, չնայած այն բանին, որ ահռելի քանակությամբ նոր ֆեյք էջեր են բացել ու լցրել սոցցանցեր, զգալի ռեսուրսներ են ներդրվում: Իսկ ինչո՞ւ է անարդյունավետ: Փորձագետների համոզմամբ, կա մի քանի պատճառ: Նախ՝ ապաշնորհությունը, ապա՝ նույնիսկ այս իշխանությունների համար ստի դոզայի չափազանց անհավատալիությունն ու պարզունակությունը, ինչը, ըստ շատ մասնագետների, պարզապես ողորմելի տպավորություն է թողնում:
Փաշինյանի «փիարչիների» շրջանառած մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ սոսկ ծիծաղ են շարժում, ու ոչ մի մեղադրանք չի «կպնում» Բագրատ Սրբազանին, նրա գլխավորած շարժման մասնակիցներին, եկեղեցուն ընդհանրապես: Երկրորդ՝ փաշինյանական սատելիտները, այսինքն՝ մերձիշխանական շրջանակները, նաև հենց «փիարչիները» չեն կարողանում թաքցնել իրենց անհանգստությունն ու տագնապը, որն արտահայտվում է հիստերիկ, իբր հեգնական արձագանքներով: Սա մեխանիկորեն տարածվում է նաև քպական «շարքերի» վրա, որքան էլ, մեր տեղեկություններով, Փաշինյանը ներքին կարգով մեսիջներ է ուղարկում յուրայիններին, թե «ամեն ինչ կարգին է»:
Ի լրումն, փողոցով իշխանության եկածները… «փողոցով իշխանափոխության» դեմ են խոսում, ինչն առնվազն հեգնական արձագանքներից ավելին չի հարուցում սոցցանցերում: Ըստ այդմ, չի բացառվում, որ տեսնելով՝ «թիմը» գործ չի անում կամ, մեղմ ասած, լավ չի աշխատում, Փաշինյանը փորձելու է իր ձեռքը վերցնել ընթացքը: Հնարավոր է՝ հենց դրա համար էլ նա այսօր հերթական ասուլիսն է կազմակերպում…
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Վերջին օրերին Երեւանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաները եւ լարված իրավիճակը «փոխում» են Նիկոլ Փաշինյանի օրակարգը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը պետք է ներկա գտնվեր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին:
Սակայն, Նիկոլ Փաշինյանը չեղարկել է իր մասնակցությունը ֆուտբոլային այդ կարեւոր իրադարձությանը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` պատճառը քաղաքում տիրող գերլարված տրամադրությունների եւ հասարակական դժգոհությունների մեծ ալիքն է:
Նիկոլ Փաշինյանը, ամենօրյա դարձած բողոքի ակցիաների ֆոնին, որոշել է չգնալ հանրային այդ միջոցառմանը, հավանաբար, որպեսզի խուսափի հերթական տհաճ միջադեպից, ինչին բախվեց տիկինը՝ Աննա Հակոբյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ վարչապետի խոսնակին՝ պարզելու՝ ինչու՞ է Փաշինյանը չեղարկել իր մասնակցությունը ֆուտբոլային այդ միջոցառմանը:
Խոսնակը, սակայն, նշեց, թե որեւէ տեղեկություն չունի այդ մասին. ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց մեր ունեցած ինֆորմացիան»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Տեղեկություններ կան, որ ոստիկանության կենտրոնական ապարատը մարզային բաժանմունքներից ցուցակներ է պահանջել՝ կոնկրետ թիվ եւ ոստիկանների անուններ, որոնք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում աչքի են ընկել բռնարարքներով եւ չեն խորշում բռնություններ գործադրելուց: Բայց չեն մանրամասնել, թե ինչու։ Ենթադրվում է, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը որոշել է ժողովրդի դեմ դուրս գալ` գերազանցելով բոլոր նախորդներին, եւ բռնություններ գործադրելով՝ ճնշել ժողովրդական շարժումը: Մինչդեռ անգամ Վովա Գասպարյանը, Ալիկ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը եւ մյուս ոստիկանապետերը` ինչքան էլ հավատարմորեն ծառայել են ժամանակի իշխանություններին, ժողովրդական ընդվզումների ժամանակ ինչ-որ սահմաններ աշխատել են չխախտել:
Իջեւանցի Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու՝ ծառայել իր զեմլյակին եւ ամեն գնով պաշտպանել երկիրը դանդաղ հանձնելու նրա քաղաքականությո՞ւնը, թե՞ ժողովրդի կողմն անցնել։ Ի դեպ, երեկ իշխանական շրջանակներում խոսում էին, որ առաջիկա օրերին հնարավոր են ռուսական ազդեցության գործիչների ձերբակալություններ, որ հանրությանը ցույց տան, թե այս նոր շարժումն ուղղորդվում եւ կառավարվում է ռուսների կողմից։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում