Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից․ Պուտին

Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից․ Պուտին

Հինգերորդ անգամ ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ունեցած ելույթում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք չենք հրաժարվում արևմտյան պետությունների հետ երկխոսությունից: Ընտրությունը նրանցն է. նրանք մտադի՞ր են արդյոք այսուհետ էլ փորձել կասեցնել Ռուսաստանի զարգացումը, շարունակել ագրեսիայի քաղաքականությունը, տարիներով չդադարող ճնշումը մեր երկրի վրա, թե՞ որոնել համագործակցության ու հաշտության ուղի»,- ասել է Պուտինը:

Իր երդմնակալության ելույթում ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության անվտանգության և ռազմավարական կայունության շուրջ, բայց միայն հավասար պայմաններով:

Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը եվրասիական ինտեգրման իր գործընկերների և զարգացման ինքնիշխան այլ կենտրոնների հետ կշարունակի աշխատանքը բազմաբևեռ աշխարհակարգի, անվտանգության հավասար և անբաժանելի համակարգի ձևավորման շուրջ:

Հիշեցնենք, որ Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը։ Նա նախագահի պաշտոնը կզբաղեցնի ևս 6 տարի՝ մինչև 2030 թ․ մայիսի 7-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում