Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայտնվել է Փաշինյանի ու ԱԱԾ-ի թիրախում․ առավոտյան մամուլը Times.am-ում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայտնվել է Փաշինյանի ու ԱԱԾ-ի թիրախում․ առավոտյան մամուլը Times.am-ում

Իշխանությունները գործի են դրել վարչական ողջ ռեսուրսը՝ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը կասեցնելու համար, քանի որ հակաքարոզչությունը ոչ մի արդյունք չի տալիս․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ըստ նախնական վարկածի՝ պայմանագրային զինծառայողը, որի դին գտնելու մասին հայտնել էին երեկ, ինքնասպան է եղել։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այս քայլին գնալու պատճառը նրա սոցիալական վիճակն է եղել։ Իրավապահ համակարգում առկա լուրերի համաձայն՝ նա շատ պարտքեր է ունեցել։ Որքանով են այս վարկածները հիմնավոր՝ ցույց կտա քննությունը։ Ի դեպ, նա ամուսնացած էր եւ իր խնամքի տակ ուներ երեխաներ։

Նշենք, որ մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով՝ ընթանում է քննություն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, որ համառորեն չի հրապարակում շարժման քաղաքական պլանը՝ լինելո՞ւ է Փաշինյանի հրաժարականի պահանջ, թե ոչ, ով է վարչապետի իրենց թեկնածուն, պարզվում է` իր հետ քայլող քաղաքական-հասարակական դեմքերի հետ էլ նման քննարկումներ չի ծավալում։ Մեր աղբյուրներն ասում են, որ նա որեւէ ազդեցության չի ենթարկվում եւ որեւէ քաղաքական ուժի, առավել եւս անհատի հետ չի քննարկում իր անելիքները, ուր մնաց համաձայնեցներ:

Թեպետ որոշ ուժեր եւ հատկապես ՀՅԴ-ն փորձում են ավելի ակտիվ դերակատարում ստանձնել, բայց Բագրատ սրբազանը որքան մեղմ ու հանդուրժող է երեւում, նույնքան էլ անկառավարելի եւ ամուր մարդ է։ Ոմանք ենթադրում են, որ նա միայն Մայր Աթոռին ու Վեհափառին է հաշվետու եւ վերջինիս հետ է քննարկում շարժման մարտավարությունը, սակայն նրան ճանաչողները դրան էլ են կասկածում: Բավականին ծանր վիճակում է հայտնվել տիտղոսակիր ընդդիմությունը` քոչարյանական եւ սերժական թիմերը: Նրանք, մի կողմից, չեն կարող ձեռնպահ մնալ շարժմանը մասնակցելուց, մյուս կողմից` դեմ չեն լինի, եթե իրենց դոմինանտությունը հաստատվի, բայց նախկինների ուրվականը կարող է վնասել շարժմանը, ուստի առայժմ միայն զգուշավոր են, թեեւ խանդով են վերաբերվում կոնկուրենտ թիմի մասնակցությանը:

Ի դեպ, լավատեղյակները պատմում են, որ դեռեւս 44-օրյայից հետո, երբ խոսք էր գնում անկլավները հանձնելու մասին, եւ պարզ էր, որ դա նախ վերաբերելու է Տավուշին, սրբազանը գրեթե երդում է տվել, որ ձեռքերը ծալած չի նստելու, կյանքի գնով էլ լինի` փորձելու է կանխել պետականակործան այդ ծրագիրը։ Հիշեցնենք, որ արդեն հինգերորդ օրն է, ինչ քայլերթ է սկսվել Կիրանցից: Մայիսի 9-ին շարժումը մտնելու է Երեւան։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդած շարժման երթը դեպի Երեւան իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել։

Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ մի շարք քրեական վարույթներով անցնող անձանց ներքին կարգով հասկացրել են, որ մի փոքր սպասեն իրենց քրեական վարույթների հարցով, մինչեւ հասկանան՝ երթը գա, հասնի Երեւան, ի՞նչ իրավիճակ է լինելու, որից հետո պարզ կլինի ընթացքը։ Դատելով իրավիճակից՝ իրավապահ համակարգում մտավախություններ կան, որ, միգուցե, երթը հասնի Երեւան, ու իրավապահ համակարգում գործընթացներ սկսվեն. ուստի արդեն իսկ առկա քրեական վարույթներով նոր նախաձեռնություններ անելու ժամանակը չէ։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ Փաշինյանը հիշել էր 2018-ի գաղտնալսման պատմությունը եւ նոր մեղադրանքներ էր հնչեցնում ԱԱԾ նախկին ղեկավարի հասցեին, որոնք մինչ օրս չէին ասվել, որ գաղտնալսման ձայնագրության մի մասն է միայն հրապարակվել, իսկ մնացած մասով Վանեցյանին դարձրել են «օտարերկրյա հատուկ ծառայության ազդեցության գործակալ»: Ապա նրա ընտանեկան թերթը գրեց, թե Վանեցյանը մեկնել է Դուբայ, ընդ որում՝ գրեց այն պահին, երբ նա դեռ ինքնաթիռում էր:

Թե ինչով է բացատրվում այս ատելությունը Վանեցյանի հանդեպ, ում հեղափոխությունից հետո հենց ինքն է նշանակել ԱԱԾ ղեկավար եւ ում ժամանակին վանկարկումներով բեմ էր բարձրացնում, դժվար է ասել: Փաստ է, որ Վանեցյանն այսօր չկա քաղաքական պայքարի ասպարեզում, բայց առաջիններից էր, որ 2019-ին «կանգ առի» կոչ արեց:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից հրապարակված զեկույցում ասվում է. «Կառավարության կամ վերջինիս գործակալների կողմից կամայական կամ անօրինական, այդ թվում՝ արտադատական սպանություններ կատարելու վերաբերյալ հաղորդումներ չեն եղել։ Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ները) մտահոգություններ են հայտնել զինված ուժերում գրանցված ծառայության հետ կապ չունեցող մահվան դեպքերի ու իրավապահների կողմից այդ դեպքերով արժանահավատ քննություններ չապահովելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունում ոչ մարտական, խաղաղ պայմաններում 2018-ին գրանցվել է մահվան 36 դեպք, 2019-ին՝ 32, 2020-ին՝ 46, 2021-ին՝ 42, 2022-ին՝ 38, իսկ 2023-ին՝ 53 մահվան դեպք։ 2024 թվականի առաջին 5 ամիսներին զոհերի թիվը հատում է 30-ի սահմանը։

Այս դեպքերն արձանագրվել են, երբ զինվորը զոհվել է արտակարգ իրավիճակների պատճառով, օրինակ՝ ձնաբքի, երբ զոհվել է ավտովթարից, զինակցի կրակոցից, Ազատ գյուղի դեպքում՝ կացարանի հրդեհից։

Դեպքերը տարեցտարի ավելանում են։ Չեն նվազում՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ։

Պաշտպանության նախարարությունը ակներեւ ոչ մի քայլ չի ձեռնարկում՝ այս թվերը չեզոքացնելու կամ պակասեցնելու համար». – գրված է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ մարզպետները գործի են անցել, վարչական ղեկավարների եւ այլ բանագնացների միջոցով Հայաստանում ապաստանած արցախցիներին սպառնում են՝ մայիսի 9-ին Երեւանում Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից։ Մեզ ասացին, որ երեկ երեկոյան Փարաքարի վարչական ղեկավարն անձամբ է հավաք արել, արցախցիներին զգուշացրել՝ ակտիվություն չդրսեւորել: Նրա հետ կապ հաստատել, սակայն, չհաջողվեց։ Երեկ նաեւ պետական հիմնարկների աշխատակիցներից ահազանգեր ստացանք․ նրանց ուղիղ ասվել է՝ եթե մասնակցեք երթին, կազատվեք աշխատանքից:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

168․am-ը գրում է․ Իշխանությունները սկսել են հետապնդումները Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցների և նրանց աջակիցների նկատմամբ: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի թիրախում հոգևորականներն էին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և Վեհափառ Հայրապետը:

168.am-ի տեղեկություններով` օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) է կանչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Ըստ կայքի աղբյուրների`իշխանությունների կողմից հետապնդումների պատճառը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ակտիվությունն է, նրա կոշտ դիրքորոշումներով, քննադատական ելույթները, հարցազրույցները, և հատկապես ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ջահերով երթի ժամանակ Ծիծեռնակաբերդում նրա ունեցած ելույթը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանությունները ոչ մի միջոց չեն խնայում Կիրանցից սկիզբ առած, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը կասեցնելու, հանրային հուզումները հանդարտեցնելու ուղղությամբ։ Կիրանցից ստացվող տեղեկություններից կարելի է հստակ եզրահանգումներ անել, որ Փաշինյանն այդ հարցում Ալիեւի լիարժեք աջակցությունն ունի, եւ նրա խնդրանքով` Կիրանցում սկսված սահմանազատման գործընթացը ժամանակավորապես սառեցվել է, մինչեւ այս շարժման հարցերը լուծեն:

Այս օրերին կարողացել են Կիրանցի վարչական ղեկավարին ու բնակչությանը համոզել, որ սահմանազատման արդյունքում իրենք ոչ թե հող են կորցնելու, այլ մի բան էլ գրավելու են։ Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ կիրանցեցիներին հյուրընկալել էր կառավարությունում ու անձամբ էր գուժել, որ սահմանազատման-սահմանագծման աշխատանքների արդյունքում գյուղը կիսվելու է` որոշ տներ մնալու են Ադրբեջանին, իսկ դպրոցը պաշտպանելու համար Հ1-ի եթերում ասում էր` ծառեր կտնկենք։ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը երեկ ուղիղ եթերում Կիրանցում իրականացվող սահմանազատման գործընթացի վերաբերյալ ասել է, որ մենք ոչինչ չենք կորցնում, մի բան էլ 3 հեկտար ադրբեջանական հողերից մեզ է անցնում։

«Հիմա սպասում ենք գյուղի եւ կամրջի մասը, որը սառեցված է, բանակցությունների փուլում է, թե ոնց կլինի, կտեսնենք»,- ասել է նա: Հարցին՝ ո՞վ է ասել, որ սառեցրել են, պատասխանել է․ «Մարդիկ թողել գնացել են»: Կիրանցեցիներից տեղեկացանք, որ ո՛չ ոստիկանության, ո՛չ ՊՆ-ի, ո՛չ էլ ԱԱԾ-ի աշխատակիցները գյուղից չեն հեռացել։ Որ իշխանությունը հերթական սուտն է տարածում, մատնեց Հանրայինի եւ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի «օպերատիվությունը», որոնք համայնքապետի՝ ուղիղ եթերում արված հայտարարությունները կայծակնային արագությամբ տարածեցին, իշխանական քարոզիչներն էլ սկսեցին ստատուսներ գրել՝ ո՞ւմ համար է պայքարում սրբազանը, եթե կիրանցեցիները գոհ են գործընթացից։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում