Արտեմ Ասատրյանը հղիության նպաստի ծրագրի արդյունավետության պակաս է նկատում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն Ազգային ժողովում անցկացվող խորհրդարանական լսումների ընթացքում ներկայացրեց այն հիմնական խնդիրները, որոնք հիմք են հանդիսացել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների առաջարկ ներկայացնելու համար: Պատասխանելով պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցին, թե որոնք են օրենքում փոփոխություններ կատարե լու հիմնական նպատակները, Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ նպաստների տրամադրման ծրագրերի ծախսերը զգալիորեն ավելացել են, միևնույն ժամանակ կան խնդիրներ՝ կապված այդ ծախսերի արդյունավետության հետ: «Այն հաշվետվությունում, որը վերջերս հրապարակեց Վերահսկիչ պալատը, ներկայացվել էր, որ բազմաթիվ են դեպքերը, երբ արձակուրդի գնալուց առաջ մեկ-երկու ամիս կանանց վճարվում են մեծ չափով աշխատավարձ-պարգևատրումներ, որոնք էական ազդեցություն են ունենում պետական բյուջեից վճարվող նպաստի չափի վրա: Անաշխատունակության նպաստների տրամադրմանն ուղղված մեր ծրագրերը, որոնք այսօր իրականացվում են, արդեն սկսել են իրենց նպատակից շեղվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը՝ ընդգծելով, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ անաշխատունակության նպաստների տրամադրումը չպետք է ունենար պետբյուջեի ծախսերի այն աճը, որ ներկայումս նկատվում է:

Նրա խոսքով` եթե կան խնդիրներ, ապա կառավարությունը պետք է անդրադարձ կատարի այն ծրագրերին, որոնք խնդիրներ են առաջացնում: «Հիմա, այս տեսանկյունից, առաջարկությունները, որոնք մշակվել և ներկայացվել են օրենքի նախագծի տեսքով, միտված են միայն բացառապես իմ նշած խնդիրների լուծմանը: Եվ ես արդեն նշել եմ, որ առաջարկությունները, որոնք ներկայացվել են այս նախագծի տեսքով, դեռևս առաջարկություններ են: Եվ, միևնույն ժամանակ, ես վստահ եմ, որ մենք համատեղ ջանքերով կկարողանանք գտնել ամենաօպտիմալ լուծումները բոլոր այն խնդիրների, որոնց շուրջ մենք գալիս ենք համաձայնության»,- նշեց Ասատրյանը:

Նախարարը նկատեց, որ կառավարության խնդիրն է արձանագրված խնդիրներին տալ ճիշտ լուծումներ` կանխատեսելով, որ հակառակ դեպքում կլինեն ավելի մեծ խնդիրներ ծախսերի ավելացման և նպատակների չիրականացման տեսանկյունից:

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ավելացրեց, որ կառավարությանը ոչ թե մտահոգում են այն գումարները, որոնք ծախսվում են հղիության և ծննդաբերության նպաստների հատկացման վրա, այլ այն, որ երկրում նվազում է ծնելիությունը:

Պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը նույնպես ընդգծեց, որ հիմնական խնդիրը պետք է լինի ծնելիության խթանումը, սակայն առաջարկվող նախագծում դրա վերաբերյալ որևէ բան չի տեսնում: «Եթե, ինչպես դուք նշեցիք, խնդիրը մեկ-երկու ամիս առաջ իրականացվող պարգևատրումների մեջ է, ապա մենք կարող ենք օրենքի նախագծից հանել այդ պարգևատրումները կամ վերահսկողական ինչ-որ մեխանիզմներ սահմանել, այլ ոչ թե բերել, տարբեր օրենքներ խառնել իրար, ինչը մեզ շեղում է բուն նպատակից»,- նշեց պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում