Թուրքիան նոր արբանյակ կհանի ուղեծիր
Նմանատիպ
Թուրքիան հուլիսի երկրորդ կեսին տիեզերք կարձակի նոր՝ Türksat 6A արբանյակը, որը ճանապարհ կբացի դեպի Հարավ-արևելյան Ասիա և հնարավորություն կտա ծառայություն մատուցելու շուրջ 4,5 մլրդ մարդու։ Այդ մասին թուրքական TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է այդ երկրի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆատիխ Կաջըրը։
«40 տարի է՝ մեր երազանքն է դառնալ արբանյակներ մշակող երկիր։ Türksat 6A-ն դարձել է մի նախագիծ, որով Թուրքիան արբանյակային տեխնոլոգիաների առումով բավականին առաջընթաց է գրանցել։ Դա ներկա դրությամբ ամենաթանկ տեխնոլոգիական հարթակն է՝ ստեղծված մեր երկրում։ Լիահույս ենք, որ հուլիսի կեսերին արբանյակը դուրս կգա ուղեծիր»,-ասել է թուրք նախարարը։
Նրա խոսքով՝ արբանյակը 81 տոկոսով հավաքվել է տեղական արտադրության մասերով և նաև տնտեսական առումով է մեծ դեր ունենալու։
«Այդ արբանյակի ստեղծմամբ Թուրքիան դարձել է այն 11 երկրներից մեկը, որ կարող է կապի ազգային արբանյակ ստեղծել։ Դրա արձակումից հետո կկարողանանք ծառայություն մատուցել շուրջ 4,5 մլրդ մարդու։ Եվ ամենակարևորը տնտեսական առումով այն է, որ հնարավորություն կունենանք դուրս գալու 1,5 մլրդ բնակչություն ունեցող Հարավ-արևելյան Ասիա»,-աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է թուրք պաշտոնյան։
Թուրքիան տիեզերական նախագծերը սկսել է ակտիվացնել 2000-ականներից սկսած։ Այդ երկիրն արդեն կապի 9 արբանյակ է ուղեծիր հանել, ներկայումս կենտրոնացած է ռազմական նշանակության հետախուզական արբանյակներ ստեղծելու վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում