Ղրիմի հայերը որոշել են ստեղծել իրենց ազգային-մշակութային ինքնավարությունը

Ղրիմի հայկական ընկերության (ՂՀԸ) ազգային համագումարը որոշում Է ընդունել թերակղզում ստեղծել տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարությունը, ՌԴ-ի օրենքներին համապատասխան, դեկտեմբերի 13-ին կգրանցվի արդարադատույթան նախարարությունում»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՂՀԸ-ի ղեկավար Վաղարշակ Մելքոնյանը:

Նա նշել Է, որ նոր տարածաշրջանային միավորման կազմում կընդգրկվեն տեղի հայերի 17 ազգային-մշակութային ինքնավարություններ: Նրա խոսքով՝ նման ինքնավարության ստեղծումը, ի տարբերություն հասարակական կազմակերպության կարգավիճակի, թույլ կտա հայերին՝ հավակնել մշակույթի, ազգային լեզվի, ինքնատիպության եւ պատմական ժառանգության իրենց ծրագրերի ֆինանսավորմանը հանրապետական եւ պետական բյուջեից:

«Արդեն ազգային-մշակութային քաղաքային ինքնավարություններ են ստեղծվել Յալթայում, Թեոդոսիայում, Կերչում, մնացածները ձեւավորման փուլում են: Մենք ունենք Ղրիմի հայկական ընկերության 17 բաժանմունքներ, եւ որոշում ենք ընդունել, որ բոլոր 17-ն Էլ մինչեւ տարեվերջ պետք Է ռուսաստանյան դաշտ մտնեն քաղաքային ազգային-մշակութային ինքնավարությունների տեսքով»,- ասել Է Մելքոնյանը:

ՂՀԸ-ի ներկայացուցիչը նշել Է, որ, իրենց տվյալներով, Ղրիմում ապրում են 15 հազարից մինչեւ 20 հազար հայեր: Սակայն իրական թիվը հայտնի կդառնա Ղրիմի մարդահամարի արդյունքների ամփոփումից հետո: Ազգային-մշակութային ինքնավարության ինստիտուտը Ռուսաստանում ստեղծվել Է 1996 թվականին, այն ազգային փոքրամասնություններին հնարավորություն Է տալիս ինքնուրույն զբաղվել մշակույթի, լեզվի եւ ազգային կրթության զարգացմամբ: Արդեն ստեղծվել են մի քանի հարյուր նման ինքնավարություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում