Gmail-ը կհամալրվի արհեստական բանականության գործիքով
Նմանատիպ
Google ընկերությունը I/O 2024 մշակողների համար կազմակերպված համաժողովին հայտարարել է Gemini արհեստական բանականության գործիքով Gmail-ի փոստային ծառայությունը լրացնելու մասին։ Այն կկարողանա օգտատերերի հարցերին պատասխանել, կտա պատրաստ պատասխաններ և կկատարի որոշակի առաջադրանքներ։ Այդ մասին հայտնում է PCWorld պարբերականը։
Gmail-ն աշխարհում ամենահայտնի փոստային ծառայություններից է, բայց նամակների հետ կապված որոշակի խնդիրներ են լինում պարբերաբար, որոնք շտկելու համար էլ կներդրվի Gemini-ն՝ արհեստական ինտելեկտի ծրագիրը։
Այն կվերլուծի նամակի բովանդակությունը, դուրս կհանի հիմնական ասելիքը և կձևակերպի հարմար, համարժեք պատասխան։
Արհեստական բանականության հիմնական առանձնահատկություններից մեկը կլինի այն, որ հարցեր կառաջադրի անմիջապես նամակների շղթայում։
Օրինակ, օգտատերը կարող է հարցնել ծրագրին, թե ինչ կարժենա այս կամ այն նախագիծը, որի մասին նշված է նամակում, իսկ արհեստական ինտելեկտը կվերլուծի համապատասխան նամակն ու կտա պատասխանը։
Gemini-ն կկարողանա նաև համեմատել մրցակից կոմերցիոն կազմակերպությունների առաջարկներն ու տվյալների աղյուսակ ստեղծել։
Արհեստական բանականության գործիքի ներդրումը միանգամից չի լինի։ Առաջին նոր գործառույթները կհայտնվեն աշնանը՝ կթեստավորվեն Google Labs-ում, հետո՝ 2024թ․ ավարտին, արդեն արհեստական բանականությամբ հագեցած Gmail-ը հասանելի կլինի օգտատերերի հիմնական բանակին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում