Լիբանանի Տրիպոլի քաղաքում իրավիճակը լարված է

Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքի Բաբ աթ Թաբաննա թաղամասում հոկտեմբերի 27-ին բախումներ են սկսվել բանակի և զինյալների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան լրատվամիջոցները, զինյալները կրակ են բացել բանակի զինվորների ուղղ ությամբ: Բանակն իր հերթին փոխադարձ կրակ է բացել և շարունակել մաքրել Աբդ Ալլահ բն Մասուդ մզկիթի շրջակայքը զինյալներից: Բախումների հետևանքով բանակի 4 ծառայող է զոհվել:

Բանակին հաջողվել է յսկողության տակ առնել «Սալամ» դպրոցը և Հարուն մզկիթը, հայտնաբերել և վնասազերծել են մեծ քանակությամբ ականներ: Քաղաքում լարված իրավիճակի պատճառով փակվել են բոլոր դպրոցները:

Մյուս կողմից, Մնիե, Բահնին և Մուհամմարա շրջանները ամբողջությամբ անցել են բանակի հսկողության տակ և իրավիճակն այնտեղ հանգիստ է:

Տրիպոլիում բախումները սկսվել են հոկտեմբերի 24-ի երեկոյան:

Սիրիական հակամարտության 3.5 տարիների ընթացքում Տրիպոլի քաղաքում հաճախակի բախումներ են ընթանում Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև: Բախումների հետևանքով 100-ավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում