Եվրոպական բիզնես ասոցիացիան բարձր տեխնոլոգիաներին վերաբերող համաժողով է կազմակերպել

Եվրոպական բիզնես ասոցիացիան բարձր տեխնոլոգիաներին վերաբերող համաժողով է կազմակերպել

Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի (EBA) նախաձեռնությամբ երեկ տեղի է ունեցել «Միջազգային կորպորացիաների և ներդրողների դերը որպես բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման կատալիզատոր» խորագրով պանելային քննարկումը, որի նպատակն էր քննարկել միջազգային կորպորացիաների և ներդրողների կարևոր դերը Հայաստանի բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման գործում:

Պանելային քննարկումն անց է կացվել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հովանու ներքո։

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան նշել է, որ քննարկմանը հրավիրվել են միջազգային ու տեղական ընկերությունների մի խումբ մասնագետների ու ղեկավարների։ «Ձեր աշխատանքը, փորձը և Հայաստանում բիզնես մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերն անգնահատելի են։ Անկախ նրանից թե դուք ներդրող եք, քաղաքականություն մշակող թե տեխնոլոգիական ոլորտի առաջնորդ, ձեր ներդրումն այսօր չափազանց կարևոր է։ Եկեք միասին ոգեշնչենք և ոգեշնչվենք՝ աշխատելով ավելի ինտեգրված և նորարական ապագա ստեղծելու ուղղությամբ», – մասնավորապես ասել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան։

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն իր հերթին ողջունել է մասնակիցներին, շնորհակալություն հայտնել Եվրոպական բիզնես ասոցիացիային՝ ակտիվ համագործակցության համար։ Նախարարը նշել է, որ Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը՝ հանդիսանալով ոչ թե որպես առանձին ոլորտ, այլ իբրև շոգեքարշ՝ տնտեսության մյուս բոլոր ճյուղերի համար։

Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հունաստանի դեսպան Քրիստոս Սոֆիանապուլոսը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Digital Hub-ի ղեկավար Յացեկ Կուբասը։

Պանելային քննարկումներին որպես խոսնակ են հանդես եկել կառավարության ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ, բիզնես ներկայացուցիչներ և այլն։ Հատուկ հյուրերի ցանկում էր նաև Հարկային և ներդրումային միջազգային կենտրոնի նախագահ Դեն Վիթը ով հայտնեց, թե որոնք են հաջողված հարկային քաղաքականության օրինակները, որ հնարավորություն են տվել ավելի շատ ներդրումներ կատարել ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում․ «Բիզնես ընկերությունները տնտեսական աճի շարժիչներն են։ Դրանք շարժիչներ են գիտելիքահեն հասարակության համար, դրանք մշակող և ապագա աշխատուժ կառուցելու շարժիչներ են, բայց նախ և առաջ պետք է ընկերություններին գրավել, որ նրանք գան հենց Ձեր երկիր: 1999 թվականից ի վեր սա իմ առաջին այցն է Հայաստան, և ես տեսնում եմ ուշագրավ զարգացում ու հսկայական դրական փոփոխություններ։ Հայաստանը հյուրընկալ միջավայր է ստեղծել միջազգային ընկերությունների համար, հենց այդ պատճառով են «Սինոփսիսը» և «Նվիդիան» լաբորատորիաներ բացել Հայաստանում, հենց այդ պատճառով է «Ֆիլիպ Մորիսը» ներդրել 30 միլիոն ԱՄՆ դոլար այստեղ R&D կենտրոն բացելու համար։ Այս բոլոր ընկերությունները այստեղ են ներդրումներ անելու, աշխատողներին վերապատրաստելու և աճելու համար: Սա հաջողության պատմություն է, որն էլ հենց հիմնական պատճառներից է, թե ինչու է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը իր վեհաժողովը անցկացնեւմ Երևանում»։

Բանախոսներն անդրադարձել են նաև արդեն իսկ հաջողված մոտեցումներին, բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման մարտահրավերներին և լուծումներին, քննարկել արդյունավետ գործընկերության ռազմավարություններ, խոսել պետակն և մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցության, թվային տրանսֆորմացիայի և այլ խնդիրների ու հնարավորությունների մասին:

Նշենք, որ Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի նպատակն է աջակցել Հայաստանում եվրոպական բիզնես համայնքին, թեթևացնել վերջինիս ինտեգրումը, նպաստել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությանը, ինչպես նաև զարգացնել բիզնես միջավայրը, խրախուսել օտարերկրյա ներդրումները և բարելավել համապատասխան օրենսդրական դաշտը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում