Իշխանությունը սարսափած է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Որքան էլ իշխանություններն արտաքուստ փորձում են հանգիստ երևալ, ՔՊ-ի ներսում խորանում է անվստահությունն ու կասկածամտությունը միմյանց նկատմամբ։ Որոշ տեղեկություններով՝ շատերը փորձում են կամուրջներ ստեղծել շարժման առաջնորդների հետ․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Քաղաքական վերջին բուռն գործընթացներին զուգահեռ Նիկոլ Փաշինյանն ավելի փակ ու զգուշավոր է դարձել:
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն ակտիվ նոր քաղաքական պրոցեսներ է սկսել, մի կողմից ամենուր անհնազանդության ակցիաներ են, մյուս կողմից էլ Բագրատ Սրբազանը պարբերաբար հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի, գործիչների ու այլ ոլորտների ներկայացուցիչների հետ, զուգահեռ այս ամենին՝ Փաշինյանը որդեգրել է ավելի պասիվ գործելաոճ:
Ինչպես մեզ իշխանականներն են պատմում, նա առանց այն էլ շատ փակ է եղել, ՔՊ-ականներից՝ հաշված մարդկանց հետ է շփվել, բայց վերջին օրերին ավելի զգուշավոր է դարձել, ու ՔՊ-ում չգիտեն՝ ինչ կա նրա մտքին, ինչ է պատրաստվում անել: Արդյոք կորոշի եւ անակնկալ հրաժարակա՞ն կտա, երբ ճնշումը մեծանա, թիմում չգիտեն, բայց եւ քննարկում են ինչպես պարպել օրեցօր խորացող դժգոհությունը իրենց իշխանության նկատմամբ: Բոլոր հարցումները, իհարկե, ցույց էին տալիս մինչ այս, որ Փաշինյանի կառավարությանն այլեւս չի վստահում հասարակության կեսից ավելին, բայց հիմա, նրանք համոզվում են դրանում եւ տեսնում, թե ինչպես է հանրության դժգոհ հատվածը կոնսոլիդացվում Բագրատ Սրբազանի շուրջ, եւ անգամ կատաղի հակաքարոզչությունը չի օգնում. մարդիկ վստահում են Սրբազանին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս ոստիկանական զորքերին պարգեւավճար են փոխանցել՝ 100 հազարական դրամ։ Խոսքն այն ոստիկանների մասին է, որոնք այս օրերին ջանասիրաբար զբաղված են Նիկոլ Փաշինյանի աթոռը պահելու գործով եւ վայրագորեն ցրում են հակաիշխանական ցույցերը, բերման ենթարկում մարդկանց։ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մեր հարցին ի պատասխան ասաց․ «Ոստիկանության զորքերը պարգեւավճարներ չեն ստացել»։ Այլ պատասխան չէինք էլ ակնկալում, քանի որ դա չի եղել օրինական հրամանով, այլ հաշիվներին փոխանցել են գումար՝ շեշտելով, որ լավ ծառայության դիմաց է։
Ի դեպ, մեզ ասացին նաեւ, որ ՆԶ հրամանատար Հայկ Բաբայանի կինը` Հասմիկ Շահնազարյանը, մասնակցել է Աննա Հակոբյանի կազմակերպած մեկ միլիոնանոց ընթրիքին: ՆԳ համակարգում ակտիվ խոսում են, որ ներքին զորքերի հրամանատարը բոլոր ֆրոնտներում անձնուրաց ծառայում է Նիկոլ Փաշինյանին, քանի որ ակնկալում է առաջիկայում գեներալի կոչում ստանալ եւ նշանակվի առաջիկայում ստեղծվելիք Ազգային գվարդիայի հրամանատար։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Այս օրերին Հանրապետության հրապարակում, Երևանի փողոցներում և հանրապետության ամբողջ տարածքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ հակաիշխանական բողոքի զանգվածային գործողությունները հանրային օրակարգի թիվ մեկ թեման են դարձել։ Պայքարն ինքնին արդեն իսկ յուրահատուկ անուն է ստացել՝ Սրբազան շարժում։
Բագրատ Սրբազանը ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ: Նշվել է, որ հանդիպումները շարունակական են:
«Փաստը» կապ հաստատեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և հետաքրքրվեց` ինչպես է վերաբերվում Սրբազան շարժմանը։ Աբրահամյանը յուրահատուկ պատասխան տվեց՝ «Աստծո գործերն անքննելի են», և հրաժարվեց պատասխանել որևէ այլ հարցի։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ Օպերայում ՎԶԵԲ տարեկան համաժողովն էր, որին մասնակցում էր նաեւ Դանիայից վերադարձած Նիկոլ Փաշինյանը, իսկ «Դվինում» միջազգային ֆորում էր, որին մասնակցում էր Վահագն Խաչատուրյանը: ՀՀ իշխանությունն այնքան սարսափած է սրբազանի առաջնորդած պայքարից, որ աննախադեպ անվտանգության միջոցներ էին ձեռնարկել` մեծ թվով քաղաքացիական հագուստով ոստիկաններ կային «Դվին»-ում, Օպերան երկաթյա արգելապատնեշների մեջ էին առել, փակել էին հարակից փողոցները եւ ներքին զորքերի հազարավոր ոստիկաններ էին բերել մարզերից: Օպերայի գլխին էլ դիպուկահարներ էին կանգնած: Համաժողովի մասնակիցներին թույլ չեն տվել Օպերայի նախասրահում կանգնել` զրուցել, զուգարան գնալուց էլ են հետեւել:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Մեր ունեցած տեղեկություններով, իշխանության ներսում, շատ մեղմ ասած, ամեն ինչ այնքան էլ այնպես չէ, ինչպես փորձում են արտաքուստ ցույց տալ քպականները: «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման զարգացումներին զուգահեռ, ինչպես նաև Բագրատ Սրբազանի մասնավորապես «սրճային» հայտարարություններից հետո ՔՊ-ի ներսում ոչ միայն անհանգստություններն են մեծանում, այլև միմյանց նկատմամբ անվստահությունը: Առավել ևս, որ այս օրերին տարբեր տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե առանձին քպականներ պատրաստ են «կամուրջներ ստեղծել» շարժման լիդերների հետ, ինչի արդյունքում բոլորը բոլորին սկսել են կասկածամտորեն նայել:
Ընդ որում, Փաշինյանը չի վստահում ոչ մեկին, իսկ «վերին էշելոնի» քպականներն իրենց թիմերով՝ մյուսներին: Ավելին, մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ, Կոպենհագեն մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը կարգադրել է, որ քպական պաշտոնյաներն ու հատկապես պատգամավորները աջուձախ «չնայեն», այսինքն՝ այս օրերին այլևս որևէ հանդիպում չունենան ո՛չ բարեկամների, ո՛չ ընկերների, ո՛չ ծանոթների հետ, էլ չենք խոսում «այլ ուժերի» ներկայացուցիչների մասին: «Գլուխը կախ, տնից՝ գործի, գործից՝ տուն»,- հանձնարարվել է քպականներին՝ հավելելով, որ ցանկացած շեղում այս հանձնարարությունից կհամարվի կասկածելի:
Մեր տեղեկություններով, նման հրահանգը ոչ միայն զարմացրել ու նույնիսկ զայրացրել է մի շարք պատգամավորների, այլև ավելի է խորացրել անհանգստությունները. «Բա ասում եք՝ ամեն ինչ լավ է, վերահսկվում է, էլ ինչի՞ համար է այս ամենը»: Նրանց նաև անհանգստացնում է այն, որ Փաշինյանն ինքը հայ ժողովրդից թաքնվում է նույնիսկ մարզերից բերված հազարավոր ոստիկանների թիկունքում, այդ թվում՝ երեկվա միջոցառման ժամանակ, երբ Բագրատ Սրբազանի ընդամենը մեկ հայտարարությունից հետո ժամեր շարունակ Երևանի ամբողջ կենտրոնը լցրել էր ոստիկաններով, ինչը նաև թիմում են համարում Փաշինյանի մեծ վախերի նշան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ողջ կազմով, ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի ամեն խոսքին, քայլին ու ծրագրերին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է թիմակիցներին Սրբազանի հայտարարությունների հետ կապված անպայման հակափաստարկներ ներկայացնել, հերքել ու տարբեր պնդումներով ցույց տալ, որ Բագրատ Սրբազանը «նախկիններից» է, ու նրա նպատակը «նախկիններին» իշխանության բերելն է: Բայց հրահանգվել է դա անել կոռեկտ, առանց անվանական վիավորանքների, որպեսզի միջազգային գործընկերները «ամոթանք տալու» առիթներ չունենան: Նույն աղբյուրները փոխանցում են, որ տեւական ժամանակ է, ինչ Փաշինյանի հետ տետ-ա-տետ չեն հանդիպել թիմակիցները, քննարկմումներ չեն ունեցել, բայց տարբեր ձեւերով մեսիջներ են ստանում` Բագրատ Սրբազանին անհայտ օգտատերերի միջոցով վարկաբեկելու ուղղությամբ: Ակտիվ է նաեւ Փաշինյանի ընտանեկան կայքը:
Հիշեցնենք, որ Փաշինյանի հետ վերջին ժամանակներում ՔՊ-ն հաճախ էր հանդիպում, բայց Սրբազանի սկսած շարժումով պայմանավորված՝ հանդիպումները չեն կայանում, քանի որ մտավախություններ ունեն, որ բողոքի ակցիաները կարող են տեղափոխվել իրենց գրասենյակի հարակից տարածքներ: Դրա համար Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակահատվածում նաեւ վարչության հետ հանդիպում չի ունեցել (նրանք ամեն երեքշաբթի հանդիպում էին), ու վարչությունը անհամբեր սպասում է, թե երբ են հավաքվելու` իրավիճակը քննարկելու ու իրենց անելիքները հասկանալու համար։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում