Հասարակական տրանսպորտի սպասարկման ոլորտում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի վերահսկման նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության, ՃՈ, ինչպես նաև «Երևանտրանս» և «Երևան ավտոբուս» ՓԲ ընկերությունների հետ իրականացվող ամենօրյա հսկողության ընթացքում նախորդ շաբաթ հայտնաբերված 43 խախտումների մասով կազմվել են համապատասխան վարչակա ն արձանագրութուններ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոչ բավարար գնահատելով իրականացվող վերահսկողությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել խստացնել, մասնավորապես, երեկոյան ժամերին հասարակական տրանսպորտի աշխատանքի նկատմամբ հսկողությունը:

«Մենք պարբերաբար ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, որ հատկապես երեկոյան ժամերին մի շարք երթուղիներում նկատվում է տրանսպորտային միջոցների նվազում, որոշ դեպքերում՝ ընդհուպ շարժակազմերի բացակայություն: Եթե կա դժգոհություն, ուրեմն համապատասխան ծառայությունները պարտավոր են լրացուցիչ ուսումնասիրել ու հատկապես մատնանշվող թերացումների ուղղությամբ իրականացնել վերահսկողությունը: Ըստ այդմ, հատուկ հսկողություն սահմանեք հասարակական տրանսպորտի աշխատանքի հատկապես ուշ ժամերին իրականացվող սպասարկման նկատմամբ և խստորեն հետևեք, որպես զի բոլոր երթուղիներն իրենց չվացուցակով սահմանված ժամերին ապահովեն համապատասխան սպասարկումը: Իսկ այն կազմակերպությունները, որոնք չեն ապահովի պայմանագրով ստանձնած պարտավորությունները, օրենքով սահմանված կարգով ձեռնարկեք համապատասխան քայլեր և նրանց ենթարկեք վարչական տույժերի»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում