Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ առավոտյան մամուլը Times.am-ում

Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ առավոտյան մամուլը Times.am-ում

Ըստ որոշ տեղեկությունների՝ առաջիկայում սպասվում են կադրային փոփոխություններ ՆԳՆ-ում, բացի այդ, մի շարք ոստիկաններ պատրաստվում են աշխատանքից ազատման դիմումներ գրել․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը, թե ինչպես են երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած ԶՈՒ պաշտոնյաները, նոր ընդդիմադիր բողոքի գործողությունների ֆոնին, այսօր նոր պաշտոն ստանում:

Armlur.am-ը գրել էր, որ մայիսի 15-ին, երբ Ազատության հրապարակում թեժ էր, ՊՆ-ում կադրային փոփոխությունների ալիք էր սկսվել:

Միգուցե այդ ճանապարհով ՊՆ-ն ցանկանում էր համակարգում հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններով «կաշառել» գնդապետներին:

Սակայն, այս նշանակումների մեջ ամենաուշագրավն այն է, որ նոր պաշտոնի նշանակվածներից ոմանք դեռեւս 3 տարի առաջ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Բանն այն է, որ 44-օրյա պատերազմից մեկ տարի հետո՝ 2021 թվականի փետրվարի 25-ին, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ու այդ հրաժարականին միացել էին ՊՆ մի շարք գնդապետներ, գերերալներ ու վարչության պետեր:

Եվ ահա, նրանցից մեկը ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության համալրման վարչության պետ-ԳՎՊ տեղակալ, գնդապետ Հրաչ Լյուդվիկի Ստեփանյանն էր, որը նախօրեին նշանակվեց ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ ՊՆ կադրային եւ ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետի պաշտոնից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Քաղաքական որոշ ուժեր հանդիպումների արդյունքում որոշ պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին` խոստանալով դրանք ընդունելու դեպքում քաղաքական պատասխանատվություն ստանձնել՝ հայտարարելով սրբազանի թեկնածությանն աջակցելու մասին, ինչը ենթադրում է նաեւ խորհրդարանին կոչ անել` գնալ սահմանադրական փոփոխությունների, որպեսզի երկքաղաքացիության դեպքում առաջադրման արգելքը սահմանող դրույթը հանվի։

Մասնավորապես, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկները եղել են երկուսը՝ առաջինը, որ պետք է սրբազանը հստակ տարանջատվի նախկիններից եւ հայտարարություններ անի, որ իր գլխավորած շարժման արդյունքում չեն կարող նախկինները շահել եւ պետական կառավարում ստանձնել։ Երկրորդ առաջարկը եղել է շարժման համակարգող կամ աջակիցների խորհուրդ ստեղծելը, որտեղ կընդգրկվեն շարժման աջակից ուժերի ներկայացուցիչները, որոնք մասնակցություն կունենան գործընթացին` իբրեւ խորհրդակցական մարմին, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ժամանակին ստեղծել։ Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանն այս օրերին հանդիպում է տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի քաղաքական դաշտում լայն կոնսոլիդացիա կայանա։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Այս օրերին երբեմն կարելի է հանդիպել կարծիքների, թե ինչպես կարող է հոգևորականը գլխավորել քաղաքական շարժում, ինչպես կարող է լինել վարչապետ (թեպետ այդ մասին ներկայում դեռևս խոսք անգամ չկա) և այլն: Իրականում հենց թեկուզ մեր ժողովրդի պատմության ընթացքում ոչ մեկ անգամ Եկեղեցին ու հոգևոր դասն են կանգնել երկրի ու ժողովրդի փրկության ակունքներում: Ավելին, համաշխարհային պատմության մեջ ևս շատ բացառիկ բան չէ, երբ հոգևորականը գլխավորում է ժողովրդական շարժումը, ապա և՝ պետությունը: Սոցցանցերում բերվում է, ասենք, Կիպրոսի օրինակը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կիպրոսը դեռևս բրիտանական գաղութ էր, և այն ժամանակ Կիպրոսի ուղղափառ եկեղեցու հովվապետ Մակարը գլխավորեց ազատագրական շարժումը:

Կիպրոսի անկախության հռչակումից հետո Մակարն ընտրվեց այդ երկրի նախագահ: Նա մինչ այդ բավական ծանր ճանապարհ էր անցել, ընդուպ ձերբակալություն, աքսոր և այլն, բայց չէր հանձնվել: Ի դեպ, 1975 թվականին նա վերստին ընտրվեց նախագահ ու պաշտոնավարեց մինչև իր մահը՝ 1977 թվականը: Իհարկե, նման համեմատություններն այսօրվա իրականության և Բագրատ Սրբազանի հետ հազիվ թե ամբողջովին արդարացված են՝ հաշվի առնելով ժամանակաշրջաններն ու հանգամանքերը, բայց մի ընդհանրություն, այդուամենայնիվ, կա. ինչպես այն ժամանակ, հիմա էլ Արևմուտքը (Կիպրոսի դեպքում՝ Բրիտանիան) և Թուրքիան փորձում են ամուր պահել իրենց ձեռնտու «իրերի դասավորությունը», այս պարագայում՝ Հայաստանի գործող իշխանություններին, որոնք հլու հնազանդ կատարում են նրանց թելադրանքը՝ Հայաստանը վերածելով յուրատեսակ գաղութի:

Սակայն շատ փորձագետներ գտնում են, որ, բացի իր անձի, իր տեսակի, նաև հենց միայն հոգևորականի գործոնը, պատմության ընթացքում հոգևորականների հետևողականությունը ծանրագույն, անելանելի թվացող վիճակներում՝ յուրատեսակ երաշխիք է, որ Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ԱԺ «Հայաստան» խմբակցության անկուսակցական պատգամավոր Գեղամ Նազարյանը, ով մայիսի 17-ին Կիրանցում տհաճ միջադեպի կիզակետում էր, այժմ թիրախավորվում է ոչ միայն լրագրողին վիրավորելու համար, այլեւ իշխանական թեզեր առաջ տանելու համար: Անգամ համացանցում մտահոգություններ են հնչում, թե Նազարյանը գուցե չմիանա անգամ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու նախագծին:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Գեղամ Նազարյանի հետ՝ պարզելու համար այս լարված իրավիճակում, երբ մայրաքաղաքում Բագրատ Սրբազանը ջանում է թիմը տանել դեպի իշխանափոխություն, իսկ Կիրանցում թեժ եւ լարված իրավիճակ է, Նազարյանը կմասնակցի՞ Սրբազանի առաջարկած իմպիչմենտին, թե՞ կխուսափի անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։

«Ինչ վերաբերում է այն ստոր լուրերին, թե ես, իբր, հնարավոր իմպիչմենտի դեպքում դեմ եմ արտահայտվելու կամ ձեռնպահ եմ մնալու, ապա կարճ եւ հստակ ասեմ` ես կողմ եմ արտահայտվելու։

Եվ ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր իմանալով, որ իմ եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ շատ վաղուց անձնական եւ ոչ անձնական որեւէ հարաբերություն չկա, դիտավորյալ լուրեր են տարածում, թե մենք մտերմիկ հարաբերություններ ունենք։

Գուցե շատ ժամանակ անց այս եւ այլ միջադեպերի, ասեկոսեների, իմ դեմ արդեն երկար՝ ամիսներ շարունակվող ուղղորդվող արշավի մասին մանրամասն անդրադառնամ, բայց հաստատ՝ ոչ հիմա։ Միայն մի խնդրանք. այս ամենի մեջ մի՛ ներքաշեք հերոս տղերքի ծնողներին։ Դուք անարգանքի սյունին գամում եք՝ գամեք. հանգիստ թողե՛ք իմ բախտակիցներին։ Առայժմ՝ այսքանը». – ասել է Նազարյանը։

Նա իր խոսքում նաեւ երկու անգամ նշել է, որ ցավում է լրագրողի եւ լրատվամիջոցի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար:

Ստացվում է, որ իմպիչմենտը խորհրդարան մտցնելու համար անհրաժեշտ ստորագրությունները կան. սպասենք նախագծի վերջնական տարբերակի պատրաստ լինելուն եւ վարչապետի թեկնածուի հայտարարմանը։ Այ դրանից հետո ՔՊ-ից եւս 18 հոգու քվեի կարիք կլինի, որ Փաշինյանը ստիպված լինի հեռանալ կառավարական կաբինետից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, մեկ շաբաթից ավելի Երեւանում ընթացող հակաիշխանական ցույցերը ցրելու ոստիկանական գործողությունները համակարգում եւ ղեկավարում է ոչ թե ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, այլ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Տավուշեցի Վահե Ղազարյանի մասին մեկ շաբաթ առաջ լուրեր տարածվեցին, որ նա արձակուրդ է մեկնել: Լուրը պաշտոնապես հերքվեց, սակայն մեր աղբյուրները վստահեցնում են, որ նա արձակուրդային տրամադրությունների մեջ է: Իսկ ցուցարարներին ցրելու, ծեծելու, բերման ենթարկելու ինստրուկտաժն իրականացնում է երիտասարդ փոխնախարարը, ով անձամբ է հետեւում այդ աշխատանքներին, եւ ոստիկանների դաժանությունն էլ նրա կողմից է խրախուսվում։

Ըստ ոստիկանական աղբյուրների, վարչապետն Արփինե Սարգսյանին խոստացել է՝ այս աշխատանքը «պատվով» կատարելու դեպքում առաջ տանել` համակարգի ղեկավարումը վստահելով նրան, իսկ Վահե Ղազարյանին իր անվտանգությունն ապահովող կառույցի՝ ՊՊԾ ղեկավար նշանակել։ Թերեւս սրանով է պայմանավորված, որ սորոսական ՀԿ-ները քար անտարբերություն են դրսեւորում ոստիկանական վայրագություններին եւ երբեմն էլ արդարացնում նրանց քայլերը, քանի որ Արփինե Սարգսյանը նրանց սիրելի պաշտոնյան է:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները փորձում են ի մի բերել իրենց բոլոր ռեսուրսները, որպեսզի կարողանան հակակշռել «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը: Բանն այն է, որ նրանք ևս հիանալի հասկանում են, որ ցանկացած պահի կարող է իրավիճակն այնպես «պայթել», որ ընդամենը «մի գիշերվա մեջ» ամբողջապես կորցնեն իշխանությունը: Իսկ օրավուր հարստացող ու այդ հարստության և իրենց կարգավիճակի վրա դողացող քպական պաշտոնյաներից, պատգամավորներից զատ, Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են իրավապահները, այն էլ՝ ողջ 100 տոկոսով:

Ուստի, Նիկոլ Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների: Առաջինն այդ «բեռն» իրենց ուսերին են վերցրել արևմտյան ֆինանսավորում ունեցող կառույցների ներկայացուցիչները, որոնք այս օրերին նույնիսկ կոչեր են հնչեցնում ստեղծել արևմտյան կողնորոշում ունեցողների դաշինք ու ամուր կանգնել Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության թիկունքին: Նրանք գրեթե նոնստոպ ռեժիմով գրառումներ են անում սոցցանցերում, հարցազրույցներ են տալիս՝ բացահայտ կեղծիքներ տարածելով շարժման ղեկավարների հասցեին, փորձում են հանրությանը համոզել, թե շարժման թիկունքում իբր Ռուսաստանն է, նորանոր հարձակումներ են գործում Հայ առաքելական եկեղեցու դեմ և այլն:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանության ներկայացուցիչներն այս օրերին ինտենսիվ հանդիպումներ են ունեցել նաև Հայաստանում գործող մի քանի աղանդավորական կազմակերպությունների, հատկապես նրանց հետ, որոնք 2018-ին եղել են Նիկոլ Փաշինյանի իշխանափոխության աջակիցներ, որպեսզի նրանք էլ իրենց անդամների մեջ քարոզեն նիկոլական գաղափարներ ու պայքարեն Հայ առաքելական եկեղեցու դեմ: Սակայն, մեր տեղեկություններով, այս կառույցների մեծ մասը կտրուկ մերժել է բացահայտ դուրս գալ ՀԱԵ-ի ու ժողովրդի բացարձակ մեծամասնության դեմ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում