Էրդողանը ներում է շնորհել հեղաշրջման գործով դատապարտված 14 գեներալի

Էրդողանը ներում է շնորհել հեղաշրջման գործով դատապարտված 14 գեներալի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 16-ին ստորագրել է փետրվարի 28-ի հեղաշրջման գործի շրջանակներում դատապարտված մի շարք գեներալներին ազատ արձակելու մասին որոշում:

Թուրքիայի «Ռեսմի Գազետ» պաշտոնաթերթում հրապարակված որոշումներին զուգահեռ նշվում է, որ գեներալների ազատ արձակման համար հիմք է հանդիսացել խրոնիկ հիվանդությունները, ծերությունը և հաշմանդամությունը: 

Ներում շնորհված գեներալների թիվը 14-ն է: 

1997թ. փետրվարի 28-ին Թուրքիայում իրականացվել էր պետական հեղաշրջում, որը հայտնի է նաև «հետմոդեռնիստական հեղաշրջում» բնորոշմամբ: 1997թ. փետրվարի 28-ին  Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ընդունած որոշումներով սկսված գործընթացն է:  Ազգային անվտանգության խորհուրդը 9 ժամանոց  նիստից հետո հրապարակեց մի շարք որոշումներ, որոնք հիմնականում նպատակ ունեին պայքարելու «հետադիմական ուժերի» դեմ:

Դրանք  Թուրքիայի քաղաքական, վարչական, իրավական և հասարակական կյանքում մի շարք փոփոխությունների պատճառ դարձան: Փետրվարի 28-ի գործով դատավարությունը սկսվել է 2013 թվականի սեպտեմբերի 2-ին:

Գործով անցնում է 103 մեղադրյալ, բոլորն էլ՝ զինվորական: Հիմնական մեղադրյալը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, բանակի գեներալ Իսմաիլ Հաքքը Քարադայըն էր:

Ուշագրավ է, որ փետրվարի 28-ի գործով հետաքննությունը սկսվել էր հեղաշրջումից շուրջ 14 տարի անց, երբ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» նախաձեռնած օրենսդրական փոփոխություններն արդեն թույլ տվեցին քրեական պատասխանատվության ենթարկել այդ հեղաշրջումը կազմակերպած զինվորականներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում