Թյուր է տարածված «կարծիքը», թե Հայոց Ցեղասպանության ժամանակ դիմադրություն չի եղել. «Մեր պատմությունը» նախագիծ․ տեսանյութ
Նմանատիպ
1915թ.-ի Հայոց Ցեղասպանության ժամանակ բազմաթիվ են ինքնապաշտպանության դեպքերը, որոնց զգալի մասը հերոսապատման ենթակա դրվագներ են: Ինքնապաշտպանության ճանապարհով փրկության ամենահայտնի դեպքերից է Մուսա լեռան հերոսամարտը, երբ 4 գյուղերից և հարակից բնակավայրերից շուրջ 5 հազար հայեր համախմբվեցին և զինված դիմադրության շնորհիվ կարողացան փրկվել Օսմանյան կայսրության իշխանության նախագծած ցեղասպանությունից:
Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, որ Մուսա լեռան շրջանի հայությունն աշխարհագրորեն կտրված էր Հալեպի գավառի հայաշատ այլ բնակավայրերից, բայցևայնպես տեղանքը թույլ էր տալիս, որպեսզի արդյունավետ զինված դիմադրություն կազմակերպեն և փրկվեն: 1915թ.-ի գարնանն արդեն մուսալեռցիների համար պարզ էր, որ բռնագաղթն ու դրան հաջորդված ցեղասպանական գործողությունները տարածվելու են նաև իրենց վրա, և մինչև տեղահանման հրամանը ստանալը դիմադրության համար որոշակի կազմակերպչական աշխատանքներ տարել էին: Վեց հազար հայերից շուրջ հազարը որոշել են ենթարկվել տեղահանման հրամանին՝ բռնելով գաղթի ճանապարհն ու հենց այդ ճանապրհին ցեղասպանվել են: Մնացած 5 հազարը որոշել են ամրանալ Մուսա լեռան վրա և զինված ինքնապաշտպանության անցնել, ինչի շնորհիվ փրկվել են:
Ըստ պատմաբան, լրագրող Անի Հակոբյանի՝ մուսալեռցիներն, անգամ, 4 թուրքական գրոհները կասեցնելուց և շրջափակման մեջ հայտնվելուց հետո չեն ծնկել օսմանյան ջարդարար բանակի առջև: «Քրիստոնյաները վտանգի մեջ են» գրառմամբ պաստառի միջոցով մուսալեռցիները կարողացել են գրավել Միջերկրական ծովի այդ հատվածում հերթապահող Դաշնակիցների ռազմանավերի ուշադրությունն ու նավերով էվակուացվել: Միաժամնակ, մուսալեռցի մարտիկները, կանանց, ծերերին և երեխաներին տեղափոխելով նավերի տախտակամած, ֆրանսիացի զինվորականներից զենք և զինամթերք են խնդրել, որպեսզի մնան Մուսա լեռում և շարունակեն զինված պայքարը իրենց հայրենի հողի վրա ապրելու իրավունքի համար:
Մուսա լեռան հերոսամարտին նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Հետևեք մեզ նաև Telegram-ում