Շարժման 2-րդ փուլը կամփոփվի մայիսի 26-ի հանրահավաքում, որից հետո կանցնենք 3-րդ՝ բարդ, բայց հաճելի փուլին․ Բագրատ Սրբազան

Շարժման 2-րդ փուլը կամփոփվի մայիսի 26-ի հանրահավաքում, որից հետո կանցնենք 3-րդ՝ բարդ, բայց հաճելի փուլին․ Բագրատ Սրբազան

Մեզ համար ճշմարտությունը մեկն է՝ սուտը պետք է վերանա այս երկրից։ Փորձագետների, քաղաքագետների ու Հասարակական կազմակերպությունների հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ այդ մասին ասաց  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է չեզոք մնալ այս իրավիճակում․ կա՛մ համակերպվում եք ստի հետ, կա՛մ ընդվզում, այլ կերպ չեմ պատկերացնում։ Ոմանց համար ստի և ճշմարտության պայքարը թանձրացական չի, շոշափելի չի, բայց իմ պատկերացմամբ՝ այն շատ շոշափելի է»,-համոզմունք հայտնեց Սրբազանն ու կարևորեց, որ ճշմարտության համար պայքարողները, նախ և առաջ, իրենք կրեն այդ գաղափարը, հավատան դրան ամբողջովին, որպեսզի ոչ մի կեղծ բան չլինի։

Ներքին համերաշխությունը վերականգնելու, հասարակության մեջ դրված բաժանարար գծերը վերացնելու գործում, ըստ շարժման առաջնորդի, էական դեր կարող են ունենալ բարձր ինտելեկտով մարդիկ՝ չեզոքացնելով իշխանությունների կողմից գեներացվող թշնամանքն ու կանխելով դրանց՝ հասարական խոսույթի վերածվելու վտանգը։

Վերադառնալով շարժման փուլերին՝ Սրբազանն ասաց․ «Շարժումը երեք փուլ ունի․ առաջինը Ոսկեպար-Կիրանց-Բաղանիսից սկսված «սահմանազատման» խնդրի հանրահռչակումն է։ 2-րդ փուլը մայիսից 9-ից հետո տեղի ունեցածն է՝ զգացմունքայինից դեպի բանականություն գնացող իրադարձությունները։ Այս՝ երկրորդ փուլը  կամփոփվի մայիսի 26-ին ու դրանից հետո մուտք կգործենք 3-րդ փուլ, որը բավականին բարդ, բայց հաճելի ժամանահատված կլինի բոլորիս համար։ Այս պայքարի ավարտը պետք է լինի ճշմարտության հաղթանակը»։

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը, ով նույնպես ներկա էր հանդիպմանը,  times.am-ի հետ զրույցում նշեց՝ հասարակության տարբեր շերտերին կոնսոլիդացնելը շատ բարդ, բայց միևնույն ժամանակ կարևոր քայլ է, որը փորձում է անել Սրբազանը։

«2018-ից հետո առաջին բավականին մարդաշատ հավաքը տեղի ունեցավ   Սրբազանի շնորհիվ։  Սրբազանն ընդունելի է կերպար է, փորձում է համախմբել ժողովրդի տարբեր հատվածների, գործում է բացառապես օրենքի շրջանակում, բայց շատ կարևոր է նաև այն, որ հասարակությունը զգա, տեսնի, որ էմոցիոնալ դաշտից անցնում ենք գործնական քայլերի։ Մարդիկ սպասում են, ակնկալում են նրա թիկունքում տեսնել մաքուր հետագիծ ունեցող, քաղաքական միտք կրող մարդկանց, որոնք հանդես կգան գործողությունների հստակ պլանով։ Շատ կարևոր է, որ Սրբազանի աջի ներքո նրանք հանդես գան քաղաքական խոսույթով, ճանապարհային քարտեզ ներկայացնեն»,-ասաց Կարապետյանը։

Ըստ նրա՝ իմպիչմենտի ու ընդդիմադիրների մանդատները վայր դնելու հետ հույս կապելն անիրատեսական է, ուստի երրորդ՝ այլ քաղաքական լուծում է պետք գտնել․

«Մյուս կողմից էլ՝ Փաշինյանի իշխանության մնալու հարցում կա միջազգային կոնսենսուս, ուստի կարևոր է հասկանալ՝ ինչ օրակարգով հանդես գալ, որպեսզի համաժողովրդական ընդվզումն այն աստիճանի հասնի, որ իշխանության ղեկավարը հրաժարական տա։ Դա շատ կարևոր է, որպեսզի որևէ պարագայում ձեռք բերվածը չմսխվի ու հանկարծ շարժումը չմարի»։

Լեփլեցուն դահլիճում ունեցած հանդիպման վերջում Սրբազանը հայտարարեց, որ մայիսի 26-ին՝ ժամը 16-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մեծ հանրահավաք, որտեղ հանրությանը հուզող մի շարք հարցերի պատասխաններ կտրվեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում